Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂՔԻ ՏՂԱ, ԳԵՂԻ ԴՎԻԺԵՆԻ

Օգոստոս 03,1999 00:00
energia

«Առավոտն» արդեն անդրադարձել է Արագածոտն մարզի Արագածի տարածաշրջանի էլցանցի մասնաճյուղին, որին սպասվում էր լուծարում եւ միավորում Ապարանին։ ՀՀ էներգետիկայի նախարարությունն ընդառաջ գնաց արագածցիների թախանձանքներին, եւ մասնաճյուղը մնաց։ Սակայն…

Կյանքը երիցս հաստատել է, թե որքան ափսոսալի բաներ են կատարվում այն կազմակերպությունում, որին սպառնում է լուծարում կամ միավորում։ Այս առումով դաժան ճակատագիր է բաժին հասել «Կենտրոնական էլեկտրացանց» ՊՓԲԸ «Արագած» մասնաճյուղին, որը վերջին մեկ-երկու տարում արդեն մի քանի անգամ «միավորվել» է «Ապարան» մասնաճյուղին։ Եվ ամեն «միավորում» ծանր ու տխուր հետեւանքներ է թողել մասնաճյուղի վրա։

Ավաղ, ցավը միայն դա չի եղել։ Ո՞վ գիտե, գուցե նախախնամության կամոք մասնաճյուղն արդեն երեք տարի «տառապում» է խրոնիկ հիվանդությամբ, որի ճշգրիտ ախտորոշումը տվել են տեղացիները՝ «տնօրինափոխություն»։ Երեք տարում՝ չորս տնօրեն։ Հավանաբար, արագածյան լույսը շլացնող է ու գայթակղիչ, եւ որպեսզի դրանից բոլոր ցանկացողներին բաժին հասնի, վերեւներում արագ հերթափոխում են։ Բայց այս չորրորդն, ի տարբերություն նախորդների, քաղաքից եկած է եւ լույսի գինն էլ շատ լավ գիտի։ Շուրջ մեկ տարի առաջ եկավ, այն էլ՝ ապշեցուցիչ շքախմբով՝ երկու փոխտնօրեն, համակարգչի աշխատող (միամի՛տ ընթերցող, հանկարծ չկարծես, թե Արագածում համակարգչից գաղափար չունեն), սպասարկող անձնակազմ՝ վարորդով ու մեքենայով եւ, իհարկե, իր ընտանիքով։ Արագածցին էլ՝ լեռնցու իր շիտակությամբ, միամտությամբ եւ հյուրասիրությամբ Արթուր Սերգոյանին իր գլխին դրեց։ Մի քիչ էլ դյուրահավատությամբ կարծեց, թե քաղքի տեսած, կերած-խմած տղա է, խիղճ կունենա խեղճ ու կրակների հանդեպ, տան լույս չի կտրի…

Ահավասիկ, սկսվեց իրավաբան-էներգետիկ տնօրենի «արագածանվեր» գործունեությունը։ Լույսն առավ իր ափի մեջ, շոյեց, գուրգուրեց, արժեքն առավել լավ հասկացավ ու իր համար շուտասելուկ հորինեց. «Վարձը տվեք՝ տամ, չե՞ք տա՝ չեմ տա»։ Ու ծայր առան համատարած անջատումներ՝ մթություն սփռելով արագածյան աշխարհում։

Նախնական շրջանում Ա. Սերգոյանին իսկապես թվում էր՝ Արագածում իր անելիքը անջատում-միացումները պիտի լինեն ու մեկ էլ գանձումների կազմակերպումը։ Բայց հետո, երբ անցել էր «մաքուր» աշխատելու շրջանը, աչքը սկսեց դես-դեն գցել, նկատել «ավելորդ» տրանսֆորմատորներ, վառելանյութի տարողություններ, վերջերս էլ ափսոսանքի զգացում ապրեց էլցանցի մերձակա շենքերի ու տարածքի հանդեպ, ուր կարելի է չնչին ներդրումներ կատարել եւ անասնապահական կամ թռչնաբուծական տնտեսություններ վարել։

Երբ մասնաճյուղը թվացյալ հոգեվարքի մեջ էր ու ձեռքից գնում էր, այցելեցինք Ապարան՝ կոլեկտիվին ու նրա ղեկավարին։

-Իմ կարիերան Արագածով չի վերջանում։ Ինքներդ ձեր մասին մտածեք,- ասաց Ա. Սերգոյանը,- ով իր կարիերան դեռ շարունակում է Արագածում՝ շնորհիվ արագածցու…

«Առավոտ» գործուղվելու ճանապարհին ավելորդ չհամարեցինք կանգ առնել էլցանցի «Ապարան» մասնաճյուղում։ Չորս ամիս առաջ այստեղ էլ է կատարվել տնօրենի փոփոխություն։ Արտաշես Հունանյանի կարծիքով, ե՛ւ Ապարանը, ե՛ւ Արագածը տարածական առումով բավականին սփռված են, լեռնային գոտիներում են, եւ մասնաճյուղերի միավորումը ավելի շուտ դժվարություններ առաջ կբերեր, քան թե շահավետություն։

Զրույցի ընթացքում փորձեցինք համեմատության եզրեր փնտրել 2 մասնաճյուղերի միջեւ։ Պարզվեց՝ Արագածը որոշ հարցերում նույնիսկ «գերազանցում» է Ապարանին։ Մեզ մոտ, օրինակ, գերկորուստներն ավելի քիչ են (Ապարանում այդ միտումը նոր-նոր է սկսվել), մերոնք 84 աշխատողով սպասարկում են 22 բնակավայր, ապարանցիները՝ 81-ով՝ 21։ Ում ի՜նչ պետքն է, թե Ապարանը երեք անգամ ավելի բաժանորդ ունի, բա որ փոխարենը չունի ՆԳ բաժնի պահակային հերաթափո՞խ, մեկմեկու փոխարինող քարտուղարուհինե՞ր, երեւանյան հեռախոսակա՞պ, շքեղ աշխատասենյա՞կ…

Եվ ո՞վ կասի, թե սա շռայլություն է…

Անկեղծ ասած՝ չիմացանք՝ պրն Հունանյանը որ գյուղից է։ Եթե Ապարան քաղաքից էլ լինի, միեւնույն է, (մայր)քաղաքի տղու դվիժենի չունի…

ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031