Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներին փող են պարտք տալիս

Օգոստոս 03,1999 00:00
dram

ՀՀ գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ծրագրի (ԳԲԱԾ) գրասենյակը Համաշխարհային բանկի (ՀԲ) տրամադրած վարկերով (նաեւ ՀՀ կառավարության սահմանափակ հատկացումներով) ֆինանսավորում է երկրի գյուղացիական տնտեսություններին։ Անցել է 10 ամիս։

Գրասենյակին հատկացված 19,8 մլն դոլար ընդհանուր գումարից (14,5 մլն դոլարը ՀԲ-ինն է, 5,3 մլն դոլարը՝ կառավարությանը) հիշյալ ժամանակամիջոցում 2,5 մլն դոլարը հատկացվել է գյուղացիական տնտեսություններին։

ՀԲ-ն առաջարկել էր գրասենյակին տրամադրել կարճաժամկետ վարկեր։

– Սակայն երկարատեւ բանակցությունների ընթացքում,- ասաց ԳԲԱԾ-ի գրասենյակի տնօրեն Լեւոն Աղամյանը,- համոզեցինք, որ հարկավոր են նաեւ երկարաժամկետ վարկեր՝ ինչքանով որ երկրում շատ-շատ են նման վարկի կարիք ունեցող խոշոր տնտեսությունները եւ գյուղմթերքի վերամշակման փոքր ձեռնարկությունները։ Մեր գրասենյակի հետ առեւտրային հինգ բանկերի կնքած պայմանագրերով նախատեսվում են պարզորոշ լծակներ։ Նման երաշխիքներ ներառվում են նաեւ բանկերի՝ գրասենյակին տրված հաշվետվություններում։ Մյուս կողմից գրասենյակն ամեն անգամ գումար պահանջելիս ՀԲ-ին ներկայացնում է վարկավորման ընթացքի արդյունքները։

Այնուհանդերձ, ինչքանո՞վ են օգտագործվում տրամադրվող գումարները։ Ներկայացնում ենք վարկավորման պատկերն ըստ հինգ բանկերի:

Հայագրոբանկ

Ստացված 236 հազար դոլարի համարժեք դրամը հատկացվել է Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի գյուղացիական տնտեսություններին։ Դրանից 129,8 հազար դոլարը հատկացվել է անասնապահական, 106,2 հազարը՝ բուսաբուծական տնտեսություններին։

Արդշինբանկ

250000 դոլարը տրվել է Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Կոտայքի գյուղատնտեսություններին՝ բաշխելով ըստ հետեւյալ ուղղությունների՝ անասնապահություն՝ 80350 դոլար, բանջարեղենի արտադրություն՝ 74700 դոլար, թռչնաբուծություն՝ 24200 դոլար, մեղվաբուծություն՝ 21200 դոլար, հացահատիկային մշակաբույսեր՝ 18250 դոլար, մրգաչրի արտադրություն՝ 151000 դոլար, գյուղտեխնիկայի նորոգում՝ 10500 դոլար։

«Հայգյուղփոխօգնություն» բանկ

36.716500 դոլարի վարկը հատկացրել է Արմավիրի, Արարատի, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի, Լոռվա մարզերի 29 երկրագործական եւ անասնապահական տնտեսություններին։ Դրանցից հատկապես մեծ են Արեւիկ եւ Հոկտեմբեր (Արմավիր), Ավշար (Արարատ), Ջրառատ (Շիրակ), Կուրթան (Լոռի) գյուղերի վարկերը։

«Կրեդիտսերվիս» բանկ

229 հազար դոլարը հատկացվել է Կոտայքի եւ Լոռվա գյուղացիական տնտեսություններին՝ հողագործություն՝ 41 հազար դոլար, անասնապահություն՝ 188 հազար դոլար։

«Երեւանկրեդիտ» բանկը հրաժարվեց տվյալներ տալ՝ պատճառաբանելով, թե օրենքով դրանք չի թույլատրվում հրապարակել։

Վարկերի օգտագործման նպատակային լինելը ցույց տալու համար, անշուշտ, հարկավոր է ներկայացնել վարկառուների անուններն ու բնակավայրերը։ Այս առումով լավ օրինակ է ցույց տալիս «Հայգյուղփոխօգնություն» բանկը։ Արդշինբանկը, Հայագրոբանկը, «Կրեդիտսերվիս» բանկը, առաջնորդվելով բանկերի մասին օրենքով, ներկայացնում են ընդհանուր վիճակագրական տվյալներ, որը, ցավոք, համարժեք է ոչինչ չասելուն։ Իսկ «Երեւանկրեդիտ» բանկն այս առումով հասել է իր զենիթին՝ պատճառաբանելով, թե բանկի բոլոր տվյալները գաղտնի են։ Ուրեմն, որպեսզի յուրաքանչյուր բանկ յուրովի չկիրառի օրենքի պահանջները՝ իր վերաբերմունքը պիտի հայտնի ՀՀ կենտրոնական բանկը։

Ի դեպ, երկրում վարկավորումն առայժմ արդարացնում է Արարատյան դաշտի տնտեսություններում։ Հայտնի է, առեւտրային բանկերը հատկացնում են վարկեր վարկառուներից գրավ (հող, շենք, անասուններ, մեքենաներ) վերցնելու պայմանով։ Իսկ բանկերը նախընտրում են հիշյալ տնտեսությունների գրավը, որովհետեւ ունեն համեմատաբար կայուն արժեք, քան երկրի մյուս վայրերում։ Կնշանակի սակավաթիվ գյուղացիներն են ի վիճակի վարկ ստանալու համար գրավ դնել բանկերում։

ՄԱՅԻՍ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031