Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՆՏԵՐ, ԱՆՔԱՂԱՔԱՊԵՏ ԻՄ ՔԱՂԱՔ

Օգոստոս 05,1999 00:00
jur

Չորս օր է, կամ՝ միգուցե արդեն հինգ, որ Բանգլադեշում ջուր չկա։ Միջազգայնագետներն անմիջապես կհերքեն, թե նման բան չկա։ Նրանց հետ, իհարկե, վիճելը դժվար չէ։ Այդ գիտուններին ոչ թե քարտեզը ցույց կտաս, այլ կբացատրես, որ խոսքը Հարավ-արեւմտյան թաղամասի մասին է եւ ոչ թե Հնդկաստանի հարեւանի։

Այնպես որ, միջազգայնագետների բանը հեշտ է։ Դժվար է ժեկերի պետերի հետ, որոնց դեպքում առանձին-առանձին պիտի վիճես յուրաքանչյուր շենքի ու մուտքի, մինչեւիսկ հարկի համար։ Ինքը պիտի ասի՝ կա ջուր, եղել է, որովհետեւ գալու է նոր քաղաքապետը եւ ասելու է՝ թե վարչապետը հրահանգել է բնակչությունից հավաքել բոլոր պարտքերը։

Իսկ հիմա, քանի դեռ քաղաքապետ չկա, ջուր էլ չկա Բանգլադեշում՝ շենքերի մի մասում գոնե։ Իսկ եթե կա էլ՝ միայն առաջին հարկերում։

Դե ջուրն այսօր հեչ չես համարի, որովհետեւ այնպես չէ, որ ջուր չկա ու վերջ։ Ախր եղել է։ Բայց երաշխիք չկա, որ կլինի, անգամ եթե քաղաքապետ լինի։ Մյուս երաշխիքն, իհարկե, կա, որ քաղաքապետ կլինի։ Հետո՞ ինչ։ Ջուր չկա Բանգլադեշում։ «Բայց դա հարցի մի կողմն է»,- մեր թղթակիցներից մեկի պապն էր սիրում ասել։

Քաղաքապետ էլ լինի՝ երաշխիք չկա, որ շոգ չի լինի ու ջուր կլինի։ Իսկ հակառակի երաշխիքը կա՝ ջուր չի լինի՝ անգամ մամուլի տանը, բայց շոգ կլինի, հետո էլ՝ քաղաքապետ։

Օպերայի գլխի ժամաջերմաստիճանային ցուցանակն էլ է շոգից շշկռվել։ Ինչ-որ անկապ լույսեր են վառվում, որ չես էլ հասկանում՝ երբ է ժամը ցույց տալիս, երբ՝ ջերմաստիճանը։ Ցուցանակն իր գոյության կոմունիստական տարիներից ի վեր, ինչպես հայտնի է՝ 40-ի սահմանը չի անցել։ Չի էլ անցնելու՝ կամ փչանալու է կամ էլ շշկռվելու, մինչեւ մի նոր քաղաքապետ նշանակեն ու նա էլ ծարաված ջերմաժամային ցուցանակի առջեւ տանի մի երկու դույլ ջուր կդնի, որ էդ անտեր մնացած մեխանիզմը էս շոգերին մի կերպ հով առնելու կամ հովանալու հնար ունենա ու սկսի ճիշտ աշխատել։ Չէ, էս անտեր, անքաղաքապետ քաղաքում էլ աշխատող բան չի մնացել՝ քաղաքապետարանից սկսած։ Ասել են՝ որոշում չենք ընդունում։ Այ, կնշանակվի նոր վարչապետ, ու նա էլ իր քաղաքապետին հետը կբերի։ Թե չէ էս վարչապետից հույս չկա, որ մի օր քաղաքապետ կնշանակի։ Դե, մենք էլ աշխատում ենք՝ փող է՝ ստանում ենք, տալիս ենք, առնում ենք, բայց որոշում ընդունողը չենք… թող քաղաքապետը ինքը գա՝ ջրի հարցն էլ լուծի, օպերայի ցուցանակինն էլ (եթե լուծելու է), շոգերն էլ թուլացնի (եթե ուզում է), ավտոստայանկաներն էլ (հին հայերենում դրանք ավտոկանգառներ են կոչվել) դարձնի անվճար՝ եթե թույլ տան։

Չէ, էդ մեկը թույլ չեն տա։ Ով չգիտի, որ ստայանկեքի մաֆիան «Կոկա-կոլա բոթլըրս»-ից ուժեղ է։ Ճիշտ է, ոչ ոք չի էլ կասկածում, որ էս ջրի գործի մեջ էդ «Կոկա-կոլան» իր մասն ունի՝ ջուր շատ է օգտագործվում՝ համ էլ հարեւան շենքերի բնակիչները խմելու ջրով այգիներն են խնամում, բայց էդ լուծվող հարց է։ Իսկ էս ստայանկաների հարցը, մինչեւ ձմեռը չգա, քաղաքապետն էլ վարչապետի ձեռքը բռնած գա, չի լուծվի, որովհետեւ՝ այսպես աշխատատեղերի հարց է լուծվում։ Ով մի կարմիր թեւկապ է ճարում, կամ «Երեւան-սերվիսի» մի բաճկոնակ, որ գարնանը հագնում են հողագործական աշխատանք կատարելիս, կանգնում է օպերայի շենքի կողքի մայթերից մեկին ու կայանող մեքենաներից փող հավաքում։ Էդ ինչի՞. չլինի՞ ժողովուրդը հարստացել ա, ու «ջան» մակդիրով մեր գործընկերն էլ արդեն լավ ա ապրում։ Թե՝ ուրիշ բան կա։ Մի դեսը լսեք՝ էդ որ գաիշչնիկները տեխասմոտր են ասում, առանց իմանալու, որ էդ բառի առաջին Ա-ն էլի Օ է, անցել ենք, չէ՞։ Բա էդ ժամանակ փողոցով երթեւեկելու ու փողոցների խնամքի համար որ վճարել ենք, կարող ա՞ էս «Երեւան-սերվիսին» չի հասել։ Կարող ա չի հասել։ Ասում են՝ բյուջեում փող չկա։ Էդ պատճառով էլ էս թեւկապավորները ասֆալտին կանգնել են՝ ոչ մի ծառայության համար 100-200 դրամ են հավաքում, որ տանեն մեր խեղճուկրակ բյուջեն լցնեն։ Թե չէ էդ բյուջեն բենզինի ու ծխախոտի ակցիզով լցվողը չի…

Լավ, էս ամեն ինչը՝ հեչ։ Քանի դեռ քաղաքապետ չունենք, թող գոնե աղբը տանեն, թե չէ էս շոգին գարշահոտությանը հեչ դիմանալ չի լինի։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031