Հնարավոր է եւ հայրենիքը
«Հայրենասերների խումբը, որոնց համար հայրենիքի ճակատագիրը միեւնույն չէ, այսուհետ իրեն իրավունք է վերապահում հայտարարել սառը պատերազմ Ամերիկային։ Այդ պատերազմում կրակոցները կլինեն բացահայտող հոդվածներն ու արխիվային փաստաթղթերի հրապարակումները։ Մենք 7899 հոգի ենք աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում եւ Ամերիկայում։ Մեր հիմնական գաղափարախոսությունը սա է՝ ԱՄՆ-ն մարդկության քաղցկեղն է, որից ամեն գնով պետք է ազատել մարդկությանը»։ Այս խոստումնալից նախաբանով նամակը «Առավոտի» խմբագրություն է ուղարկել «Ագենտ Բանզայ-Մալդեր» ստորագրությամբ, ֆանտաստիկ երեւակայությամբ եւ հավանաբար 007 գործակալ Ջեյմս Բոնդին կուռք համարող մեկը։
Սույն հարգարժան գործակալը նամակով մեր ներկա եւ անցյալ քաղաքական գործիչներին սպառնում է հրապարակել նրանց կենսագրությունների մութ էջերը, պատմել, թե նրանցից ովքեր են թմրամոլ եւ հոգեկան անհավասարակշիռ վիճակում։ Մինչ այդ «մերկացումները», սակայն, պրն Բանզայ-Մալդերը նրանց տալիս է վերջին հնարավորություն. «մեր պահանջներն են՝ սեփական ազգի ցեղասպանությանը մասնակից բոլոր պաշտոնատար անձանց հրաժարականը, արտասահմանյան բոլոր գործակալներին «պերսոնա նոն գրանտա» հռչակումը, դիմումը ՄԱԿ-ին, որ նա Հայաստանին ցույց տա էկոլոգիական աջակցություն եւ այլն։ Պրն գործակալին պետք է հիասթափեցնենք՝ ոչ մի քաղաքական գործիչ իրեն «ցեղասպանության մասնակից» չի համարում։ Շարունակությունն առավել հետաքրքիր է. «Սույն հրապարակումից 24 ժամ հետո եթե մեր պահանջները չբավարարվեն, մենք բոլորի դիմակները պատռող հրապարակումներով հանդես կգանք»։ Նման պարագայում չէինք կարող հիասթափեցնել պարոն Բանզայ-Մալդերին եւ չհրապարակել նրա նամակը՝ զրկելով մեր սիրելի գործակալին իր հոդվածներով քաղաքական գործիչների դիմակները պատռելու հաճույքից։ «Մենք,- շարունակում է պրն Բանզայը,- ի տարբերություն «հանուն ժողովրդի երջանկության» պայքարողներ հայրիկյանների, մանուչարյանների, սադոյանների, վարդանյանների եւ մյուսների՝ միմյանց հետ կապված չենք ընդհանուր մեղքերով։ Մենք ոչինչ չունենք կորցնելու (անգամ շղթանե՞ր -Լ. Ա.), մենք պահանջում ենք միայն հայրենիքի փրկություն եւ արդարություն»։
Սիրելի պրն գործակալ, դուք հավանաբար չգիտեք, թե ինչ ռիսկի եք ենթարկում Ձեզ՝ անվանարկելով Արշակ Սադոյանին։ Հավատացեք, որ նա ո՛չ միայն չի բավարարվի ձեզ բացահայտելով եւ դատի տալով, այլ կհասնի նրան, որ ձեզ, հարգելի պրն Բանզայ, «նստեցնեն»։ Մի՛ վտանգեք ձեր քաջությունը, սա այն դեպքը չէ։
Կարդացեք նաև
Իր նամակում խիզախ գործակալը՝ մերկապարանոց չլինելու համար, բերել է կոնկրետ օրինակ։ «Եվ այսպես՝ հարված առաջին։ Հեռավոր 1995 թվականին դեռեւս գոյություն ուներ Հայաստանում գործող բոլոր միջազգային կազմակերպությունների աշխատանքը կոորդինացնող «PEDIA» կազմակերպությունը։ Այսպես, ուրեմն, կազմակերպության ղեկավար Դոնալդ Հարդը, որի իսկական անունը մեր գործակալին հայտնի է, իր հերթին Կենտրոնական հետախուզական վարչության (ЦРУ) գործակալ էր։ Հայկական հակահետախուզական ծառայությունը Դոնալդ Հարդին ստիպեց լքել մեր հայրենիքը («որի համար ծառայությանը իմ շնորհակալությունը»- Բանզայ)։ «Բայց նա նորից այստեղ է, նա մեր ֆինանսական որոշ գործերի խորհրդատուն է եւ իրեն հիանալի է զգում։ Միստր Հարդ, պետք է կարողանալ պարտվել»։ Վերջում, պրն Բանզայը սիրալիր իրեն համարում է «Առավոտի» սուպեր-գործակալը։ Դարձյալ Ձեզ ենք դիմում, սիրելի սուպեր-գործակալ, մինչ մեր պաշտոնյաների հետ «մարտի» մտնելը, լավ կշռադատեք Ձեր գործողությունները։ Դուք բավական միամիտ եւ ռոմանտիկ եք գործակալ լինելու եւ նրանց հախից գալու համար։
Ավելի շատ հիշեցնում եք Յուրի Դետոչկինին, հիշո՞ւմ եք «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմը։
Անկեղծորեն Ձեր քաջության եւ երեւակայության երկրպագու
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ