Օրերս, վարդերի մի մեծ փնջով, խմբագրություն էր այցելել թիվ 196 դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լարիսա Բադալյանը ու հուզված խնդրում էր շնորհակալություն հայտնել աշխարհագրության հանձնաժողովին՝ օբյեկտիվ գնահատման եւ բարյացակամ վերաբերմունքի համար։
Երբ բուհերի ընդունելության քննությունների կազմակերպիչների ու լրագրող գործընկերներիս մի նեղ շրջանակում միամտություն ունեցա պատմելու այդ մասին, արձագանքը միանշանակ էր՝ «Առավոտը» հաստատ չի գրի այդ մասին, «Առավոտը» մենակ փիս-փիս բաների մասին է գրում։ Բայց «Առավոտը» մեղք չունի, որ մեր իրականության մեջ փիս-փիս բաներն ավելի շատ են։ Իսկ աշխարահագրության հանձնաժողովի հասցեին արված գովեստի խոսքը հետաքրքիր էր այնքանով, որ հենց այս հանձնաժողովին անցյալ տարի բաժին հասավ քննադատության առյուծի բաժինը։ Ծնողների ամենաշատ բողոքներն ու դժգոհություններն աշխարհագրության քննատոմսերի բարդության ու գնահատման չափանիշների խստությանն էր առնչվում։ Առարկայի քննության այս տարվա խաղաղ ընթացքը հաստատում է հանձնաժողովի նախագահ Աշոտ Խոյեցյանի՝ քննություների սկզբին «Առավոտին» տված հարցազրույցի այն պնդումները, որ այս տարի թե քննատոմսերի կառուցվածքում, թե գնահատման չափանիշներում կատարվել են զգալի փոփոխություններ՝ հօգուտ դիմորդի։
Դիմորդների նկատմամբ մեղմ լինելու մի պատճառ էլ ունի այս հանձնաժողովը։ Խոսքը թափուր տեղերի հեռանկար ունեցող այն մասնագիտությունների մասին է, որոնց ընդունելության քննություններից է աշխարհագրությունը։ Նույնիսկ ասում են, որ որոշ բուհերի ռեկտորների մտահոգությունը հաշվի առնելով, պայմանավորվածություն կա շատ խիստ չլինել դիմորդների նկատմամբ։ Հանձնաժողովի նախագահ Աշոտ Խոյեցյանը չժխտելով վերը բերված փաստարկները, նաեւ իր փաստարկն ավելացրեց, ըստ որի՝ այս տարի դիմորդները շատ ավելի լավ են պատրաստված։ Իհարկե, այս տարի էլ կան այս առարկայի քննության համար պատահական հայտ ներկայացնողներ եւ պարզապես բախտները փորձողներ՝ չնայած նրանք արդեն հատ ու կենտ են։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Մկրտչյանը, որ անցյալ քննություններից հետո մի քանի հրապարակումներով հանդես էր եկել «Առավոտում», պահանջելով բարեփոխել քննատոմսերը, մի նրբության վրա էլ ուշադրություն հրավիրեց։ Դիմորդները նաեւ իրենց համար ոչ անհրաժեշտ քննությունների համար են հայտ ներկայացնում, որպեսզի անհրաժեշտ քննությունների միջեւ եղած օրերի տարբերությունն ավելի մեծ լինի։
Իսկ «Առավոտի» ոտը աշխարհագրության քննությանը այնքան էլ խերով չէր։ Հենց միայն այն մեկ ժամվա ընթացքում, որ իբրեւ դիտորդ ներկա էինք քննությանը, զուգարան գնալու ցանկություն հայտնած երկու տղա դիմորդի մոտից ծածկագիր գտան։ Հանձնաժողովի նախագահի տեղակալի հավաստմամբ՝ դա առաջին դեպքն էր ողջ քննությունների ընթացքում։
Կարդացեք նաև
ԵՊՀ նույն շենքում ընթացող ֆիզիկայի քննությանը մեկ այլ чп էր . մեկ ժամվա ընթացքում երկու աղջիկ դիմորդ բժշկի կարիք էր ունեցել, ընդ որում, ինչպես հետո ճշտեցինք, նրանցից մեկի համար կազմվել էր համապատասխան արձանագրություն՝ քննությունը հետաձգելու համար, մյուսը շարունակել էր քննությունը։ Մեր գտած ամենաանմեղ բացատրությունը՝ քննասենյակում խի՜ստ տոթ լինելը, ջերմեռանդորեն ժխտվեց հանձնաժողովի նախագահի կողմից, որն ամեն կերպ ջանում էր համոզել, որ ոչ մի պրոբլեմ չունեն եւ ամեն ինչ շա՜տ լավ է ընթանում։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ