Լրագրող Աննա Իսրայելյանի անմեղ հարցերին իմ նույնքան անմեղ պատասխաններն անմեղ հետեւանքներ ունեցան։ «Առավոտում» տպված այդ հարցազրույցից առաջ ամեն շաբաթ-կիրակի մեզ էքսկուրսիա էին տանում, խորովածով, դհոլ-զուռնով՝ մի անգամ Հաղարծին, մյուս անգամ Գառնի-Գեղարդ, շաբաթը մի անգամ էլ Սեւանում լողանալն էր պարտադիր։ Հիմա խիստ է։
Մենք էլ մեր կամերի պատին Հայաստանի քարտեզն ենք փակցրել ու անարգել ամեն օր ճամփորդում ենք՝ չնկատելով թե ինչպես ենք կտրում-անցնում Ղարաբաղի հանրապետության սահմանը։ Էդ հարցազրույցից հետո մեզ զրկեցին ֆիննական բաղնիքից, ֆիրմա գարեջրից ու գյոզալներից։ Մենք էլ կամերում օրը 3-4 անգամ մարզվում ենք ու սառը ջրով լոգանքներ ընդունում։ Իսկ աղջիկները… քանի «Արմենիկումը» միջազգային ճանաչում չի ստացել, թող սպասեն։
Իմ կալանքը եւս երկու ամսով երկարացրին՝ նորից առանց ինձ նեղություն տալու։ Չէ Բլե՛յան, ասում են տղաները, համ ամոթ ունեն քննիչ-դատավորները՝ ամաչում են աչքերիդ նայեն, համ էլ վախենում են… ռեյտինգդ բարձրանում է։ Իսկ փարիզյան «Լը մոնդի» իմ մասին հրապարակումից հետո, այստեղ սկսել են խոսել, որ Բլեյանի կալանավորումն ու քրեական գործը Հայաստանի ԿԳԲ-ի ձեռի գործն է։ «Նոր ուղու» գաղափարների քաղաքական ռեաբիլիտացիան է սկսվել…
Էս երկու ամիսը իմ սրտով էր՝ գիրքս կիսատ չի մնա, անգլերենի յուրացումն էլ վերջապես ավարտին կհասցնեմ։ Աղասին հիմա կասի՝ տեսա՞ք, որ ասում էի կփախչի՜։ Ինկվիզիցայի մեր օրերի ներկայացուցիչ Աղասի Արշակյանը ինձ արտասահմանի ճամփեն է ցույց տալիս, երբ ես էս սահմանում հազիվ եմ դիմանում։ Չեմ գնացել ու չեմ գնա, Աղասի «հայրենի փուշն անուշ է, քանց օտար վարդը»։ Բետոնե պատերով, ճաղապատ փոքրիկ պատուհանով, մետաղե մեծ դռնով իմ նեղլիկ խուցն այսօր չեմ փոխի անծայրածիր ու ազատ ամերիկաների հետ։ Ուրիշ մի զոհի իրավունքների պաշտպանությամբ զբաղվի, Աղասի։
Կարդացեք նաև
Զոհ ասի՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը միտս եկավ։ էս 013 խցում, ժամանակին ընկեր Արմեն Ռուստամյանն է նստել՝ հսկիչները կարոտով են հիշում։ Պարզվում է՝ իրավապահը մինչեւ վերջ չի հասկացել 1998-ի հոկտեմբերի հայտնի միտինգում Վահան Հովհաննիսյանի տված պատվերը։ Էլ միլիոնների մասին չի խոսում ընկեր Վահանը, այլ գտնում է, որ իմ մեղադրականում պետք է հենց այդպես էլ գրված լինի՝ սերնդին բլեյանական մանկավարժությամբ փչացնելու համար։ Բայց դե ինչ անի իրավապահը՝ մեզանում քաղբանտարկյալներ չկան…
Կամերի տղաներն այդպես էլ չհասկացան՝ «էդ ո՞նց է, որ Բլեյանի դպրոցն ու մանկավարժությունը մերժում է համ ազգայնամոլ ընկեր Վահանը, համ էլ վերազգային Աշոտ Մանուչարյանը»։ Իսկ իմ դպրոցն այստեղ հարգում են, բերդի պատերի տակ ո՞վ էր էսքան աշակերտ ու ուսուցիչ տեսել, ո՞վ էր բերդում էսքան նամակ ու ծաղիկ ստացել (մի մասն, իհարկե, էդպես էլ ինձ չհասան)։ Ասում են՝ արժեքավոր գործ ես արել մանկավարժության մեջ, երկրորդ այդպիսի կոլեկտիվ հանրապետությունում չկա։
Տղաների վրա իմ ազդեցությունը բարերար է՝ ավելի լավատես ու ինքնավստահ են դարձել։ Վանոն (չշփոթել Սիրադեղյանի հետ՝ 90-ի 4-րդով է գնում ու Դավթյան է) ավարտեց քրեական դատավարության հին ու նոր օրենսգրքի տեքստաբանական համեմատությունը, որը նորի օգտին չէ։ Նա փաստարկված պնդում է, որ հնի շարադրանքի մեջ ջուրն ու անորոշությունը քիչ է՝ հակասություններ չկան։ Նոր քրեադատավարականը գրված է այնպես, որ «Նաջարյանը ոչինչ չմերժի, բայց եւ չտա»։ Վանոն ոչ մի կերպ չի հասկանում, թե ինչու պիտի պատասխան տա «Ռոսվնեշտորգի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավարի՝ սպիտակցի Նորիկ Մուրադյանի ու նրա ստեղծած բլեֆ կազմակերպությունների յուրացրած միլիոնների համար։ Թե ինչու պիտի ՀՀ գլխավոր դատախազությունը դառնա 6-րդ վարչության նախկին պետ Լյուդվիգ Սարգսյանի կամակատարը։ Կամերի իմ մյուս ընկերը, որը գերադասեց մինչեւ իր դատավճիռը անհայտ մնալ, ավարտեց «Նոր ուղու» քաղաքական ծրագրի ծանոթացումը։ Ասում է՝ ես չգիտեի, որ սա է «Նոր ուղին», ինձ ուրիշ բան էին ասել։ Մյուս ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի համար լցրած 700 ձայնը իմն են։
Նստած խելք-խելքի ենք տալիս, թե ինչ մեղք վերցնեմ վրաս։ Տղաները համոզված են, որ այսքան աղմուկից հետո մի հոդված դատարանով պիտի կպցնեն, թե չէ քանի մարդ պիտի պատասխան տա։ Ես կտրականապես դեմ եմ ինձ ներկայացված չորս մեղադրանքներն ընդունելուն, համաձայն եմ ցանկացած ուրիշ հանցանքի խոստովանության։ Թե՜ Արծրուն Մարգարյանի գործը վերցնեմ վրաս… Բայց ոնց-որ թե ուշ է՝ քանի ամիս տասնյակ էքսպերտներ, ասում են, արդեն ապացուցել են, որ ինքնասպանություն է։ Խորխոռունու, Հենրիկ Խաչատրյանի ու Արամ Կարապետյանի գործերը շատ են յուղոտ՝ թող մնա այսօրվա իշխանավորներից մեկին վաղվա իշխանափոխությունից հետո մեղադրելու համար… Մնաց բյուջեի այս տարվա 20, թե 40 մլրդ դրամի ճեղքվածքը։ Բայց էդ ճեղքվածքը փակելու համար դեռ շատ մարդիկ կգան մեկուսարան։ Մավրիկ Ավետիսյանի «գործն» էլ իմ համար չէ՝ հրես «Բազալտի» գործարանի խորհրդի նախագահը կողքս նստած…
Գուցե հանրապետության ուսուցիչների աշխատավարձի չվճարման գործը վերցնեմ։ Ասենք այսպես, ես ու իմ կրթահամալիրը ձեւավորելով մի «Դրո» (կամ «Բլե») կառույց ու մի նոր բանդա, այնքան ենք կերել բյուջեն, որ ահա փող չկա՝ ոչ ապրիլ-հունիսն են վճարել, ոչ էլ արձակուրդայինը։ Բայց սա էլ, լսել եմ, պահել են նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի համար։
Մնաց մի հաստատ գործ՝ Բաքվի գործը։ Հա, ախպեր, խոստովանում եմ՝ 1992-ի նոյեմբերին առաջնորդվելով «Նոր ուղի» կուսակցության կեղծ ու ապօրինի գաղափարախոսությամբ գնացել եմ Բաքու՝ Ղարաբաղը «տենեվոյ» հանձնելու Ադրբեջանին։ Ինչ արել եմ՝ մենակ եմ արել, Արմեն Տեր-Սահակյանի բանդան ու ՀՀՇ-ն այս հանցագործության հետ կապ չունեն։
ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ
Երեւանի թիվ 1 քննչական մեկուսարան,
013 խուց
աշ25.07.99
Ի դեպ, որքան հիշում ենք, Վահան Հովհաննիսյանն էլ մեկուսարանում կատարելագործեց իր անգլերենը։