Նախընտրական շրջանում իր բարեգործությունները, իր նկատմամբ ժողովրդի, հատկապես՝ մտավորականության, սերն ու նվիրվածությունը ներկայացնելու Էջմիածնի հեղինակություն Ճոյտ Հակոբի (այժմ արդեն՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյան) հրավերով այցելել էի «Զվարթնոց» ռեստորանային-ժամանցային համալիր։ Էջմիածնի ամբողջ մտավորականության սերն առ բարեգործ ներկայացնելու պատիվը տրված էր Էջմիածնում շարժման առաջամարտիկ, հանրակրթական քոլեջի տնօրեն Համլետ Նահատակյանին։ Պարոն Նահատակյանը վառ գույներով ներկայացրեց Հակոբի կենսագրության մանրամասները, որ՝ նա դուրս է եկել ժողովրդի ծոցից եւ իր ամբողջ եռանդն ու միջոցները ծառայեցնում է հանուն այդ ժողովրդի, եւ ժողովուրդն էլ համապատասխան գորովանքով պետք է վերաբերվի իր բարեգործին։ Որպես մտավորականության նկատմամբ բարեգործության ամենաակնառու օրինակ, ինձ ցուցադրվեց Համլետ Նահատակյանի ղեկավարած քոլեջի ուսումնական կոլեկտիվի համար «Զվարթնոց» ռեստորանային համալիրում կազմակերպված մարտի 8-յան խնջույքի տեսագրությունը։
Ճոյտ Հակոբի արժանիքները ներկայացնելու եւ «Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանին համոզելու նպատակով, որ տպագրվեն միայն փառաբանող ներբողներ, Համլետ Նահատակյանն այցելեց խմբագրություն։ Այլայլված դուրս գալով խմբագրի աշխատասենյակից, Համլետ Նահատակյանն ասաց. «Ես մեծ համակրանք ունեի Արամ Աբրահամյանի նկատմամբ, բայց այս խոսակցությունից հետո փոխեցի կարծիքս։ Նա ասում է, որ մտավորականը չպետք է կցված լինի ինչ-որ հեղինակության կերակրատաշտի եզրին եւ զբաղվի նրա գովերգությամբ։ Ինչպես կարելի է առանց այդ մեծ մարդուն ճանաչելու, այդպես արտահայտվել»։
Երեկ պարոն Նահատակյանը կրկին մեր խմբագրությունում էր։ Իմ «Ինչպե՞ս է մեծ բարեգործը» հարցից պարոն Նահատակյանը շատ խեղճացավ. «Դե ինչպես կարող է լինել այդ մակարդակի տեր մարդը»։ «Չե՞ք հիշում, թե երեք ամիս առաջ ինչպես էիք խոսում նրա մասին» հարցին էլ պատասխանեց. «Մտավորականությանը հեշտ է խաբել»։ Կարծում եմ, որ պարոն Նահատակյանը կցանկանար անվերջ խաբված մնալ, սակայն այսօր չկան խաբողներ։ Դրա համար անհրաժեշտ է առնվազն 4 տարի սպասել։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ