Շատ լրագրողներ էին փորձել ԼՂՀ ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանից՝ մինչեւ նրա պաշտոնանկությունը, եւ մերժում ստացել։ Այդ պաշտոնում այժմ Սեյրան Օհանյանի նշանակումից հետո «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի դիմումը դարձյալ ապարդյուն է եղել, բայց այս անգամ Սամվել Բաբայանն իր օգնականի միջոցով նաեւ իր մերժումն այսպես է հիմնավորել. «Բանակը քաղաքականությամբ չի զբաղվում»։
ԱՅՍՏԵՂ ՆՈ՞ՒՅՆՊԵՍ «ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ»
Ըստ անգլերենի բանավոր քննությունն ընդունող հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրների, շուրջ 100 դիմորդի ծնող մտադիր է դատի տալ գնահատական նշանակող այդ մարմնին։ Բանն այն է, որ փաստարկում են, թե հանձնաժողովը նույն սխալների նկատմամբ «կրկնակի ստանդարտներ» է կիրառում։
Կարդացեք նաև
Կարդացեք նաեւ էջ 8։
ԱՌԱՆՑ ԲՈՒՌՆԱՇԻ՞
Ըստ որոշ տեղեկությունների, Աջափնյակի չկայացած թաղապետ Արծրուն Խաչատրյանն իր մերձավորների շրջապատում հայտարարել է, թե անպայմանորեն նորից առաջադրվելու է թաղապետի թեկնածու։ Նույն աղբյուրները պնդում են, թե Արծրուն Խաչատրյանն ասել է՝ այդպես է վարվելու, անկախ նրանից՝ Վազգեն Սարգսյանը կցանկանա դա, թե՝ ոչ։
ՍԵՎԱՆՆ ԻՋԵԼ Է 23 ՍՄ
Բնապահպանության նախարար Գեւորգ Վարդանյանը «Ոսկե առավոտ» մեդալը ստանալուց 10 րոպե առաջ մեր թերթին ասաց, որ անցած տարվա համեմատ Սեւանա լիճն իջել է ոչ թե 31, ինչպես տեղեկացրել է մամուլը, այլ 23 սմ-ով։ Ընդ որում, «Առավոտի» բարեկամ նախարարի պնդմամբ, դա տեղի է ունեցել մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերի 31-ը։