Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁԱՔԱՐԸ

Օգոստոս 04,1999 00:00
gumar

Արտասահմանյան ներդրողների թեման ամենահրապուրիչն է։ Ստեղծվել է այնպիսի տպավորություն, որ Հայաստանի միակ փրկիչները հենց օտարերկրյա ներդրողներն են, որոնք աշխատեցնելու են արդյունաբերությունը, ստեղծելու են հազարավոր աշխատատեղեր, լցնելու են ճեղքված բյուջեն եւ ծաղկեցնելու են Հայաստանը։

Ամերիկահայ եւ կանադահայ 10 գործարար 1997 թ. 840 հազար դոլարի ներդրում են կատարում Արարատ գինու գործարանում։ Այս ներդրումը կազմակերպում է ամերիկահայ գործարար Կայծակ Զեթլյանը՝ նպատակ ունենալով փրկել Արարատ գինու գործարանը, որը 500 հազար դոլարի պարտք ուներ վերցված հայկական բանկերից՝ տարեկան 60 տոկոս գործարարության համար կործանարար տոկոսադրույքով։ Կատարված 840 հազար ներդրումից 500 հազարով փակվում են գործարանի վարկային պարտավորությունները, իսկ մնացյալ 340 հազարով հիմնվում է Արարատ-Նովա ՓԲԸ-ն, որը պետք է զբաղվեր մրգահյութերի արտադրությամբ։ Ամենավիճելի հարցն այստեղ կատարված ներդրման դիմաց ակնկալվող տոկոսադրույքներն են։ Այսպես, ըստ արտասահմանյան ներդրողների, իրենք պետք է ստանային 51 %, որն ամրագրված է հիմնադիր պայմանագրով։ Բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ Սամվել Թադեւոսյանը, որը սեփականաշնորհել էր գործարանը, պետք է ունենար մյուս 49 %-ը։

Սամվել Թադեւոսյանի մեկնաբանությամբ, արտասահմանյան ներդրողները կդառնային 51 %-ի փայատեր, եթե ներդրման ծավալները հասցնեին 5 միլիոն դոլարի,

սակայն նրանք չեն կարողացել ապահովել իրենց պայմանագրային պարտավորությունները, ըստ որոնց եթե նրանք մինչեւ ապրիլի 30-ը չապահովեն Արարատ-Նովայի բիզնես պլանով նախատեսված 5 միլիոնը, ապա ստանում են այնքան բաժնեմաս, որքան կազմում է իրենց կատարած ներդրումը։ Այժմ այս վեճը գտնվում է դատական լուծման փուլում։ Այս խնդրին վերաբերող մի քանի հարցերի պատասխանները ստանալու խնդրանքով դիմեցինք ամերիկահայ Զավեն Կիրակոսյանին, որը լինելով սփյուռքի ներդրողների լիազոր ներկայացուցիչը, առանց մի ցենտ ներդրման դարձել է Արարատ գինի ԲԲԸ-ի 5 %-ի եւ Արարատ-Նովայի 10 %-ի բաժնետեր։

– Ե՞րբ եք առաջին անգամ եկել Հայաստան։

– Առաջին անգամ Հայաստան եմ եկել 1965 թվականին եւ համագործակցում էի Գիտությունների ակադեմիայի հետ։ Դա տեւեց մինչեւ 78 թվականը եւ կրկին վերսկսվեց 1989 թվականին, երբ իմ ցանկությամբ մասնակցեցի երկրաշարժի հետեւանքների վերացմանը, իսկ 1992 թ. դեկտեմբերից մասնակցել եմ Հայկական ատոմակայանի վերագործարկման աշխատանքներին։

– Դուք միջուկային էներգետիկայի մասնագետ եք, ինչպե՞ս հայտնվեցիք Հայաստանի գործարար շրջանակներում։

– 1996 թվականին Կայծակ Զեթլյանն ինձ խնդրեց աշխատել «Ջերմուկ» ՓԲԸ-ում՝ որպես լիազոր ներկայացուցիչ, իսկ ապա՝ գործադիր տնօրեն։ 1997 թ. փետրվարին ես ինքնակամ հեռացա այդ գործից։ 1996 թվականից սկսած ես զբաղվում էի Հայաստանում մրգահյութերի արտադրության կազմակերպմամբ։ Իրականում այս գաղափարի իսկական հեղինակը ԱՄՆ նախկին դեսպան Փիթեր Թոմսոնն է, որն ինձ ասում էր՝ ինչո՞ւ է Հայաստանը մրգահյութեր ներմուծում, եթե այդքան մեծ հնարավորություններ ունի։ Վերլուծությունների եւ դիտարկումների արդյունքում ես տեսա, որ դրա ամենամեծ հնարավորությունն ունի Արարատ գինու գործարանը։ Իմ միջոցներով մեկնել եմ Կանադա, իմ մի քանի ծանոթների համոզել եմ ներդրումներ անել, կազմել եմ կանոնադրությունը, բիզնես-պլանը, ուզում եմ ասել, որ այս գործի նախաձեռնողը եւ կազմակերպիչը ես եմ։ Գրանցվեց Արարատ-Նովա ընկերությունը, որը որպես համատեղ ձեռնարկություն երկու տարով ազատվում էր եկամտահարկից, ինչը չէր կարող լինել Արարատ գինիի դեպքում, քանի որ օրենքը արտոնություններ չի սահմանում ալկոհոլի արտադրությամբ զբաղվողներին։ Մի խոսքով, ձեւավորվեց Արարատ-Նովա ընկերությունը՝ 840 հազար հիմնադրամով (ներդրողները պնդում են, որ իրենք 500 հազարը ներդրել են Արարատ գինիում եւ միայն 340-ը՝ Արարատ-Նովայում։ Այլապես, ինչպես կարող է մի ընկերություն իր հիմնադրամից փակել մեկ այլ ընկերության պարտքերը- Ա. Բ.) եւ համապատասխան բաժնեմասով։ Դրանից հետո մենք դիմեցինք OPIC-ին, որը ամերիկյան կառավարության ֆինանսական գործիքն է, օժանդակելու այլ երկրներում ներդրումներ կատարել ցանկացողներին։ Այս կազմակերպությունը հայտնեց, որ արտասահմանյան ներդրողները բավարար չափով ներդրումներ չեն կատարել։

– Դուք որքա՞ն ներդրում եք կատարել 5 եւ 10 % բաժնեմասեր ստանալու համար։

– Իմ ներդրումը եղել է կազմակերպչական, ես դա ստացել եմ իմ կատարած աշխատանքի դիմաց։

– Ի՞նչ են ստացել ներդրողներն իրենց ներդրման դիմաց։

– 1998 թ. օգոստոսի 30-ի պայմանագրով հստակ նշված է, որ արտասահմանյան ներդրողները կդառնան 51 % փայատեր, եթե կատարեն 5 միլիոն դոլարի ներդրում։

– Սակայն սկզբնական պայմանագրերում բաժնեմասը չի կապվում հետագա ներդրումների հետ։

– Պատճառն այն է, որ Սամվել Թադեւոսյանը մտածել է, որ այս մարդիկ կկատարեն իրենց խոստումը։ Պիտի հասկանաք, որ այս պայմանագրերը կնքվել են պարտնյորային տարբեր հարաբերությունների մթնոլորտում։ Սկզբնական պայմանագրերը կնքվել են սերտ պայմանագրային հարաբերությունների պայմաններում, իսկ հետո հայկական կողմը տեսավ, որ այս մարդիկ խաբում են իրենց՝ չկատարելով իրենց պարտավորությունները։ Հունվարից սկսած ես ինքնուրույնաբար եմ զբաղվում ֆինանսավորման ապահովմամբ։ Այժմ ես ունեմ հստակ պայմանավորվածություններ, ըստ որոնց լինելու է մոտ 6 միլիոն դոլար ներդրում մրգահյութերի արտադրության մեջ եւ եւս 3 միլիոն դոլարի ներդրում Արարատ գինիում։ Սա հաջողացնելու դեպքում Հայաստանի 40 հազար գյուղացիներ կունենան երաշխավորված եկամուտներ։

– Դուք ՀՅԴ-ից հեռացած վերականգնման շարժման անդամ եք, իսկ Կայծակ Զեթլյանը ՀՅԴ անդամ է։ Գուցե ձեր հարաբերությունների վատթարացման հիմքում ընկած են կուսակցակա՞ն հակասությունները։

– Ես 18 տարեկանից մոտ 40 տարի եղել եմ Դաշնակցության մեջ։ Ես հեռացել եմ այն հարյուրավորների հետ, որոնք դեմ էին ՀՅԴ ղեկավարության եւ նորանկախ Հայաստանի միջեւ ոչ ճիշտ ձեւավորվող հարաբերություններին։ Ես սխալ էի համարում այն վերաբերմունքը, որ կարելի է սփյուռքից գալ եւ աթոռի կռիվ անել։ Դրա փոխարեն պետք է նպաստել տնտեսական ակտիվացմանը, անկախ նրանից, թե ՀՅԴ-ից քանի պատգամավոր է ընտրվում։ Եթե դա է հիմքը, ես դեմ եմ դրան։ 1918 թվականին մտածում էին երկիր ստեղծելու, սահմաններն ամրացնելու եւ ոչ թե աթոռներ գրավելու մասին։ Բայց մենք հիշում ենք, թե այդ կուսակցություններն ինչպես էին փողով 10-15 պատգամավոր առնում, կամ սահմանում կռվող տղաներին փողով անդամագրում իրենց շարքերը, որպեսզի այդ տղաները մեռնելիս դառնան կուսակցական եւ ոչ ազգային հերոսներ։ Ինչ վերաբերում է Կայծակ Զեթլյանին, ապա նա մնացել է կուսակցության մեջ եւ մենք դեմ չենք եղել նրան, թեեւ նա գաղտնաբար օգնել է վերականգնման շարժմանը։ Իսկ մեր հակասությունները կուսակցական չեն եղել։

– Դուք ակնարկեցիք, որ Կայծակ Զեթլյանը չի վճարել եկամտահարկ, իսկ դուք վճարե՞լ եք։

– Գիտեք, կա հայ-ամերիկյան պայմանագիր, ըստ որի քաղաքացին մի տեղ է մուծում հարկերը՝ իր ընտրությամբ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031