Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՎԵՐՋՈ, ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ

Օգոստոս 04,1999 00:00
Xosrov Harutyunyan

Կառավարության հունիսի 24-ի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանը հայտնել էր տարածքային կառավարման նախարար Խոսրով Հարությունյանին տրված մի առաջադրանքի մասին. «Անպայման պետք է հանել այդ ցանկը եւ տպագրել թերթում, ասել հեռուստատեսությամբ՝ ովքեր են այն մարդիկ, որոնց վատ աշխատանքի պատճառով քո երեխան չի կարողանում դպրոցում դասագիրք ունենալ, եւ որոնք վաղը քո ձեռքով ընտրվելու են։ Այս քաղաքականությունը պետք է հիմիկվանից հստակ տանել, որ նոյեմբերին չկանգնենք տխուր փաստերի առաջ»։

Քանի որ անցած ամսվա ընթացքում նման ցանկ հանրապետական մամուլում այդպես էլ չհայտնվեց, դիմեցինք Խոսրով Հարությունյանին, պարզելու այդ քաղաքականությանն առնչվող որոշ հարցեր։ Նախապես նշենք, որ վարչապետի «քաղաքականություն» ձեւակերպման փոխարեն պրն Հարությունյանը նախընտրում էր «մոտեցում» բնորոշումը. «Իրոք, այդ առաջադրանքը կա, որդեգրվել է՝ որպես աշխատանքի ձեւ, ոճ՝ պետական բոլոր մակարդակների չինովնիկների գործունեությունը ընտրողներին հրապարակավ ներկայացնելու տեսանկյունով։ Կարող եմ ասել, որ այն հիմնականում այսօր իրականացվում է մարզերում»։

Կառավարության այդ նիստի հաջորդ օրն իսկ Խոսրով Հարությունյանն անցկացրել էր մարզպետների խորհրդակցություն, որտեղ մասնավորապես մատնանշվել էր. «Հունիսի 25-ի դրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների կատարողականն անթույլատրելի, անհասկանալի եւ նույնիսկ անբացատրելի ցածր է»։ Սկսել են բացատրություններ պահանջել այն համայնքապետերից, որոնք բյուջեի մուտքային մասը կիսամյակում 10-11%-ով են կատարել. «Հավատացնում եմ, որ ոչ մի պատասխանատու պատճառաբանություն չբերեցին։ Ուղղակի երբեք այդ խնդիրը հստակ եւ խիստ դրված չի եղել։ Եվ միայն վերջին ամսում բավական լուրջ տեղաշարժեր նկատվեցին»։ Փորձել են, ասենք, պարզել, թե տարբեր ծառայությունների դիմաց վարձավճարների գանձումն ինչ վիճակում է. «Շատ հաճախ ասում են, թե ազգաբնակչությունն անվճարունակ է։ Առաջին հայացքից պիտի թվա, թե այս պատճառաբանությանը հակադրվելու փորձերը կարող են ապարդյուն լինել։ Բայց երբ, ասենք, Արմավիրի մարզում կազմեցինք խմելու ու ոռոգման ջրի եւ այլնի դիմաց չվճարումների, պետական ու տեղական բյուջեին պարտապանների ցուցակը՝ պարզվեց, որ նրանց ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 60-65%-ը, պետական չինովնիկներ են՝ մարզպետարանի եւ իրավապահ համակարգի, դատախազության, հարկային եւ մաքսային ծառայությունների աշխատակիցներ, այսինքն՝ մարդիկ, որոնք ակնհայտորեն չեն կարող ասել, թե իրենք վճարունակ չեն, եթե ֆորմալ դատենք՝ գոնե աշխատավարձ ստանում են։ Եվ այդ ցուցակը հրապարակեցինք մարզային հեռուստատեսությամբ։ Նույնն արվել է Արարատում, նույնը հիմա արվում է Կոտայքում եւ բոլոր մարզերում»։

Ընդմիջենք պրն Հարությունյանին, պարզաբանելու համար, թե ինչո՞ւ է նա հատկապես վարձավճարների հավաքման խնդիրները օրինակ բերում։ Վարչապետի մեկ այլ հանձնարարականով նա է վերահսկում ջեռուցման եւ ոռոգման ջրի դիմաց վարձավճարների հավաքման գործընթացը։ «Բոլորովին վերջերս Լոռու մարզպետարանում անցկացվեց մարզային խորհրդի նիստ, որտեղ գյուղ առ գյուղ, համայնքապետ առ համայնքապետ կանգնեցրել եւ ասել են՝ «Այ, անձամբ քո պարտքն այսքան է, եթե դու եւ քո եղբայրը, բարեկամը հողի հարկ, գույքահարկ չեք վճարել՝ ինչպե՞ս կարող ես որեւէ մեկից պահանջել, որ վճարեն»։ Եվ սա դարձավ մարզպետների ամենամսյա ելույթների հիմնական լեյտմոտիվը։ Ցուցակները մարզերում դարձել են քննարկումների առարկա։ Մենք ժամանակ ենք տվել, եւ օգոստոսին էլ այս ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։ Պիտի նախ եւ առաջ բոլոր չինովնիկները պետության առջեւ իրենց պարտականությունները կատարեն»։

Այս ամենի վերաբերյալ Խոսրով Հարությունյանի եզրակացությունը նաեւ այս էր. «Անվճարունակ քաղաքացիները պետության նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելիս անհամեմատ ավելի պարկեշտ եւ պատասխանատու են, քան մնացածները»։

Սակայն վերադառնանք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ իրականացվելիք վարչապետի նշած քայլերին։ Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, որ հիմնականում մարզային թերթերի եւ հեռուստաընկերությունների միջոցով են հրապարակվելու այդ անունները եւ ընտրողներին ներկայացվելու իրենց ընտրած համայնքապետի աշխատանքի արդյունքները։ Գնահատականներ տալու իրավունքը մարզպետինն է. «Թե որքանո՞վ դա կազդի ընտրությունների վրա, եւ ընտրողները որքանո՞վ հաշվի կառնեն այդ որակումները՝ ապագան ցույց կտա»։ Մտավախություն չունե՞ն, որ մարզպետներն այս հնարավորությունը եւս մի լրացուցիչ լծակ կդարձնեն ընտրություններում իրենց ցանկալի թեկնածուներին անցկացնելու եւ ոչ-ձեռնտուներին ասպարեզից հեռացնելու համար, մեր այս հարցին պրն Հարությունյանը պատասխանեց, թե իրենք որոշ մեխանիզմներ ունեն կանխելու նման երեւույթները։ Ասենք, այժմ էլ մարզպետարաններից այս կամ այն համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկ են ստանում. «Բայց մենք մանրամասն ուսումնասիրում ենք եւ պետք է խիստ հիմնավորված լինի, թե ինչով է թելադրված այդ որոշումը»։

Եվ վերջապես, այս բոլոր գործընթացներն առայժմ Երեւանից դուրս են ծավալվում։ Համայնքապետերի աշխատանքի արդյունքների գնահատականները նաեւ մայրաքաղաքո՞ւմ պիտի հնչեցվեն։ Եվ ո՞վ է լինելու գնահատողը։ Մեր այս հարցերին ի պատասխան Խոսրով Հարությունյանը պարզաբանեց, թե մոտեցումներում բացառություն կամ տարբերակում չի լինելու. «Նույն խնդիրը դրված է ե՛ւ Երեւանի քաղաքապետարանի, ե՛ւ թաղապետարանների առջեւ»։ Իսկ Երեւանի այդպես էլ անհայտ քաղաքապետի փոխարեն որակումներ տալու պատասխանատվությունը կստանձնեն փոխքաղաքապետերը. «Նրանք սեփական ոլորտներն ունեն, որոնց համար նույնիսկ քաղաքապետի առկայության դեպքում պատասխանատվություն են կրում։ Այնպես որ, յուրաքանչյուր տեղակալն այս խնդիրներն իր մասով կարգավորելու հնարավորություն ունի»։

Այսօր տարածքային կառավարման նախարարը եւս մի խորհրդակցություն է անցկացնելու, որտեղ անդրադառնալու են նաեւ Երեւանում նման բացահայտումներ անելու ժամկետներին եւ այլ հարցերին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031