Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օստապ Իբրահիմիչ, վերջապես ե՞րբ է… լուծվելու Ղարաբաղի հարցը

Օգոստոս 03,1999 00:00
Aleqsan Harutyunyan

Պետական համակարգի տարբեր ներկայացուցիչներն այս հարցին տարբեր պատասխաններ են տալիս։ «Լուծումը շատ մոտ է», «վերջին տարում նախագահի իրականացրած քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցնում է վերջնական խաղաղությունը», «բանակցային գործընթացն այսօր խիստ անորոշությունից եկել է խիստ որոշակի վիճակի»,- այս բոլոր ավետիսները մեջբերումներ են նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանի խոսքից։ Նպատակը, մասնավորապես հերքելն էր նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի տեսակետը, թե բանակցային գործընթացը «կայուն անորոշ» վիճակում է։

Պետք է հավելել, որ պրն Սարգսյանն այս տեսակետն արտահայտել էր մինչեւ Ժնեւում Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը։ Գուցե այն շրջադարձային նշանակությո՞ւն է ունեցել, եւ այժմ հակամարտության կարգավորման գործընթացն իրո՞ք մի վճռական փուլո՞ւմ է։ Նաեւ այս հարցն առիթ ունեցանք ուղղելու Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանին (հարցազրույցն ամբողջապես հեռարձակվել է «Ազատություն» ռ/կ-ով)։ Եվ պարզվեց, որ նախագահի նստավայրում իր աշխատասենյակը երկու ամիս առաջ լքած Արամ Սարգսյանն, այնուամենայնիվ, չէր սխալվում։ «Ժնեւից վերադարձից հետո ասել էի, որ դեռեւս վաղ է այս հանդիպումը շրջադարձային համարել,- հիշեցրեց պրն Օսկանյանը։- Այնտեղ դրական պահն այն էր, որ երկու կողմերից ցանկություն է հայտնվել գնալ փոխզիջումային տարբերակով լուծման։ Եվ սա աննախադեպ է, քանի որ Ադրբեջանը մինչեւ հիմա եղել է իսկապես շատ անզիջող այդ հարցում։ Եվ երբ նրանից լսում ենք, որ այո՛, պիտի փոխզիջումային տարբերակով գնանք՝ մեզ համար բավական հուսադրող է։ Բայց դա դեռեւս առաջին քայլն է։ Եվ իրոք դժվար է ասել, թե սա իր վերջնական արդյունքին ե՛րբ կհասնի»։ Ինչեւէ, պրն Օսկանյանը եւս մեկ անգամ հստակ շեշտեց. «Դեռեւս շատ վաղ է ասել, թե երբ կարելի է նման լուրջ առաջընթաց արձանագրել բանակցություններում»։

Aleqsandr Arzumanyan

Այս իրավիճակի վերաբերյալ, երբ կարեւորագույն հարցերում նույնպես պետական այրերը բավական տարբեր հայտարարություններ են անում, մեկնաբանություններ խնդրեցինք Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից. «Հավանաբար սա պայմանավորված է հարցի կարգավորման վերաբերյալ կենտրոնացված մոտեցման բացակայությամբ։ Որեւէ մեկ օղակի կողմից համակարգում չի կատարվում եւ տարբեր գերատեսչություններ իրենց տարբեր փորձագետների զեկույցների հիման վրա են եզրակացությունների հանգում։ Կարծում եմ, այստեղ հիմնականը պետք է լինի զուտ բանակցային գործընթացին մասնակցողների եւ բոլոր ելեւէջներին տիրապետող մարդկանց մոտեցումը։ Այնուամենայնիվ, միասնական մոտեցման բացակայությունը կարող է վտանգավոր լինել, եթե հաշվի առնենք, որ նման ցանկացած բանակցությունների ժամանակ մի ամբողջ փաթեթ է քննարկվում, ուր ներառվում են թե՛ զուտ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ փախստականներին առնչվող խնդիրներ։ Անհրաժեշտ է այդ բոլոր օղակների համահունչ աշխատանքը բանակցային գործընթացում։ Կարծում եմ, դա փորձի պակասությունից է եւ ժամանակի ընթացքում գուցե շտկվի»։

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031