Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ պոպուլյար, բայց պարտադրված քայլեր

Օգոստոս 04,1999 00:00
Albert Bazeyan

Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ի թղթակից Ռուզան Խաչատրյանին եւ պատասխանել մի շարք հարցերի։

Իր նյութում թղթակիցը մասնավորապես ծանուցում է, որ որոշակիորեն զրուցել է «ԱրմենՏելի» հետ կապված խնդիրների մասին։ Նախ, հիշեցվում է, որ ԱԺ փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը նախորդ խորհրդարանում դեմ է քվեարկել «ԱրմենՏելի» հարցով ստեղծվող հանձնաժողովի ձեւավորմանը՝ հիմքով, որ. «Նախընտրական փուլում ԱԺ-ն արդյունավետ չէր գործում, ուստի համոզված եմ՝ արդյունավետ չէր գործելու նաեւ այդ հանձնաժողովը»։ Մինչդեռ Ալբերտ Բազեյանը դրականորեն է անդրադարձել նախագահին առընթեր նույն հարցով ձեւավորված հանձնաժողովի աշխատանքներին, որում ընդգրկված էին խորհրդարանի խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչներ «Երկրապահից», ԱԻՄ-ից, ԱԺՄ-ից, Կոմկուսից եւ այլն։ Ինչ վերաբերում է Արշակ Սադոյանի եւ Հրանտ Բագրատյանի փոխադարձ «ցեխ շպրտելուն, մրոտելուն, ապա նման պրակտիկան վարկաբեկում է Հայաստանի քաղաքական ինստիտուտների գաղափարն ընդհանրապես»։ Թղթակցին ԱԺ փոխխոսնակն ասել է նաեւ, որ եթե հանձնաժողովի աշխատանքի արդյունքում իրավական պատասխանատվության հարց հարուցվի, ապա այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։

Իբրեւ «Միասնություն» դաշինքի ներկայացուցիչ եւ ԱԺ փոխնախագահ, բենզինի եւ արտասահմանյան ծխախոտի վրա ակցիզային հարկաչափը բարձրացնելու կառավարության ձեռնարկին Ալբերտ Բազեյանն անդրադարձել է այսպես. «Իհարկե, կառավարությունը պոպուլյար քայլերի չի դիմել, սակայն դրանք անհրաժեշտ, պարտադրված քայլեր են»։

Ալբերտ Բազեյանը ծանուցել է նաեւ, որ շատ հնարավոր է օգոստոսին տեղի ունենա ԱԺ երկու արտահերթ նիստ՝ մեկը բյուջեի 33 մլրդ դեֆիցիտի հարցով՝ ըստ երեւույթին կապիտալ շինարարության, պետական ապարատի պահպանման ծախսերի կրճատման խնդիրները քննարկելու նպատակով, իսկ երկրորդ արտահերթը, որը նախատեսվում է օգոստոսի կեսերին, հավանաբար տեղի կունենա ընտրական օրենսգրքում տեղական ինքնակառավարման ընտրություններից առաջ փոփոխություններ կատարելու օրակարգով։

Անդրադառնալով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի քաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձություններին, Ալբերտ Բազեյանն ասել է՝ նախ պետք է տեղեկատվություն ձեռք բերել, թե ինչպիսին է Սամվել Բաբայանի եւ Սեյրան Օհանյանի լիազորությունների շրջանակը։ Երկուսն էլ մեծ ավանդ ունեն Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության կազմակերպման, բանակի կազմավորման գործում։ Բնորոշելով նրանց, Ալբերտ Բազեյանն ասել է, թե Սեյրան Օհանյանն ավելի հավասարակշռված է, համեստ, իսկ Սամվել Բաբայանն ավելի գործունյա է եւ ցանկացած պարագայում կարող է դեր ստանձնել. «Կարծում եմ, նրանց համատեղ աշխատանքը կստացվի, որովհետեւ նրանք արդեն միասին աշխատելու փորձ ունեն, իսկ ՆԳ նոր նախարար Բակո Սահակյանին ընդհանրապես չեմ ճանաչում»։

Դ. ՌՈՍՏՈՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031