ՀԱՆՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇԱՀԵՐԻ Քննական էսքիզներ Միամտություն կլինի հավատալ, որ նման ճակատագրական պահի, երբ որոշվում են բուհերում տեղ զբաղեցնելիք երջանիկները, վերջիններիս ծնողները, հատկապես պաշտոն, դիրք ու էլի ինչ-որ առավելություն ունեցողները, ձեռքները ծալած կնստեն։ Ու ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանն էլ, խիստ մտահոգ արդար քննությունների անցկացմամբ, երկու օր առաջ որոշել էր դիտորդի համեստ կարգավիճակով հետեւել անգլերեն լեզվի գրավոր քննությանը՝ այն արդարացմամբ, որ հենց այդ հանձնաժողովից էին ամենաշատ բողոքները։ Նույնիսկ հասցրել էր իր տպավորությունները կիսել լրագրողների հետ եւ մասնավորապես «Ար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վստահեցրեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում։ Բայց պարոն Մանուկյանը մոռացավ մի փոքրիկ հավելում անել՝ չխոստովանելով, որ ինքն էլ է երկու դիմորդի ծնող ու նույնպես բողոք ունի հենց այդ հանձնաժողովից։ Ընդ որում՝ գնահատական փոխելու հարցում անզիջում այս հանձնաժողովը մեծահոգաբար բավարարել է ԱԺ պատգամավորի բողոքարկումը եւ նրա զավակի գնահատականը մեկ բալով բարձրացրել։ Երեկվա մեր հեռախոսազրույցում չժխտելով այս ամենը՝ պարոն Մանուկյանը, չգիտես ինչու, համոզում էր չգրել այդ մասին, հետո էլ պարտադրեց, որ եթե նույնիսկ գրեմ էլ, ապա միայն այն, որ ինքը ոչ մի վատ բան իր դիտորդական առաքելության ժամանակ չի նկատել։ Դե ոնց չհարգես մարդու խնդրանքը, հո իր շահերից ելնելո՞վ չի գնացել քննություններին հետեւելու, այլ հանուն բոլոր-բոլոր դիմորդների ու ընդհանրապես՝ հասարակության։ Ով ում բռնացրեց Վերջերս գանգատարկման արդյունքում գնահատականի մի աննախադեպ բարձրացում է արձանագրվել՝ 7 միավորից՝ 18 միավոր։ Նման «շռայլություն» իրեն թույլ է տվել մաթեմատիկայի առարկայական հանձնաժողովը։ Ընդ որում՝ աշխատանքը ստուգած անկախ մասնագետը գտնում է, որ իրականում այն 20 միավորի է արժանի։ Ցնցող է հանձնաժողովի արդարացումը, ըստ որի աշխատանքը անբավարար է նշանակվել, քանի որ ձեռագրերի տարբերություն են նկատել ու մտածել, որ աշխատանքը դիմորդը չի գրել։ Իբր թե ցանկացել են բռնացնել դիմորդին, երբ կփորձի բողոքարկել, բայց դիմորդն է նրանց «բռնացրել»՝ ապացուցելով իր գերազանց գիտելիքներն այս առարկայից ու հասնելով իր գնահատականի բարձրացմանը։ Այս մասին ավելի մանրամասն՝ առաջիկա համարներից մեկում։ Ն. Հ.