Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՌԱՆ ՄԻ ՇՈԳ ԱՌԱՎՈՏ…

Օգոստոս 04,1999 00:00
loxazgest

Հանրապետության գլխավոր սրտաբանը երեկ մեզանից չթաքցրեց, որ շոգից ոչ ոք չի մեռնի։ Եթե նույնիսկ 40 աստիճանից բարձր ջերմաստիճան գրանցվի, միեւնույն է, մեռնող չի լինի։ Չենք մեռնի, բայց կապրե՞նք։ Ասում են՝ դիմացեք, շոգի հետ հաշտ եղեք, շատ հեղուկ ըմպեք ու դիմացեք (հայե՜ր)։ Մի կերպ դիմանում ենք ու դեռ ստիպված ենք լուսաբանել երկրի քաղաքական դաշտի ամառը։

Բնությունն ամենահզորն է, սակայն նույնիսկ բնական ծառն ու ծաղիկը շոգին չեն դիմանում եւ թոշնում են արեւի չափազանց հզոր ջերմությունից։ Դե, եթե բնությունը չի դիմանում, մեր խեղճ քաղաքական գործիչները ո՞նց դիմանան եւ հանուն ինչի՞ դիմանան։ Նույնիսկ ասուլիսասեր Հայրիկյանը չի երեւում քաղաքական ամռան երկնակամարում։ Ու էս ամռան շոգին ոչինչ չի մնում, բացի քաղաքական գործիչների ամառային հանգիստը լուսաբանելուց։

Նա կգա շոգեքարշով (паровоз)

ՀԿԿ կենտկոմում ճիշտ այնպիսի սրտաճմլիկ շոգ էր, որպիսին կարող է լինել միայն կարմիրների մոտ։ Ոչ ոք չկար, նույնիսկ հավերժական Եկատերինա Արսենեւնան ուշանում էր։ Հետո իմացանք, որ վատառողջ է։ Իսկ ընկեր Աշոտը խիստ երկիմաստ պատասխաններ էր տալիս իմ այն հարցին, թե «Որտե՞ղ է ընկեր Բադալյանը»։ Պարզվում է այսպիսի անմեղ մի հարցը կարող է ընկերներին խիստ կասկածելի թվալ. «Ձեզ ո՞վ է ասել, որ ընկեր Բադալյանը քաղաքում չի։ Ինչո՞ւ եք հատկապես նրա անձով հետաքրքրվում»։ Աստված սիրեք (բայց ի՞նչ Աստված, այստեղ միայն աթեիստներ են) պարզապես գրելու բան չունեմ։ Բայց արի ու տես, ընկեր Բադալյանի բացակայությունը լրջորեն քողարկվում էր. «Գնացել է Ֆինլանդիա, այսպես որ գրեք, թող հակառակորդները զգուշանան»։ Չնայած ընկեր Բադալյանին շատ էլ հարգում եմ, բայց չէի կարող մտքումս գոնե զուգահեռներ չանցկացնել «Լենինը Լեհաստանում», «Լենինը շալաշում» եւ պատմական այլ սյուժեների հետ։ Եվ այսպես. «Որտե՞ղ է ընկեր Բադալյանը» անմեղ հարցս, դարձավ խիստ գաղտնի մի գաղտնիքի բացահայտման սկիզբ։ Իսկ կոմունիստների երեւակայությունը ծանոթ սյուժեներից այն կողմ չի անցնում, ու եթե նորից հեղափոխություն լինի, հատուկ սցենարիստ պետք չէ, պարզապես լավ պրոդյուսեր է հարկավոր։

Մենք Հոլիվուդո՞ւմ ենք

Շարունակելով շարժանկարի թեման, ասեմ, որ ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանին խիստ զարմացրեց ամառային հանգստի մասին հարցս. «Մի՞թե ավելի լուրջ թեմաներ չկան»,- հետաքրքրվեց ԱԺՄ առաջնորդը։ «Կարծում եք հանրապետության քաղաքական կյանքը էս շոգին եռո՞ւմ է»,- հարցնում եմ պրն Մանուկյանին։ Պարզվում է նա էլ ինձ հետ համաձայն է եւ ասում է, թե՝ «ընդհակառակը՝ մեռած» է։ Իսկ մեռած բանի մասին ուրիշ ինչ է մնում անել։ Չէ, հոգեհանգիստ կարդալու հարկ չկա, շուտով կգա մեր հույսերի աշունն ու հետո՝ մեր հոգսերի ձմեռը։ Պրն Վազգեն Մանուկյանը պարզապես ցավ հայտնեց, որ «Հայաստանը կամաց-կամաց դառնում է Հոլիվուդ»։ Այսինքն գրում ենք, թե ով ամռանն ինչպես է հանգստացել, բայց բամբասանքից այն կողմ չենք գնում։ Առանց բամբասանքի մեջբերելով Վազգեն Մանուկյանի խոսքերը, հայտնենք ԱԺՄ երկրպագուներին, որ նրանց առաջնորդը վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, ուր մեկնել էր իր մի քանի ընկերների հրավերով։ Առաջիկայում պրն Մանուկյանը չի պատրաստվում որեւէ տեղ մեկնել. «Օգոստոսին, դեռ չգիտեմ, երեւի գնամ Դիլիջան»։

ՀՅԴ-ն հենց նոր եկավ ճաշարանից

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամների ամառային հանգիստը լուսաբանելու բուռն ցանկությամբ դիմեցինք դաշնակցության գրասենյակ։ Այստեղից մեզ հայտնեցին, որ ընկերներ Վահանը, Հրանտը եւ Արմենը (համապատասխանաբար՝ Հովհաննիսյան, Մարգարյան եւ Ռուստամյան) «հենց նոր ճաշարանից են բարձրացել, ամռանը Երեւանում են եղել, մեկ-մեկ էլ շրջաններն են մեկնել ու երեւի էլի կմեկնեն»։ Կուսակցական բուռն գործունեությունը հավանաբար ընկերներին զրկել է հանգստանալու հնարավորությունից։ Հնարավոր է, ակտիվ հանգստի չմեկնելը կապված է նաեւ խորհրդարանական ընտրությունների հետ կապված ծախսերի հետ։ Սովորական ընտանիքում էլ է այդպես. երբ մի լուրջ, խոշոր, արժեքավոր բան ես գնում, հանգստի համար փող չի մնում։

«Ակտիվ հանգիստ, պասիվ գործունեություն» ԻՄ-ը սիրում է ամեն առիթով կարգախոսներ հորինել։ Այս ամռան կարգախոսը հենց սա է։ ԻՄ դիվանը իր անդամներին ինքնորոշվելու հնարավորություն է տվել նաեւ ամառային հանգստի կազմակերպման հարցում։ Հավանաբար, ֆինանսական ճգնաժամը Պարույր Հայրիկյանի գրպանին չի հարվածել (մանավանդ՝ նա որեւէ խոշոր գնում չի կատարել) եւ, ամեն տարվա պես, այս ամառ եւս պարոն Հայրիկյանը գտնվում է ԱՄՆ-ում՝ «ընտանյոք հանդերձ», ինչպես պարզաբանեց Նորայր Խանզադյանը։ ԻՄ-ում հանգստանալ սիրում են եւ հատկապես՝ «ընտանյոք հանդերձ» ձեւով, քանի որ «Ներսեսն ընտանյոք Ծաղկաձորում է», Արամ Հարությունյանը՝ վթարի հետեւանքները վերացնելու պատճառով՝ հարազատ Արտաշատում, իսկ բազմաչարչար Նորայր Խանզադյանը «բարխտնի սեզոնը» կվայելի «իմ ծննդավայր Սեւանում» (ԻՄ-ը կարդալ փոքրատառերով, որպես հասարակ դերանուն)։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Հ. Գ. Այն կուսակցություններն ու կուսակցական գործիչները, որոնց ամառային հանգիստը չհասցրինք լուսաբանել, թող չվիրավորվեն։ «Առավոտը» պատրաստ է նրանց լուսանկարել ամառային նարդու սեղանի շուրջ, «շորտերով» եւ հողաթափերով, խորովածի ծխից սեւացած ու Սեւանի արեւից հալումաշ։ Ընդունվում են կոլեկտիվ հայտեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031