Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՎԱԾ ՍՈՒՏԸ ՍՈՒՏ ՉԷ, ԻՍԿ ՏՊԱԳՐՎԱԾԸ…

Օգոստոս 03,1999 00:00
Vardan Devrikyan

«Իրավունք» թերթի այս տարվա հուլիսի 16-22-ի համարում «Սրբապղծություն» հոգեսարսուռ վերնագրի ներքո լույս է տեսել «Գրքի գողը գող չէ, իսկ Ավետարանի…» հոդվածը։

Անձնապես մոտ տասը տարվա ծանոթություն ունենալով հոդվածագրի հետ, մարդկայնորեն դժվարանում եմ այս պատասխանը գրելը, սակայն անպատասխան թողնելն էլ արդեն ինձ համար խորագրի բնորոշմամբ սրբապղծություն կլիներ։ Հոդվածում պատմվում է, թե ինչպես մեկը կողոպտում է Հայկաձոր գյուղի բնակիչ Միշա Ներսիսյանի տանը պահվող եւ պապից ժառանգված հոգեւոր մասունքները, որոնցից մի Ավետարան բերում է Մատենադարան եւ ինչպես հոդվածում է ասվում. «Հանցագործին հաջողվում է լեզու գտնել Մատենադարանի տնօրեն Սեն Արեւշատյանի հետ եւ ընդամենը 50 ԱՄՆ դոլարով վաճառել արծաթադրվագ այդ հին Ավետարանը»։ Ինչ է նշանակում լեզու գտնել Մատենադարանի տնօրենի հետ, մի՞թե հանցավոր որեւէ գործարք է կնքվել, որտեղից տնօրենը պետք է իմանար, որ այդ Ավետարանը գողացված է։ Ինչ է, յուրաքանչյուր ձեռագիր գնելուց առաջ թույլտվություն էր խնդրելու «Իրավունքի» խմբագրությունի՞ց, կամ նրա աշխատակիցների միջոցով համապատասխան հետաքննությո՞ւն էր անցկացնելու։

Անցյալի արժեքների հավաքմանն ու պահպանությանը ծառայող յուրաքանչյուր հաստատության իրավունքների մեջ է մտնում նման գնումներով իր ֆոնդերը համալրելը, որոնց որեւէ նախաքննություն չի նախորդում, պարզապես նշվում են վաճառողի տվյալները եւ գնվածի համապատասխան նկարագրությունն է կատարվում եւ այս տվյալներն անհրաժեշտության դեպքում տրամադրվում են իրավապահ մարմիններին։ Այնպես որ, Սեն Արեւշատյանը ոչ թե «լեզու է գտել» հանցագործի հետ, այլ մտավորականի, միջնադարագետի եւ տնօրենի իր պարտքն է կատարել՝ եւս մեկ միավորով համալրելով Մատենադարանի հավաքածուն։

Այնուհետեւ ասվում է, որ երբ պարզվում է, թե գողը հիսուն դոլարով այս Ավետարանը վաճառել է Մատենադարանին, քննիչը տուժողի հետ գալիս է նախաքննության, ապա եւ տիրոջը վերադարձնելու համար պահանջում է Ավետարանը, սակայն տնօրենը չի համաձայնվում, որից հետո տուժողն առաջարկում է «հետ վաճառել իրեն, բայց ապարդյուն»։ Այս մերժման մասին հոդվածում գրված է. «Ինչքանով է հարիր գիտնականին գործարքի մեջ մտնել հանցագործի հետ, թեկուզ այդ գործարքի արդյունքում Մատենադարանը միլիոններ շահի»։ Քննիչի պահանջից մինչ Մատենադարանի շահելիք միլիոնները ձգվող այս պատմության մասին ասենք հետեւյալը. եթե հարգարժան հոդվածագիրն անվերապահորեն չհավատար Միշա Ներսիսյանին եւ հոդվածը չգրեր նրա հուզախառն պատմության հիման վրա, ապա կպարզվեր, որ քննիչն Ավետարանը պահանջել է գործին կցելու եւ ոչ թե քննությունից հետո տիրոջը վերադարձնելու համար։ Նման պահանջ միայն դատարանն է ներկայացնում։ Սեն Արեւշատյանն էլ առաջարկել է, որ Ավետարանը դուրս չհանվի Մատենադարանից, այլ տրվի նրա լուսապատճենը, որն ընդունված է համանման դեպքերում։

Ինչ վերաբերում է հոդվածում հիշատակված գիտնականի պահվածքին, ասենք, որ մեծահարգ գիտնականին կարելի կլիներ մեղադրել միայն այն դեպքում, եթե Մատենադարան մուտք գործած եւ համապատասխան թվահամար ստացած միավորը վերադարձվեր առանց դատարանի համապատասխան որոշման ու վճռի, հիմնվելով ներկայացած քաղաքացու այն խոսքերի վրա, թե այդ Ավետարանն իրենից է գողացվել։ Մենք որեւէ կասկած չունենք, թե այդպես էլ եղել է, բայց մինչ դատարանի վճիռը, վերադարձման իրավական որեւէ հիմք չկա։ Ավելին, Մատենադարանը մասնավոր հավաքածու չէ եւ նրա տնօրենն էլ իր անձնական կոլեկցիայի համար չի գնել, որ դատարանը պարտավորեցնի իսկույն վերադարձնել։ Մատենադարանը հայկական ձեռագրերի ազգային պահոցն է Հայաստանի Հանրապետությունում, եւ թե խորհրդային շրջանում, թե հիմա ունի պետական բացառիկ կարգավիճակ, եւ այնտեղ գրանցված միավորներն արդեն այդպես հեշտությամբ չեն կարող վերադարձվել։

Վերը ասվածը վերաբերում է Մատենադարան մուտք գործած ձեռագրերի պահպանության ու տնօրինման ընդհանուր կարգին, որը տարածվում է բերվող բոլոր գործերի վրա, լինեն դրանք ռոսլինյան եզակի նկարազարդված մատյաններ, թե նոր շրջանի պարզ գրչագրեր։ Ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, որքան էլ զավեշտական է, հիշյալ «արծաթադրվագ» Ավետարանը, որ հոդվածի ընթերցումից թվում է, թե ժողովրդական սրբության վերածված մի եզակի ձեռագիր պետք է լինի, ընդամենը… 1740 թ. պոլսական մի հրատարակություն է, որից կա թե Մատենադարանում, թե Ազգային ու Ակադեմիայի գրադարաններում եւ թե աշխարհի մի շարք այլ գրապահոցներում, նույնիսկ մասնավոր հավաքածուներում։

Նաեւ ոչ թե այս Ավետարանն է արծաթադրվագ, այլ ընդամենը Ա փեղկը։

Նաեւ ասենք, որ տպագիր այս Ավետարանի համար տրվել է ոչ թե հիսուն, ինչպես հոդվածում է գրված, այլ ութսուն դոլար, իսկ տնօրենն այն գնել է հետեւյալ երեք պատճառներով։ Մատենադարանում այս գրքից կա մեկ օրինակ, իսկ հնատիպ գրքերից համանման պահոցներում ցանկալի է ունենալ երկուսը, որպեսզի մեկը պահվի, իսկ մյուսն անհրաժեշտության դեպքում տրվի ուսումնասիրողներին։ Երկրորդ, թեեւ այս Ավետարանից Մատենադարանը «միլիոններ» չէր շահելու, սակայն տնօրենը չի ցանկացել հնատիպ ու հայ վարպետի ձեռքով պատրաստված արծաթյա մեկ փեղկ ունեցող Ավետարանն ուրիշները գնեն եւ արտասահման տանեն, եւ վերջապես երրորդ պատճառը զուտ մարդկային է։ Սեն Արեւշատյանը ոչ թե «լեզու է գտել» գողի հետ, այլ հավատացել ու ազդվել է նրա այն խոսքերից, թե ինքն այս Ավետարանը վաճառում է, որ փրկի իր հիվանդ երեխային եւ տնօրենը գնելով այն ցանկացել է միանգամից երկու բարի գործ կատարել՝ թե գիրքը փրկել եւ թե երեխայի բուժմանն աջակցել։

Ինչ վերաբերում է Մատենադարանի միլիոններ շահելուն, ասենք, որ, եթե այս գործն անգամ եզակի մի ձեռագիր լիներ, որի համար միլիոնավոր դոլարներ առաջարկվեին, դժբախտաբար, թե բարեբախտաբար, դրանից Մատենադարանն ու նրա աշխատակիցները հազարավոր դրամներ էլ չէին շահի, ինչպես չեն շահում այստեղ պահվող մի շարք անկրկնելի ձեռագրերից, քանի որ դրանք չեն ներդրվում արտադրության մեջ, համապատասխան միլիոններ բերելով մի քանի հազար դրամ ստացող Մատենադարանի աշխատակիցներին, ովքեր խնամելով պահպանում եւ ուսումնասիրում են, նշանավոր գիտնական ու հոգեւորական Գարեգին Հովսեփյանի բնորոշմամբ՝ «Մեր ազգային ամենամեծ հարստությունը, որ ժառանգություն ենք ստացել մեր հայրերից»։

Այնպես որ, տպագիր այս հրատարակությունը, եթե իրապես նման արժեք ունենար, ոչ թե Մատենադարանին էր միլիոններ բերելու, այլ հարստացնելու էր անցյալից մեզ ավանդված մեր հոգեւոր-մշակութային ժառանգությունը։

ՎԱՐԴԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ

Մատենադարանի ավագ գիտաշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031