Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականներ. 10 տարի անց

Օգոստոս 05,1999 00:00
paxstakan

10 տարին շա՞տ է, թե՞ քիչ։ Նայած ինչպիսի 10 տարիներ են։ Անտուն, անօթեւան, անաշխատանք ու անհեռանկար մարդու համար 10 տարին հավերժություն է։ Հանրապետությունում (ըստ պաշտոնական տվյալների) 314 հազար փախստական կա։

Պետությունը այս 10 տարվա ընթացքում չի կարողացել լրջորեն զբաղվել փախստականների հիմնախնդիրներով։ Հասկանալի է, որ տուն ու տեղ, անցյալ ու ապրած կյանք կորցրած մարդու համար թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է։ Վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետությունում ավելացել են փախստականներին բնակարաններից վտարելու դեպքերը։ Դատարաններում շատացել են նման գործերը։ Այս գործերի վճիռները մեծ մասամբ կայացվում են ի վնաս փախստականների։

Սա առնվազն տարօրինակ է ու անհասկանալի, քանի որ դեռեւս 1992-ին ՀՀ կառավարության թիվ 588 որոշմամբ արձանագրվում է, որ փախստականներին չեն կարող հանել կացարաններից, մինչեւ այլ բնակարան չհատկացվի։ Կամ այս երկրում հերթական կառավարությունը բանի տեղ չի դնում իր նախորդների որոշումները, կամ էլ՝ պարզապես չեն կարդում, թե ինչ է գրվել իրենցից առաջ։ Ավանի թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոցի հանրակացարանում ապրում են փախստական 14 ընտանիքներ։ Նրանք այստեղ են ապաստանել 1992 թվականից։ Չորս ամիս առաջ այս ընտանիքներին զգուշացվել է, որ հարկավոր է մինչեւ սեպտեմբեր ազատել կացարանները։ Փախստականները եղել են փախստականների վարչության պետի՝ Հովհաննես Ահարոնյանի մոտ։ Վերջինս այցելել է հանրակացարան եւ խոստացել, թե փախստականներին բնակարանով կապահովի։ Դժվար է ասել, թե ինչի վրա հույս դնելով է պրն Ահարոնյանը այդպիսի խոստում տվել։ Վերջերս փախստականները կրկին են այցելել վարչություն, սակայն այստեղ նոր պետի սպասումներով տարված, նրանց ոչ ոք ոչինչ չի պատասխանել։ Հրանուշ Ադիցանը նույնպես ապրում է վերոհիշյալ հանրակացարանում։ 1989-ին Բաքվից նա մի կերպ փախել է Ստեփանակերտ։ Այստեղ, կարկուտը ծեծած տեղն է ծեծում սկզբունքով, ռմբակոծվել է նաեւ այն շենքը, որտեղ ապաստանել էր տիկին Հրանուշը՝ դստեր հետ։ Մայր ու աղջիկ ստիպված բռնում են Հայաստանի ճանապարհը։ Պետական որեւէ նպաստ, ֆինանսական կամ այլ կարգի աջակցություն նրանք չեն ստանում, մոռացվում է, որ նրանք փախել են Բաքվից։ Համառորեն հիշվում է, որ Երեւան են եկել Ստեփանակերտից։

Տիկին Հրանուշն այցելել էր խմբագրություն որեւէ օգնության ակնկալիքով։ Մենք նրան եւ բոլոր 14 ընտանիքներին խոստացանք, որ որեւէ մեկը իրավունք չունի նրանց իրենց կացարաններից դուրս հանել։ Եթե փախստականների վարչությունն ի զորու չէ օգնելու, ապա պարտավոր է բնարականով ապահովել այն կազմակերպությունը, որը շահագրգռված է հանրակացարանով։ «Առավոտը» պատրաստ է հետեւողականորեն պաշտպանել փախստականների շահերը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031