Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՄԻԱՍՆԱԿԱՆ- ՑԵՂԱՊԱՇՏԱԿԱՆ-ԱԶԳԱՅԻՆ- ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

Օգոստոս 05,1999 00:00
Toto

Այսպես կարելի է ամփոփել Հայաստանում գրանցված 85 կուսակցությունների անվանումները

Հայաստանում պաշտոնական տվյալներով ապրում է 3, իսկ անպաշտոն տեղեկություններով՝ 2 միլիոն մարդ: Փոխարենը մեր երկրում գրանցված է 85 կուսակցություն: Դրանց ցուցակը մեզ սիրալիր ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Ըստ այդ ցուցակի, առաջինը 91 թվականի մայիսի 14-ին գրանցվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, իսկ վերջինը՝ 99 թվականի հունիսի 21-ին «Միացյալ Հայաստան» կուսակցությունը:

Առաջին բանը, որ աչքի է զարնում ցուցակն ուսումնասիրելիս, անունների փաստացի կրկնությունն է: Կա Հայասատանի ռադիկալների կուսակցություն եւ կա Հայաստանի արմատական կուսակցություն, Հայաստանի ցեղապաշտական կուսակցություն, Նժդեհյան ցեղակրոն կուսակցություն, ինչպես նաեւ՝ Հայ արիական-ցեղապաշտական կուսակցություն, ինչից անտեղյակ օտարերկրացին կարող է եզրակացնել, որ մեր հասարակության մեջ չափազանց տարածված են ռասիստական տրամադրությունները: Պետրոս Քացախյանի՝ թղթի վրա գոյատեւող Ժողովրդական կուսակցության կողքին իշխանական կարկանդակի համար մարտերում պառակտվում է Կարեն Դեմիրճյանի Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Էլ չենք խոսում «հայրենիք» եւ «ազգային»՝ նորմալ մարդու համար նվիրական, բայց քաղաքականության մեջ վարկաբեկված բառերի մասին, որոնք առկա են 85 կուսակցությունների անվանումներից ուղիղ կեսում: Օրինակ, նախավերջինը, 84-րդը գրանցվել է «Ազգային շահերի նվիրյալներ» համեստ անունը կրող մի կուսակցություն:

Եթե կարծում եք, որ ջավախքցիների կամ կիրովաբադցիների հայրենակցական կուսակցությունները քաղաքական մոդայի վերջին ճիչն են, ապա սխալվում եք: 93 թվականի մարտին գրանցվել է «Դիլիջանի ժողովրդավարական ուժեր» միությունը: Ի տարբերություն «համազգային կոնգրեսի» կամ «համընդհանուր բարեկեցության», նպատակն այստեղ բավականին նեղ է. ժողովրդավարություն կառուցել մեկ առանձին վերցրած գավառական քաղաքում: Բայց հետաքրքիր է, որ դիլիջանյան ժողովրդավարների շտաբ-կայանը, ըստ Արդարադատության նախարարության, գտնվում է Երեւանում, Մյասնիկյան 66 հասցեով: Իսկ ահա Հայաստանի թագավորական կուսակցությունը, որի ղեկավարն է Արգիշտի Տիգրանի Պետրոսյանը /ըստ տրամաբանության, նրա ազգանունը պետք է լիներ «Տրդատյան»/, գրանցված է Ապարանում: Ապարանցիների թագավորական ամբիցիաների մասին կարող էի լուրջ վերլուծություն գրել, եթե վստահ չլինեի, որ «Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն, իմ բարեկամ Վրեժ Մարկոսյանը վաղը խմբագրություն չի ուղարկի իր վրդովված հայրենակիցների մի մեծ պատվիրակություն:

Կուսակցության ամենաէկզոտիկ եւ հայոց լեզվի կանոններին չհամապատասխանող անուն է «Բնության զարթոնք մշակ» կուսակցությունը, որի պաշտոնական հասցեն է՝ քաղաք Մասիս, արդյունաբերական հանգույց: Իսկ ամենաերկարաշունչ եւ փոքր-ինչ անհասկանալի անվանումն ունի «Հոգեւոր վերելքի եւ տնտեսական ազատության «Հովետա» դաշինք» հասարակական-քաղաքական կազմակերպությունը: Հունահռոմեական ոճի դիցաբանության մեծ մասնագետ Արմեն Շեկոյանը նույնիսկ չկարողացավ բացատրել, թե հատկապես որ բնագավառի աստվածուհին է այդ «Հովետա» կոչեցյալը: Հետո ենթադրեցինք, որ, այնուամենայնիվ, պարզ հապավում է:

Երեւի նկատեցիք, որ այս տարիների ընթացքում «Հովետան» իշխանության չի եկել: Եվ հակառակը՝ Հայաստանում մշտապես իշխանության գլուխ էր /եւ է/ «Հովակա» /հոգեւոր վայրէջքի եւ կլանային ազատության/ ֆիդայա-ոստիկանական դաշինքը: Պարզապես այդ կուսակցությունն իր ճիշտ անունով չի կոչվում եւ ժամանակ առ ժամանակ փոխում է անվանումը՝ «ՀՀՇ», «Երկրապահ», «Միասնություն»: Մնացած կուսակցությունները հենց այնպես՝ դեմոկրատական շղարշի համար են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արամ says:

    Հայաստանում բազում անհատներ և կազմակերպություններ կան, որոնք կրողն են Հայոց միապետական ավանդույթների և արժեքների, իսկ ինչն է զարմանալի չի կարող 21 դարում հայաստանը լինի թագավորություն և արդյոք կա դրան խանգարող հանգամանք՝ այո կա դա ստրկական կոմունիզմի դրսևորումներ են մեր խավարամիտ հասարակության մեջ: Զարգացած եվրոպայի ամենազրագացած երկրները միապետական են ….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031