Երկու հարց նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանին
-Սահմանադրության բարեփոխման հարցում արդեն մի քանի հակասություններ են նկատելի ՀՀ նախագահի եւ «Միասնություն» դաշինքի միջեւ։ Օրինակ՝ երկքաղաքացիության, խորհրդարանը լուծարելու իրավասության հարցերի շուրջ արդեն առկա են տարաձայնություններ, ինչպե՞ս են կարգավորվելու դրանք։
– ՀՀ նախագահը դեռեւս տեղյակ չէ «Միասնություն» դաշինքի պաշտոնական արձագանքին՝ այն առաջարկներին, որոնց մշակումով դեռեւս զբաղվում է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ եւ հրամանագրով ստեղծված համապատասխան հանձնաժողովը։ ՀՀ նախագահը գտնում է, որ Սահմանադրության որոշ դրույթներ կարիք ունեն բարեփոխման, իշխանության տարբեր ճյուղերի միջեւ լիազորությունների սահմանները ենթակա են ճշգրտման։ Մշակված առաջարկությունների փաթեթը կներկայացվի ԱԺ՝ քննարկման եւ հանրաքվեի դրվելու համար։ Միանշանակ է, որ այսպիսի խիստ կարեւոր նախաձեռնության իրականացումը կախված է ՀՀ նախագահի եւ ԱԺ-ի համագործակցությունից եւ առանց դրա չի կարող իրականանալ։
– Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում այլեւս չկան կուսակցական գործիչներ, լուծարվեց Քաղաքական խորհուրդը, այլեւս չկա ՀՀ նախագահի նախկին խորհրդականին կից արտաքին քաղաքականության խորհուրդը, չկան նախագահի կուսակցական գործիչ խորհրդականները։ Արդյոք այս ամենը չի՞ նշանակում, որ նախագահի եւ կուսակցությունների միջեւ կանոնակարգված շփումները փաստորեն դադարեցին։
Կարդացեք նաև
– Չպետք է մոռանալ Ձեր նշած մարմինների եւ պաշտոնների ստեղծման նախապատմությունը։ Երբ Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց ՀՀ նախագահ, հասարակության մեջ եւ քաղաքական կուսակցությունների շրջանում կար այն կարծիքը, որ այդ ժամանակ գործող ԱԺ-ն չէր արտացոլում հասարակության մեջ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը, եւ մասնավորապես Քաղաքական խորհուրդը ստեղծվեց տարբեր կուսակցությունների առաջարկությամբ, ՀՀ նախագահի խորհրդականներ նշանակվեցին տարբեր կուսակցությունների առաջնորդներ՝ վկայելով տարբեր ուժերի կարծիքը լսելու ՀՀ նախագահի պատրաստակամությունը։ Սակայն 1999 թ. տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում որեւէ կուսակցության, ինչպես նաեւ անհատի համար ընտրություններին մասնակցելու որեւէ արգելք կամ խոչընդոտ չի հարուցվել, եւ այժմ խորհրդարանում ներկայացված են այն քաղաքական կուսակցությունները, որոնք կարողացան շահել ժողովրդի քվեն։ Բնական է, որ այժմ ՀՀ նախագահը կուսակցությունների հետ կանոնակարգված շփումներ է ունենում խորհրդարանի միջոցով։ Սա, իհարկե, չի նշանակում, թե բացառվում են շփումները ԱԺ-ում չներկայացված կուսակցությունների հետ, եւ եթե այդպիսիք հանդես գան համագործակցության կոնկրետ առաջարկներով, դրանք անպայման կքննարկվեն։
Հարցերը՝
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ