Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՇԻՍՍՈՏՍ ԿԾԱԽԵՄ, ԲԱՅՑ ԴԱՏԸ ՊԻՏԻ ՇԱՀԵՄ»

Օգոստոս 04,1999 00:00
krpak

«Առավոտ» օրաթերթի ապրիլի 14-ի համարում տպագրվել էր «Էս թաղն իմն է» վերնագրով հոդված, որտեղ անդրադարձել էինք Հր. Քոչարի փողոցի կամրջի աջակողմյան հատվածում տեղադրված կրպակների տերերի եւ Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցների «խմբամարտին»։

Զերծ մնալով կրկնությունից, ներկայացնենք այս հարցին առնչվող որոշ թվեր, փաստեր եւ իրադարձություններ, որոնք եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ կօգնեն պատկերացում կազմելու այդ տարածքում ծագած վեճի դրդապատճառների, կուլիսներում տեղի ունեցած եւ ներկայումս էլ շարունակվող անցուդարձի մասին։

Արաբկիրի շրջխորհրդի գործկոմի 07.05.92 թ. որոշման համաձայն, «Զեւս», «Զառա» ՍՊԸ-ներին, երկրորդ կարգի հաշմանդամ, կենսաթոշակառու Հայկ Մարտիրոսյանին եւ էլի մի քանի քաղաքացիների թույլատրվել էր Հր. Քոչար փողոցի կամրջի աջակողմյան հատվածում տեղադրել առեւտրի տաղավարներ, որոնք գործել են մինչ օրս։ 1995 թ. քաղաքացիները դիմել են Երեւանի քաղխորհրդի գործկոմ՝ իրենց տաղավարների հատվածում առեւտրի կենտրոն կառուցելու նպատակով հողհատկացում կատարելու համար։ Արաբկիրի շրջխորհրդի գործկոմը 29.12.95 թ. գրությամբ ՃՔ վարչությանը (Ճարտարապետության եւ քաղաքաշինության) տվել է իր համաձայնությունը։ Սակայն Երեւանի քաղխորհրդի եւ ՃՔ վարչության լուծարման հետեւանքով հարցը վերջնական լուծում չի ստացել։ 1998 թվականին նույն խնդրանքով վերը նշված քաղաքացիները դիմել են Երեւանի քաղաքապետարան, որի ՃՔ վարչությունը խնդրին ընթացք տալու նպատակով գրությամբ հարցում է կատարել Արաբկիրի թաղապետարան։

Արաբկիրի թաղապետ Հայկ Հովհաննիսյանի եւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Հ. Խաչատրյանի ցուցումով, քաղաքացիների կողմից ներկայացվել է նախատեսվող կառույցի մակետը, որը նրանց կողմից հավանության է արժանացել։ Սակայն… ինչ-որ մեկի գլխում մի լուսավոր միտք է ծագել ու սկսվել է բոլորիս լավ ծանոթ «այսօր գնա՝ վաղը արի» գործընթացը։ Այսպես երեք ամիս։ Երեք ամիս անց կրպակատերերն Արաբկիրի թաղապետարանից ստացել են գրություն այն մասին, որ այդ տարածքում արդեն կատարվել է հողհատկացում, համաձայն քաղաքապետարանի 20.08.98 թ. թիվ 592 որոշման։ Ինչպես կռահեցիք, հողը հատկացվել է այդ տարածքի հետ բոլորովին կապ չունեցող ինչ-որ «Համաստեղություն 2000» ՍՊԸ-ի՝ թեթեւ կոնստրուկցիաներով մինի մարկեթ կառուցելու համար։ Արհամարհվել եւ անտեսվել են քաղաքացիների դիմումները, խախտվել են առաջնահերթության սկզբունքները։

Հետագա գործողությունները, կարծում եմ, պարզից էլ պարզ են։ Ապամոնտաժվել է 10 կրպակ, ինչի պատճառով 15 ընտանիք զրկվել է մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից։ Դա այն դեպքում, երբ այսօր հանրապետությունում գերխնդիր է դարձել մարդկանց աշխատանքով ապահովելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու հարցը։ Ավելացնեմ նաեւ, որ վերը նշված հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնողը «Էլեւատորստրոյն» է, որի պետ Գաբրիել Պողոսյանը քաղաքացիների ներկայությամբ, մատնացույց անելով թաղապետարանի աշխատակիցներից մեկին՝ Վարդան Ղաղրամանյանին, ասել է, որ իր կազմակերպությունը շինպատվեր ստացել է Արաբկիրի թաղապետարանից, իսկ ավելի կոնկրետ՝ հենց նույն աշխատակցից։ Թե ինչո՞ւ էին Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներն այդքան շահագրգռված քաղաքացիների տաղավարները ապամոնտաժելու հարցում, այնքան էլ պարզ չէ։ Թերեւս կարելի է պարզել թաղապետարանի աշխատակիցների կապը «Համաստեղություն 2000» ՍՊԸ-ին։

Այժմ երկու խոսք կրպակատերերից մեկի՝ երկրորդ կարգի հաշմանդամ, կենսաթոշակառու Հայկ Մարտիրոսյանի մասին։ 75-ամյա այս տարեց քաղաքացին, որն աշխատանքային հարուստ փորձ եւ կենսագրություն ունի, դիմել է ուր ասես՝ հայրենի հողի վրա իրեն լիիրավ քաղաքացի զգալու ակնկալիքով։

Լսել ու խոստացել են զբաղվել այդ հարցով։ Ավելին՝ Դավիթաշենի կամրջի մոտ, նույն քաղաքացու ներկայությամբ հանձնարարվել է Արաբկիրի թաղապետին՝ «չնեղացնել հայրիկին»։ Այժմ վիրավորված ու վրդովված Հայկ Մարտիրոսյանը չգիտի ի՞նչ անի, ո՞ւմ դիմի. գուցե ՄԱ՞Կ, ո՞վ գիտի, միգուցե օտարազգի քաղաքացիներն իրեն ավելի լա՞վ հասկանան եւ օգնեն։

Ավելացնեմ, որ այս հարցին օրինական լուծում տալու ակնկալիքով «Զեւս», «Զառա» ՍՊԸ-ների տնօրենները եւ Հայկ Մարտիրոսյանը դիմել են դատարան։ Վաղը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում կլսվի քաղաքացիների հարցն ընդդեմ քաղաքապետարանի։

ԱՐՄԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031