Վաղուց արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ քաղաքի կենտրոնական զբոսայգիները, կանաչ գոտիները վաղ թե ուշ պետք է վերածվեին սրճարանների ու պաղպաղականոցների, եւ կենսաթոշակառուները, երիտասարդ մայրերն ու նրանց երեխաները, երիտասարդ զույգերը զրկվեին հանգստանալու եւ հետաքրքիր ժամանակ անցկացնելու միակ հնարավորությունից։
Ճիշտ է, դեռեւս սրճարաններ ու պաղպաղականոցներ չեն դարձվել Կարապի դատարկ լիճը, «շրջափակված» Ազատության հրապարակը, հիշողություն դարձած պետքարանի քանդուքարափ եղած տարածքը։ Մ. Սարյանի, Թամանյանի, Կոնսերվատորիայի, Շահումյանի եւ մյուս զբոսայգիների «սեփականաշնորհման» հաղթարշավին զուգընթաց, «բարեխղճորեն» շարունակվում է մայթերի գրավման եւ «կանաչ» գոտիներն ընդլայնելու բուռն գործունեությունը։ Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկից սկսած, մայթի մի կողմը «սեփականաշնորհվել» է եւ սեղան-աթոռներ են շարվել սուրճ եւ պաղպաղակ սպասարկելու համար։ Դա դեռ քիչ է, ժապավենով էլ այնպես են փակել, կարծես ներքեւից եկողը այդտեղ մտնելու իրավունք չունի։ Եվ եթե որեւէ մեկը մայթի այդ կողմում իրեն հետաքրքրող բան ուզենա տեսնել, անպայման պետք է ժապավենի կողքով բարձրանա վերեւ, «իրավունք նվաճի» անցնել այն կողմ, տեսնել իրեն հետաքրքրածը ու վերադառնա։ Այդպես կատարվեց նաեւ մեզ հետ։ Պատին փակցված էր մի հուշաքար: Հեռվից լավ չէր երեւում, ուզում էինք իմանալ, թե ումն է։
Բարձրացանք վերեւ, ներս մտանք «սեփականաշնորհված» տարածքը եւ տեսանք, որ այն հայտնի ջութակահար Կարապետ Հայրապետյանի հուշաքարն է։ Բա եղա՞վ։ Զավեշտ է, չէ՞։ Նույնպիսի ինքնագործ «սեփականաշնորհում» է կատարել Սայաթ-Նովա 26 շենքի եւ Հանրապետության փողոցի խաչմերուկի անկյունում։ Дока бар-ի հատակին էլ կանաչ գործվածք են փռել՝ կանաչի տեսք տալու համար, սակայն հատակի բետոնե փոքրիկ սալիկները, մեր կարծիքով, ավելի գեղեցիկ են ու հարմարավետ։ Բանը հասել է այնտեղ, որ Սայաթ-Նովա 5 շենքի մայթին նույնիսկ պատշգամբ են կառուցել։ Ինքնագործունեությամբ բազմաթիվ «սեփականաշնորհված» մայթեր կարելի է տեսնել Կիեւյան, Օրբելի, Մաշտոցի, Արշակունյաց եւ այլ փողոցներում։
«Ընդօրինակելով» արտասահմանյան երկրների հարուստ փորձը, մրցության մեջ մտնելով միմյանց հետ, մարդիկ ձգտում են արհեստական միջոցներով ավելի հետաքրքիր դարձնել կյանքը, գեղեցկացնել իրենց շրջապատը, խանութը, սրճարանը եւ այլն։
Կարդացեք նաև
Սակայն միշտ չէ, որ արհեստականով հնարավոր է բնական գեղեցկություն ստեղծել կամ նույնիսկ մոտեցնել բնականին։ Իզուր չէ, որ բնակարաններում, հիմնարկ-ձեռնարկություններում ծաղիկներ են աճեցնում, կանաչ տարածքներ ստեղծում՝ բնության հոտն ու վայելքը ճաշակելու, ինչ-որ տեղ նաեւ օդը թարմացնելու նպատակով։
Փոխանակ կանաչ տարածքներն ավելի ընդլայնելու, գեղեցկացնելու, ձեւավորելու, գետնին փռում են էժանագին սինթետիկ գործվածքներ։ Առաջին հայացքից թվում է, թե դա ավելի գեղեցիկ ու ճաշակով է։ Սակայն միայն առաջին հայացքից։ Թերեւս ինչ-որ ձեւով կարելի է արդարացնել դա, որովհետեւ, հավանաբար, հնարավոր չէ բնական կանաչ գոտի ստեղծել։ Սակայն դրանով հողին զրկել են մարդուն հաճույք պատճառելու բնական հնարավորությունից, այն ծածկել են արհեստական գործվածքով՝ իբր ստեղծել են կանաչ տարածություն։ Այդ երբվանի՞ց է արհեստականը բնականից գեղեցիկ դարձել, ո՞ւմ մտքի թռիչքով։
Երբեմն էլ այլ «նորամուծություն» են կատարում։ Այդ գործվածքներով ծածկում են մայթերը, սրճարանների, խանութների առջեւի տարածքները, որոնք ճարտարապետների հատուկ հանձնաժողովների ճաշակով ու որոշմամբ սալահատակվել են բետոնե գեղեցիկ սալիկներով ու հաճելի տեսք են տալիս քաղաքին։ Ցանկացած ժամանակ կարելի է դրանք լվանալ, մաքրել, երբեք տեսքը չեն կորցնի։ Արհեստական նման գործվածքները միանգամայն արդարացի է օգտագործել մշակույթի օջախներում՝ կինոներում, թատրոններում, կուլտուրայի տներում, քանզի դրանցում բնական կանաչ զանգվածներ ստեղծել գրեթե հնարավոր չէ։ Իսկ եթե հնարավոր լինի, ամենայն սիրով կանեն, ինչպես արված է, օրինակ, Սունդուկյանի անվան թատրոնում։
ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ