Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ

Օգոստոս 04,1999 00:00

Մոսկվան, ՍՊԻԴ-ը եւ «Արմենիկումը»

Ռուսաստանի համար այսօր սոցիալական մեծ խնդիր է դարձել ՍՊԻԴ-ը։ Եվ կարելի է պատկերացնել՝ ինչպիսի իրարանցում է առաջացրել «Արմենիկումի» հայտնագործումը։ Ինչպես Հայաստանում կասկածի տեղիք տվեց դեղի հայտնագործման մասին ՀՀ ԱԱ եւ ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հայտարարությունը, այնպես էլ՝ Ռուսաստանում։ Բնականաբար, քաղաքական աստառ ու մեկնաբանություն տրվեց փաստին, որովհետեւ դա ընդհանրապես հանրապետության առողջապահության նախարարի գործն էր, ոչ թե հանրապետության գլխավոր ոստիկանի ու գլխավոր հետախույզի։

«Արմենիկումի» մասին առաջին տեղեկատվությունը պաշտոնապես ներխուժեց Ռուսաստան, ՀՀ առողջապահության նախարարը մեկնեց Ռուսաստան, առողջապահության բնագավառում (նաեւ ՍՊԻԴ-ի հարցերով) համագործակցության խնդիրների շուրջ հանդիպումներ ունեցավ Ռուսաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաների հետ։

Արագընթաց այդ դեպքերից հետո Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հեռախոսները ծանր վիճակում հայտնվեցին. սկսվեց զանգերի տարափը։ Օր ու գիշեր դեսպանություն են զանգահարում կամ պարզապես գնում բազմաթիվ վիրուսակիրներ (ԹԼճ, սպիդով հիվանդներ, հիվանդների լացակումած ծնողներ, որոնք դիմումներով աղերսում են գալ Երեւան՝ բուժվելու։ Դիմումներն ընդունում է մեր դեսպանությունը, ապա ուղարկում ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Կան դիմումներ, որոնք գրված են Ռուսաստանի տարբեր պետական կառույցների՝ նախարարությունների (եւն) կամ պատգամավորների երաշխավորագրերով։ Այդ դիմումները նույնպես ուղարկվում են ՀՀ արտգործնախարարություն, որտեղից ՀՀ առողջապահության նախարարի անունով գրվածներն ուղարկվում են Հայկ Նիկողոսյանին։

Սկզբնական շրջանում բոլոր հիվանդներն իրենց հետ բերում էին հիվանդության վերաբերյալ բժշկական տեղեկանքները։ Հետո, երբ հիվանդների քանակը շատացավ, լուրջ խնդիր դարձավ ռուս բժիշկներից այդ տեղեկանքները վերցնել։ Թեեւ Ռուսաստանի առողջապահության բնագավառի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին տեղեկանքների եւ այլ հարցերում որեւէ արգելք չհանդիսանալ ու չստեղծել, այնուամենայնիվ, բժիշկները տեղեկանք կամ չեն տալիս, կամ դժվարությամբ են տալիս։ Ասում են՝ մասնագիտական գաղտնիք է (՞)։

Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը ծանոթացա հիվանդների՝ Հայաստանում բուժվելու համար գրած դիմումների մի մասի բովանդակությանը։ Հիվանդները կամ նրանց ծնողները բողոքում են ռուս բժիշկների (շարքային) կոպիտ, անմարդկային վերաբերմունքից։ Մի կին ցավով պատմում էր, թե ինչպես իր որդին վթարի էր ենթարկվել, եւ հիվանդանոցում անալիզներ հանձնելիս պարզվել է, որ 20-ամյա որդին վիրուսակիր է. «Այն հարցիս՝ հիմա ի՞նչ պետք է անենք, ես տեսա բացարձակ հանգիստ եւ անխոցելի աչքերը բժշկի, որն ասաց. «Ինչո՞ւ եք այդքան անհանգստանում, այդ վիրուսը մյուս վիրուսներից վատը չէ»։ Ահա դրանում է մեր ռուսաստանյան իրականությունը։ Ոչ մեկի պետքը չէ իմ ցավը, բայց չէ՞ որ թե՛ իմ, եւ թե՛ որդուս համար կյանքը կորցրել է իր իմաստը»,- գրում է մայրը։

Մայրն ու որդին համոզված են, որ վիրուսը ձեռք է բերվել հիվանդանոցում՝ վթարի հետեւանքներից բուժման ընթացքում։ Ի դեպ, շատ են հիվանդանոցներում վարակվելու դեպքերը։ Հանդիպեցի Սարատովից մեկ օրով Մոսկվա եկած 26-ամյա մի աղջկա. եկել էր դեսպանատուն՝ դիմում գրելու։ Որպես վիրուսակիր հաշվառման մեջ էր 96-ից։ Չգիտեր՝ երբ եւ ինչպես է վարակվել։ Իր հայրենի քաղաք Վոլսկում (ինքն էր պատմում եւ գրում) իրենցով չեն զբաղվում, բժիշկներն ասում են՝ «եթե ինչ-որ տեղդ ցավում է՝ պիտի դիմանաս»։ Խնդրում է օգնել։ Բժշկից մի կերպ «պոկել էր» հաշվառման իր տեղեկանքը։ Հիվանդության վերաբերյալ փաստաթուղթ բժիշկը չէր տվել (ասելով՝ բա որ տանես-վաճառե՞ս), եւ աղջիկը ստիպված ինքն էր նկարագրել՝ երբ եւ ինչպես է արտահայտվել հիվանդությունը։ Նայում էր դեմքիս ու հարցնում. «Չե՞ք կարող ասել, ե՞րբ դիմումս տեղ կհասնի, այդքան կապրե՞մ։ Ապրում եմ չորս պատերի մեջ, մայրիկիցս ու եղբորիցս բացի, ոչ ոքի հետ արդեն քանի տարի չեմ շփվում։ Աշխատանք չեմ կարողանում գտնել, ամենուր բժշկական անալիզների մասին փաստաթուղթ են պահանջում։ Հույս ունեմ, որ «Արմենիկումի» շնորհիվ ես նորից կունենամ աշխատանք, ընկեր եւ ընտանիք։ Եվ կյանքը իմաստ կստանա»։

Պատմում էր, որ հիվանդության ընթացքում սաստիկ ատամնացավեր է ունենում, եւ մինչեւ ցավի ուժգունությունից ուշագնաց չի լինում, եւ շտապ օգնություն չեն կանչում, ոչ մի բժիշկ չի ուզում բուժել… Հիվանդները հիմնականում 16-24 տարեկան երիտասարդներ են՝ 60%-ը 40%-ի հարաբերությամբ՝ տղաներն ավելի շատ են։ Մեր դեսպանության աշխատակիցները (որոնք ընդունում են դիմումները, զրուցում «Արմենիկումի» հույսով լի հիվանդների հետ) պատմում են, որ աղջիկները առավել ամուր են, տղաներն են լաց լինում կամ այն տղամարդիկ, որոնք ունեն ընտանիք, երեխաներ։ 18-19 տարեկան աղջիկները ասում են՝ «Ոչինչ եթե ես մահանամ, ծնողներս են մեղք»։ Կան ընտանիքներ կամ անհատ անձինք, որոնք իրենց ողջ ունեցվածքը պատրաստ են վաճառել, միայն թե գան բուժվելու։ Ծնողները գրում են. «Մենք պատրաստ ենք ամեն ինչի, անվարձահատույց ցանկացած աշխատանք կարող ենք անել, միայն թե փրկեք երեխայիս»։

Ծանր են այն ծնողների դիմումները, որոնց միակ երեխան է վարակվել։ Կան դիմողներ, որոնք գումար չունեն բուժման համար եւ խնդրում-աղաչում են օգնել իրենց։ Մեկը գրում է. «Ես մեծ հույսեր եմ կապում ձեր օգնության հետ։ Դուք հնագույն ազգ եք։ Եվ առաջ եւ հիմա էլ դուք մեծ ցավեր եք վերապրել, այդ պատճառով ձեզ հասկանալի կլինի իմ ողբերգությունը։ Օգնեք մեզ։ Փրկեք որդուս»։ Մի ուրիշ կին խնդրում է. «Շատ եմ խնդրում փրկել վերջին երեխայիս։ Առաջին որդիս զոհվել է բանակում (Բիշքեկում) 1991-ին։ Մեր միակ ու վերջին հույսը ձեր օգնությունն է»։

Ո՞րն է ռուս բժիշկների (բարձրաստիճան) թերահավատության պատճառը «Արմենիկումի» հանդեպ։ Իհարկե, այստեղ կա նաեւ մեր բժիշկների եւ պետական այրերի մեղավորությունը, որոնք դեղամիջոցի մասին սպառիչ հիմնավորումներ չներկայացրին, եւ մասնագետները (բժիշկները) իրավունք ունեն չհավատալու։ Մանավանդ, որ դեղամիջոցի մասին հայտարարվեց փորձարկման պրոցեսներն անցնելու համար անհրաժեշտ ժամանակից շուտ։

Մյուս կողմից, բնականաբար, ռուս բժիշկներն անհանգստացած են մրցակցությունից։ Վերջինս առավել սուր է արտահայտվում բժիշկների շրջանում։ Բացի այդ, արտասահմանյան հսկայաքանակ դեղերի փորձարկումներն են ռուս բժիշկները կատարում, հիվանդներին դեղեր վաճառում, փորձարկումների դիմաց վարձատրվում…

Ո՞ր բժիշկը կդիմանա այդքանից միանգամից զրկվելուն։ Հիվանդները նաեւ բողոքում էին, որ շարքային բժիշկներն իրենց զայրույթը բացատրում էին 300 ռուբլի աշխատավարձով։ Իսկ մի տղամարդ, որի որդին էր հիվանդ, ասում էր, որ օրական 100$ գումար է տալիս բժիշկներին՝ դեղերի եւ փորձարկումների դիմաց։

Չնայած այս ամենին, անկախ նրանից, թե Ռուսաստանի բարձրաստիճան բժիշկներն ինչպես են վերաբերվում եւ արտահայտվում «Արմենիկումի» մասին, ռուսական իշխանությունները լրջորեն են տրամադրված «XX դարի ժանտախտի» (հիվանդների ձեւակերպմամբ) բուժմիջոցի նկատմամբ։

«Արմենիկումը» այսօր շատ-շատերի գոյության վերջին հույսն է։ Սարատովից Մոսկվա հասած աղջիկը գրում էր դիմումը, ապա անհանգստանում. «Ախր ես գեղեցիկ նամակ չեմ կարողանում գրել, բայց խնդրում եմ օգնել ինձ»։ Անկեղծ է։ Ասում է. «Վերջապես երիտասարդ կին եմ, ուզում եմ կողքիս տղամարդ լինի, քանի տարի է՝ սեռական կյանքով չեմ ապրում։ Ուզում եմ ընկեր, ընտանիք ունենալ…»,- ու ցույց է տալիս ձեռքերին բացված վերքերը։ Նայում եմ դեմքին, փորձում եմ հույս տալ, թե դիմումն անպատասխան չի մնա։ «Իսկ մինչեւ դիմումս տեղ հասնի՝ չե՞մ մեռնի»,- մեղմ ձայնով հարցնում է։ Ապա՝ ինչպես կինը կնոջ հետ անկեղծանում է. «Իմ պես վարակված տղամարդ եմ փնտրում, միայն թե թմրամոլ չլինի… զանգել եմ, հայտարարություններ եմ տվել, որ ընկեր եմ փնտրում… Բայց էլի անպայման ապահովիչներով…»։ Իր ասելով, շատերն են այդպես ապրում՝ իրենց նմաններին են փնտրում… նաեւ՝ որպեսզի չորս պատերի մեջ միայնակ ու լքված չլինեն…

Մեր զրույցի հաջորդ օրը սարատովցի աղջկա ծննդյան տարեդարձն էր…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031