Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ԳԱՆԳՐԱՀԵՐ ԱՎԱՆԱԿ Է»

Օգոստոս 03,1999 00:00
Arshak Sadoyan

Ասում է Արշակ Սադոյանը, բայց այնպես, որ պատասխանատվության չենթարկվի

Արշակ Սադոյանը, ըստ ամենայնի, շատ էր զայրացած, եւ այս ասուլիսը կուտակված բացասական էներգիայի պարպման լավագույն միջոցն էր։

«Ես չգիտեմ, բնության մեջ գանգրահեր ավանակներ լինում են, թե ոչ, բայց հասարակության մեջ այդպիսիք շատ կան»,- անդրադառնալով Հրանտ Բագրատյանի հուլիսի 30-ի ասուլիսում իր հասցեին հնչած որակումներին, ասաց Արշակ Սադոյանը, խնդրելով գանգրահերներին չնեղանալ եւ հիշեցնելով, որ մի խուճուճ Էդո էլ խորհրդարանում ունեն։ «Եթե Հրանտ Բագրատյանն այս խոսքերն իրեն վերագրի, դա էլ իր գործն է»,- լայն բացված աչքերով չքմեղացավ Արշակ Սադոյանը։

Պրն Սադոյանի վիրավորանքը խիստ հասկանալի է։ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, որ իր աները զբաղված է բիզնեսով եւ տարածքներ սեփականաշնորհելով, մինչդեռ Արշակ Սադոյանի թբիլիսաբնակ աները մահացել է 1994-ի մայիսին, եւ ինքն էլ թաղմանը գնացել է ծառայողական ավտոմեքենայով, քանի որ սեփականն այրված էր, եւ բացի այդ, լուծեց մի շարք պետական նշանակության խնդիրներ։ «Այս 8-9 տարիների ընթացքում իմ ազգականները, բարեկամները եւ ընկերները միշտ ինձ ինչ-որ բաներ են առաջարկել, փորձել են ինձ ինչ-որ գործերի մեջ ներքաշել, սակայն հետեւողականորեն մերժել եմ դրանք, եւ թույլ չեմ տվել, որ որեւէ մեկն օգտագործի իմ հեղինակությունն ու անունը»,- զայրանում է Արշակ Սադոյանը։

Հրանտ Բագրատյանը տանում է ծրագրային եւ հետեւողական քաղաքականություն, որի նպատակը հասունացող պատասխանատվությունից խուսափելն է։ Պատասխանատվություն՝ սովի եւ ցրտի տարիների, սեփականաշնորհում կոչվող թալանի, ժողովրդից գողացված հարյուրավոր միլիոն դոլարների համար՝ իր հասցեին տարվող վարկաբեկիչ քաղաքականության թիկունքում նա տեսնում է ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությանը, որը վճարում է Հրանտ Բագրատյանին։ «Ես մեկ ամիս առաջ հայտարարել էի, որ մտադիր եմ ԱԺ առաջիկա նիստերից մեկում կրկին բարձրացնել կոնյակի գործարանի վաճառքի, մասնավորապես 28 մլն դոլարի վճարման հետաձգման հարցը։ Սա չէր կարող չանհանգստացել այդ ընկերությանը, որը եւ կազմակերպում է այս վարկաբեկման քաղաքականությունը։ Ես դիմելու եմ ֆրանսիական դեսպանատանը եւ կառավարությանը, որպեսզի պարզվի, թե որքանով է «Պեռնո Ռիկարը» մասնակից այս գործողություններին»,- այս ասելով Արշակ Սադոյանը հավելեց, որ եթե պարզվի, որ իր ենթադրությունները ճիշտ են, եւ Հրանտ Բագրատյանը գործիք է օտարերկրյա ֆիրմայի ձեռքին՝ Հայաստանի ԱԺ պատգամավորին վարկաբեկելու համար, ապա դա կարելի է համարել ազգային դավաճանություն։ Իսկ իր պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու մեղադրանքով դիմելու է դատարան եւ մի քանի ծանրացուցիչ հանգամանքների դեպքում՝ նրան հասնում է 5 տարվա ազատազրկում։

«Ես պետք է հասնեմ ազատազրկման, տուգանքներով չեմ բավարարվելու»։ Արշակ Սադոյանը խոսեց «ցրտի ու սովի տարիների», այլ մեղավորների մասին եւս, նշելով նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գրիգոր Պողպատյանի, Սեպուհ Թաշճյանի անունները, որոնք միտումնավոր ձեւով թալանել են մեր երկիրը, գողացել միլիոնավոր դոլարներ, ժողովրդին մատնել սովի եւ ցրտի։ Իսկ երբ հարցը հասավ ներկա իշխանություններին, բացահայտվեց ԱԺՄ-ի արդի քաղաքական դիրքորոշումը։ Ուրեմն, եթե հայտնի է, որ նախորդ ռեժիմը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հրանտ Բագրատյանի ղեկավարությամբ միտումնավոր ձեւով է թալանել եւ ավերել երկիրը, ապա Արշակ Սադոյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը ունենալով հնարավորություն դադարեցնել «ԱրմենՏելի» վաճառքը, չարեց դա, այլ ընդհակառակը՝ ֆրանսիացիներին հանձնեց կոնյակի գործարանը, որոնք էլ այսօր մութ դավեր են նյութում իր դեմ։ Արշակ Սադոյանն անզեն աչքով տեսնելով կատարվող ակնառու դրական տեղաշարժերը, տեսնում է, թե Վազգեն Սարգսյանը որչափ խորն է անհանգստացած մեր, երկրի վաղվա օրով։

Վազգեն Սարգսյանը ցանկանում է մնալ պատմության մեջ եւ հասկանում է, որ պատմության դրական մասում տեղ ունենալու համար անհրաժեշտ է լուրջ քայլեր ձեռնարկել, այլապես իր կառավարման շրջանը կհիշվի իբրեւ ավերումների եւ կործանումների շրջան։ Հասկանալի է, որ ԱԺՄ-ն էլ պատրաստ է աջակցել եւ օժանդակել կառավարության, երկրի եւ ժողովրդի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին։

Արշակ Սադոյանին վերջին շրջանում շատ պաշտոններ են առաջարկվել, մինչեւ իսկ՝ էներգետիկայի նախարարի պաշտոնը, սակայն նա հրաժարվել է։ Եվ ճիշտ էլ արել է։ Վարչապետի եւ նախագահի պատմության մեջ ունենալիք դերի համար, նման անկեղծ անհանգստության համար, պրն Սադոյանն արժանի է ավելիին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031