Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՅԻՆ ԱՍՈՐՏԻ

Օգոստոս 04,1999 00:00
qnnutyun

 Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանն իր վերջին ասուլիսում խառնաշփոթի մեջ գցեց լրագրողներին, քննությունների կեսին հայտարարելով, թե չունի հստակ պատասխան մի շատ կարեւոր հարցի մասին եւ այդ առնչությամբ որոշում դեռ նոր պիտի ընդունվի։

Խոսքն այս տարվա նորույթի մասին էր, որն առանց այդ էլ թյուրըմբռնումների տեղիք էր տվել։ Դպրոցի ավարտական որոշ քննություններ բուհի ընդունելության համար հիմք ընդունելու որոշումը շատ դիմորդների հոգսը թեթեւացրեց։ Ընդ որում, համաձայն բուհերի ընդունելության քննությունների կանոնների՝ «դիմորդին իրավունք է վերապահվում, հաշվի չառնելով միջնակարգ կրթության ատեստատի տարեկան կամ քննական գնահատականը, տվյալ առարկայից քննություն հանձնել կենտրոնացված քննական համակարգով։ Այն դեպքում, երբ դիմորդը ստանում է ավելի բարձր գնահատական, հաշվի է առնվում կենտրոնական քննական համակարգով հանձնած քննության արդյունքը։ Անբավարար գնահատականի դեպքում դիմորդը չի կարող մասնակցել տվյալ մասնագիտության մրցույթին»։ Այս առնչությամբ այլ բան կանոններում չկա՝ չնայած որոշ անտրամաբանություն առկա է. այս կանոնը վերաբերում է ոչ մրցութային քննություններին, որից ստացած միավորի բարձր լինելը մրցույթի ժամանակ նշանակություն է ստանում միայն այն ժամանակ, երբ հավասար միավորների դեպքում հարկ է լինում կողմնորոշվել ոչ մրցութային քննության գնահատականով։ Սակայն այնքան էլ հավանական չէ, որ կենտրոնացված համակարգով դիմորդն ավելի բարձր կստանա, քան դպրոցում, ուր քննությունները շատ ավելի «մատչելի» են։ Մանավանդ որ, ռիսկն էլ է մեծ, եթե անբավարար ստացավ կենտրոնականից, ընդհանրապես կզրկվի բուհ ընդունվելու շանսից։

Ինչեւէ, ընտրությունը դիմորդինն է, դրա հետեւանքները՝ նույնպես։ Սակայն, նախարարի ասած անորոշ հարցը մեկ այլ հնարավորության մասին էր. եթե դիմորդն անբավարար է ստացել առաջին հայտի համար մրցութային այն քննություններից, որոնց դպրոցական գնահատականն անցողիկ է ոչ մրցութայինի դեպքում, իրավունք ունի՞ մրցույթին մասնակցելու երկրորդ հայտով, որտեղ այդ առարկան մրցութային չէ։ Եթե հարցին նայենք վերջին տարիներին կիրառվող՝ մի քանի մասնագիտության հայտ ներկայացնելու իրավունքի տրամաբանությամբ, ուրեմն՝ իրավունք ունի, քանի որ առաջին հայտի քննությունները չեն կարող խոչընդոտել մյուս հայտերին, եթե դրանք ընդհանուր չեն այդ հայտերի համար։ Այս դեպքում ասենք՝ մրցութային հայոց լեզվի ու ոչ մրցութային հայոց լեզվի քննությունները տարբեր են եւ մեկի արդյունքը մյուսի վրա պիտի որ չազդեր։ Եվ սա պիտի նաեւ վճարովի տեղերի մրցույթի վրա տարածվի, որն անցկացվելու է անվճար տեղերի մրցույթից առանձին, բայց արդեն հանձնած քննությունների արդյունքներով։ Մինչդեռ նախարարը լավություն անողի տոնով ասաց, որ իր կարծիքով դիմորդին պետք է հնարավորություն տրվի դիմելու ցանկացած տեղ, որտեղ մրցութային չէ այն առարկան, որի մրցութայինից դիմորդն անբավարար է ստացել։ Ըստ նախարարի՝ սա կանոններով թույլատրված չէ, այլ իր ցանկությունը՝ չնայած ինքն էլ դժվարացավ ի վերջո պատասխանել, թե կանոններով ինչն է թույլատրվում, ինչը՝ ոչ։

Ինչեւէ, հանրապետական ընդունող հանձնաժողովի վերջին նիստում հարցը քննարկվել է եւ այս առնչությամբ պարզաբանումներ խնդրեցինք ներկայացնել կրթության եւ գիտության նախարար Միհրան Ստակյանին՝ համոզված, որ այն հետաքրքրում է բոլոր դիմորդներին։ Պարոն Ստակյանն ըստ էության ասաց այն, ինչ առանց այդ էլ այդպես էր, այսինքն՝ եթե դիմորդը մրցութային համարվող առարկայից անբավարար է ստացել, այդ առարկայի ոչ մրցութային քննությունով մասնագիտության համար հայտ ներկայացնելուն դա չպիտի խանգարի։ Թյուրըմբռնումից զերծ պահելու համար կրկնենք, որ սա միայն հայոց լեզու, մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա եւ կենսաբանություն առարկաներին է վերաբերում, որից քննական կամ տարեկան գնահատականները հիմք են ծառայում բուհերի ընդունելության համար։ Ընդ որում, պարոն Ստակյանն ընդունեց, որ դա նոր որոշում չէ եւ կանոնակարգով արդեն նախատեսված էր։ Դիմորդն իր դիմում-հայտում հատուկ նշում է այն մասին, որ ուզում է պահպանել դպրոցի գնահատականը։

Մեր այն հարցին՝ եթե դիմորդը չի նշել այդ մասին, հաշվի կառնվի՞ դպրոցի գնահատականը, պարոն Ստակյանը ժխտական պատասխան տվեց։ Բայց սա անվճար տեղերի մրցույթի համար, իսկ վճարովի տեղերի մրցույթի համար դիմում-հայտ ներկայացնելիս դիմորդը հնարավորություն ունի նշել այդ մասին եւ արդեն այս դեպքում այն հաշվի կառնվի։ Իսկ հարցին՝ կարո՞ղ է պետպատվերով ընդունված դիմորդն հրաժարվել իր տեղից եւ մասնակցել վճարովի տեղի մրցույթին, քանի որ վերջինն ավելի իր սրտով է, պարոն Ստակյանը էլի ժխտական պատասխան տվեց՝ այն արդարացմամբ, որ դրանով հավասարակշռությունը կխախտվի եւ լարված վիճակ կստեղծվի։ Տեղափոխում հնարավոր է անել միայն առաջին կուրսից հետո։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031