Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բյուջետային փաստաթղթերի ճակատամարտ՝ պարտքերն իրար վրա գցելու համար

Օգոստոս 04,1999 00:00
byuje

Հայ տնտեսագիտական միտքը նոր նվաճումների է հասել։ Շրջանառության մեջ թարմ ու հետաքրքիր տերմին է հայտնվել։ Մի մասի համար այն էկզոտիկ է, մի մասի համար՝ էրոտիկ։ Բարեպաշտ քաղաքացիներն անգամ շիկնում են կանանց շրջապատում այն արտասանելուց։

Խոսքն, իհարկե, «բյուջեի ճեղքվածք» արտահայտության մասին է։ Տնտեսագետներն անգամ միանշանակ չեն հասկանում դա՝ նույն «բյուջեի դեֆիցիտն» է, թե ոչ։ Ոմանք անգամ ենթադրում են, որ ճեղքվածքը դա չպլանավորված դեֆիցիտն է։ Այս տարվա բյուջեն 56 մլրդ 618 մլն դրամի չափով պլանավորված դեֆիցիտ էր ենթադրում։ Ու հանկարծ, գարնան կեսից սկսվեցին խոսակցությունները, թե այդ դեֆիցիտից զատ բյուջեն նաեւ ճեղքվածք ունի։ Բնականաբար, տարբեր թվեր էին նշվում։ Հետո վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտարարեց. «Ճեղքվածքը ոչ 20 եւ ոչ էլ, փառք Աստծո, 60 մլրդ դրամ է։ Այսօրվա տվյալներով այն հասնում է 33 մլրդի»։

Հիմա չափը հայտնի է, եւ խնդիրն այլ է՝ պարզել, թե ինչից է սկսվում բյուջեի ճեղքվածքը։ Վարչապետն իր կարծիքը հայտնել է. «Եթե կարծում եք, թե միայն 1999 թ. ստեղծվեց այս վիճակը… խորապես սխալվում եք… Վերջին 4-5 տարիների ընթացքում գրեթե նույն վիճակն է եղել։ Պարտքերն ուղղակի հետ ենք գցել, կուտակել ենք եւ վիճակն այսօր հասցրել ենք ճգնաժամի»։ Հստակ ձեւակերպված մեղադրանք է։ 1995 թվականից երկու շաբաթը մեկ կառավարությունների անդամներն Ազգային ժողովում հրաժարվել են ընդունել բյուջետային լուրջ պարտքերի գոյության փաստը։ Յուրաքանչյուր տարի կառավարությունները հաստատման են ներկայացրել նախորդ տարվա բյուջեի կատարողականը։ Այդ փաստաթղթերում ոչ մի խոսք չկա այն մասին, որ պետական բյուջեն որեւէ մեկին գցել է։ Այսինքն՝ որոշակի պատվեր է տվել ու չի վճարել կատարած աշխատանքի դիմաց։ Բայց բոլոր կատարողականներն ունեն անհասկանալիորեն հայտնված պարտքերի մասին տողեր։ 1995-ի բյուջեի կատարողականը արձանագրում է. «բյուջեի ընդհանուր ծախսերի 11,7% կամ 14 մլրդ 703 դրամն ուղղվել է նախորդ տարիներից կուտակված պարտքերի մարմանը»։

Հետո 96-ի կատարողականը «վիճում» էր 95-ի նույն փաստաթղթի հետ՝ թե «պարտքերի իրական մեծությունը մի քանի անգամ գերազանցում է օրենքով դրանց հատուցման համար նախատեսված մակարդակը»։ Նշվում էր, որ մարվել է 4,7 մլրդ դրամի պարտք։ Նորից որեւէ խոսք չկա, թե որքանով պարտք է ժառանգվել, եկող տարվա՝ 1997-ի, կատարողականում նորից խոսվում էր, որ բյուջետային պարտքերը գույքագրվել են։ Նորից պարզվել է, որ բյուջետային պարտքերն անակնկալ մեծ են եղել։ 97-ին «մարվեց 6 մլրդ 855 մլն դրամի բյուջետային պարտքերը»։ Որտեղից են դրանք հայտնվում՝ նորից պարզ չէր։ Անգամ պաշտոնական փաստաթուղթը, որ ստորագրել էր վարչապետ Ա. Դարբինյանը, շատ հետաքրքիր նախադասություն է պարունակում. «Այնուամենայնիվ, հաշվետու բյուջետային տարվա ավարտին այդ տարիներից կուտակված դեռեւս 3 մլրդ 60 մլն դրամի բյուջետային պարտքեր կային՝ պայմանավորված օրենքով սահմանված ժամկետների ուշացման, պարտքերը հիմնավորող փաստաթղթերի ոչ լրիվ ներկայացման, ինչպես նաեւ՝ նախորդ տարիների բյուջեների կատարման հաշվետվություններում արտացոլված չլինելու հանգամանքներով»։ Հետո նույն փաստաթուղթը վստահեցնում էր, որ «1997-ի բյուջեի կատարման ընթացքում ծախսերի գծով նոր պարտքեր չկուտակվեցին»։

Բյուջեի կատարողական փաստաթղթերն իրար հետ ճակատամարտում են՝ ցեխ շպրտելով նախորդ տարիների վրա, որովհետեւ վարչապետները փոխվում էին ու ոչ մեկը մյուսի «թասիբը չէր քաշում»։ 97-ի բյուջեի կատարողական ստորագրող Արմեն Դարբինյանն էլ որպես վարչապետ կապ չուներ այդ տարվա հետ։ Նա պարզապես քաղաքավարի նշում էր, որ իր նախորդը լուրջ պարտքեր չի կուտակել։ Նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանն էր։ 98-ի կատարողականի մասին փաստաթղթին լուրջ վերաբերվել այսօր պետք չէ։ Այն դեռեւս չի հաստատվել խորհրդարանի եւ նախագահի կողմից։ Հետեւաբար, ցանկացած թիվ կարող է փոփոխման ենթարկվել։ Եվ ահա, ֆինանսական տարվա ճիշտ կեսին, բյուջետային պարտքերի մասին խոսակցությունները քաղցրացան։ Խաղագումարը կտրուկ աճեց։ Ճեղքվածքն արդեն միանիշ թվով չի չափվում։ Հավանաբար պարտքերի գույքագրման նոր փուլ է սկսվել։ Վարչապետ Վազգեն Սարգսյանը ոչ ոքի մեղադրել չի ուզում։ Բայց ընդունեք՝ ճեղքվածքը հիմնադրողների եւ զարգացնողների անուններն իմանալը զուտ մարդկայնորեն հետաքրքիր է։ Ախր, թվերը կատաստրոֆիկ արագությամբ են աճում։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031