Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Օգոստոս 03,1999 00:00
dataxazutyun

Հրամայական է ազատել պաշտոնից մարզային դատախազին

Ցավում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չկա օրենք պետական աշխատողի թերացումների, իր պարտականությունները չիրագործելու, վստահված աշխատանքում անտարբերության կամ անգործունեության համար, որով հնարավոր կլիներ պատասխանատվության կանչել Շիրակի մարզային դատախազ Վ. Ավագյանին։

Չնայած դրան, հանցագործություն բառը բացատրելիս սահմանվում է, որ հանցագործություն է համարվում հասարակության համար վտանգավոր այն արարքը, որը կատարվում է գործողությամբ կամ անգործունեությամբ։ Անգործունեություն՝ իրավաբանորեն որակվում է որպես հասարակության համար վտանգավոր արարք, առավել եւս վտանգավոր, երբ այն իրականացվում է օրենքի նկատմամբ վերահսկողության պարտավորություն ստանձնած եւ չիրականացրած դատախազը։ Որից հետեւություն անելով պիտի նկատել, որ օրենքի իրականացման նկատմամբ վերահսկողություն չիրականացնողը հովանավոր է դառնում ապօրինությունների եւ անօրինականությունների, տվյալ պարագայում այն վերաբերում է Շիրակի մարզային դատախազ Վ. Ավագյանին։ Նա չի ապրում ավերված քաղաքի հիմնախնդիրներով եւ այս ժողովրդի հոգսերը տեսնում է իր աշխատասենյակի եւ մեքենայի պատուհաններից կամ հասկանում է ռեստորանային վայելքներից, որի գումարներով հաստատ հնարավոր կլիներ տարեկան մեկ բնակելի շենք կառուցել։ Իսկ սոցիալական հիմնախնդիրները եւ ապօրինություններն աճում ու աճում են։ Մեզանում արմատավորվում է ցավալի մի երեւույթ՝ մասսայական չափերի հասնող արտագաղթը։ Նման անտարբերության մթնոլորտում պակասում է վստահությունը, հավատը եւ լավատեսությունը վաղվա նկատմամբ։

Եվ նման պայմաններում ինչ առաքելություն կարող է իրականացնել դատախազ Ավագյանը մարզում օրենքի գերակայության համար։ Այնպես որ, մեր ասածները եւ որակումները համապատասխանում են անգործունեության որակավորմանը, միայն օրենսգրքում բացակայում է հոդվածի առկայությունը։ Բայց չենք կարծում, թե իրավաբանական բացթողումը կարող է իր պարտականությունը չիրականացնողի նկատմամբ անպատժելիության եւ ամենաթողության առիթ դառնալ։ Բոլորին հայտնի է՝ Շիրակում անթիվ են հիմնախնդիրները, անցել է տասը տարի ահավոր երկրաշարժից, բայց դեռ 16 հազար գյումրեցիներ ապրում են ժամանակավոր տնակներում, անմխիթար պայմաններում։ Մենք մտածում ենք, որ Շիրակի վերականգնման, ժողովրդի հոգսերի թեթեւացման, օրենքի կայացման, գալիքի նկատմամբ հավատքի վերականգնման համար անհրաժեշտ է լուծել մեկ գերխնդիր։ Ազատել աշխատանքից մարզային դատախազ Վ. Ավագյանին, անհրաժեշտության դեպքում փաստեր, հիմնավորումներ ինչքան ասեք՝ մարդու իրավունքների խախտումից մինչեւ անպատժելիության մթնոլորտի ստեղծում։

Մենք շարունակական եւ հետեւողական պիտի անդրադառնանք այս հարցի լուծմանը, նրա մեջ տեսնելով մի քանի կարեւոր հիմնախնդիրների լուծում, ինչպես նաեւ հրավիրելով համապատասխան մարմինների ուշադրությունը դատախազ Ավագյանի անգործունեության նկատմամբ։ Դատախազությունը նրա ղեկավարությամբ դարձել է քաղաքական հետապնդումներ, հաշվեհարդարներ իրականացնող եւ կամակատար։ Դատախազի խնդիրը եւ «կյանքի նպատակը» մեկն է՝ այս մարզում չընդունել ամեն մի միտք, առաջընթաց, անբնականության չափ անհեթեթ է այս մարդու համար Շիրակի ներկա վիճակը եւ իրականությունը։ Նրա ազդեցության ոլորտներն անցել են արդեն մարզպետին լիազորված իրավունքների սահմանը։ Իսկ իր բնավորությանը հավատարիմ ստով ու կեղծիքով համեմված սուտը, մարզում, ենթակա չէ երբեք բեկանման՝ ոչ մի ատյանում։ Եվ եթե կանգնելու լինեմ անգամ Հաագայի միջազգային դատարանի առաջ, վստահ կարող եմ հիմնավորել եւ պնդել, որ Գյումրիում օրինականության վերահաստատումը, մարդու իրավունքների վերականգնումը հնարավոր են միայն մարզային դատախազ Վ. Ավագյանի պաշտոնաթողության պայմաններում։

ԱՎԵՏԻՔ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031