Վերջին տարիներին գիտության ոլորտի պաշտոնատարների համար լուրջ գլխացավանք են դարձել Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտը եւ «Գալակտիկա» ձեռնարկությունը։
Մինչ մեր գիտապաշտոնական այրերը որոշում են՝ ինչպես տնօրինել խորհրդային տարիներից ժառանգություն մնացած տիեզերագիտության գիտական եւ ինժեներական պոտենցիալը, ուրիշները լուրջ գործով են զբաղված։ Վրացի ինժեներները, օրինակ, Ռուսաստանի հետ համատեղ ծրագրով են աշխատում։ Օրերս տիեզերքում բացեցին վրացական արտադրության անտենա։ Ռուսական հեռուստալրատվական թողարկումներն անգամ չդիմացան գայթակղությանը ու ցուցադրեցին, թե ինչ կրքոտությամբ էին ծափահարում թռիչքների կառավարման կենտրոնում գտնվող վրացի ինժեներներն ու գիտնականները։
Մեզ մոտ ուրիշ է։ Ինչպես միշտ։ Երկար ժամանակ ոչ ոք չէր կողմնորոշվում, թե ինչ անել ժամանակին պետական մրցանակներ ստացած «Գալակտիկա» ձեռնարկության հետ։ Ի վերջո, այն «օտարվեց» գիտությունից եւ հայտնվեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կազմում։ Իսկ 1999 թ. փետրվարի 25-ին ՀՀ կառավարության թիվ 155 որոշմամբ այն նորից հանվեց այդ նախարարության կազմից եւ մտցվեց Գիտությունների ազգային ակադեմիայի կազմի մեջ։ Այս առիթով աշխարհահռչակ կաճառի նախագահությունը նիստ արեց ու հատուկ որոշում կայացրեց։ Որոշմամբ, «Գալակտիկա» ձեռնարկությունը նորից մտցվեց Գառնիի տիեզերական աստղագիտության կենտրոնի կազմի մեջ։ Սույն որոշումը քննարկելն ամենեւին էլ մեր խնդիրը չէ։ Այդ մասին իրար հետ թունդ-թունդ վիճում են մասնագետները՝ գիտնականներն ու ինժեներները։ Մեր խնդիրն այլ է։ Եթե հաշվի առնենք, որ Ազգային ակադեմիայի նախագահության կազմի մեջ ներգրավված են դարիս խոշորագույն հայագետները, ապա կասկածի նշույլ անգամ չպիտի ունենանք, որ նախագահության որոշումը մայրենիի (ազգայինի) լեզվական առումով սխալ է ձեւակերպված։ Դատեք ինքներդ. «Վերացնել «Գալակտիկա» ձեռնարկությունը՝ որպես այդպիսին, եւ մտցնել այն ԳՏԱ-ի կազմի մեջ, որպես վերջինիս էքսպերիմենտալ բազա»։
Եվ այսպես մենք չենք կարող մեզ թույլ տալ կասկածել, որ միտքն անհաջող է շարադրված։ Հետեւաբար կարող ենք թույլ տալ մի քանի մտավարժանք՝ ինչպես է հնարավոր «Գալակտիկա» ձեռնարկության վերացումը։ Նախ հարկավոր է պարզել, թե իրավական առումով ինչ ասել է ձեռնարկություն։ Դա անկասկած մասնաշենքերի գործունեության հիմնական միջոցների (կնիքից մինչեւ սարքավորումներ) ամբողջությունն է՝ գումարած, իհարկե, աշխատակազմը։ Ինչպես վերացնել աշխատակազմը՝ պարզ է եւ բազմիցս փորձարկված։ Մի քանի տարի անընդմեջ աշխատավարձ չես վճարում եւ աշխատակազմն ինքն իրեն է ոչնչանում։ Մասնաշենքերի վերացման հարցը բավական դժվար է։
Կարդացեք նաև
Հարկավոր է գտնել ռազմական ինժեներներ ու որոշակի քանակությամբ պայթուցիկ նյութեր։ Պայթուցիկ նյութերի տեղադրումը խիստ մասնագիտական աշխատանք է։ Հաշվարկը մանրակրկիտ ու ծանր աշխատանք է։ Այլապես պայթյունի ալիքը կարող է անուղղելի վնաս հասցնել շրջակա միջավայրին։ Այդ դեպքում էկոլոգիական ոստիկանության ու բնապահպանության նախարարության ձեռքից չես պրծնի։ Բայց սա, իհարկե, ինչ-որ տիեզերական սարքավորումներ պատրաստելու պատվեր ճարելու հարց չէ։ Այլ միանգամայն լուծելի խնդիր է, որը հասու է մեր գիտական ու ինտելեկտուալ պոտենցիալին։ Պարզապես անհասկանալի է, թե «Գալատիկան» վերացնելուց հետո, ի՞նչը պիտի «մտցնել ԳՏԱ-ի կազմի մեջ»։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ