Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՂԱՐԱԲԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՁԵՆՈՒՄ Է ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 03,1999 00:00
Aleqsan Harutyunyan

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ հեռուստատեսային ասուլիսում «Առավոտը» Ռոբերտ Քոչարյանին այս մտահոգությունն էր փոխանցել, թե քանի որ դեռ երկար ժամանակ Հայաստանում կյանքը չի լավանա, դժգոհությունները կենցաղային մակարդակում պայմանավորվելու են ղարաբաղցի նախագահով եւ խորանալու են հայաստանցի-ղարաբաղցի հակասությունները։

Այն ժամանակ պրն Քոչարյանը հարցի երկրորդ մասից խուսափեց եւ վստահեցնում էր, թե 2-3 տարում դրական փոփոխություններն ակնհայտ կլինեն։ Նրա կանխատեսումը, ցավոք, առայժմ իրականացումից շատ ու շատ հեռու է եւ նախագահի նշած ժամկետի կեսին սոցիալ-տնտեսական վիճակն առավել է վատթարացել։ Փոխարենը, ցավոք, իրականացավ հակասությունների սրման վերաբերյալ մեր կանխատեսումը։ Այս ամենը մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանին, որն, ի դեպ, ծնվել է ԼՂՀ-ի Գիշի գյուղում։ Նա նախ անդրադարձավ մեր այն պնդմանը, թե սոցիալ-տնտեսական վիճակը դեռ երկար ժամանակ չի բարվոքվի. «Վիճակի լավացումը կախված է ոչ միայն երկրի ղեկավարներից, այլեւ մեզնից՝ ժողովրդի ընդհանուր պատրաստակամությունից։ Թերթերից մեկում մեջբերում են «Անի» հյուրանոցի բանվորի խոսքերը, թե ինչու պիտի փոխեն մեր լավ «Անին», դարձնեն արտասահմանյան հյուրանոց, թող քանդված մնա, բայց լինի մերը, ազգայինը։ Մեկ այլ թերթում էլ գրել էին. «Ֆրանսիացիները մեր կոնյակը տարան։ Հիմա էլ «Պեռնո Ռիկարը» մեր երեխեքի բերանից ծիրանն է կտրում, տանում»։ Քանի այսպիսի մտածողություն կա՝ դժվար է ինչ-որ բան անելը։ Երբ նախորդ ԱԺ-ում այդ բարձր ամբիոնից լուրջ-լուրջ հայտարարում էին, թե մեր ունեցվածքը տվեցին օտարներին, օտարից էլ վատ են մեր իշխանությունները եւ այլն (ականջդ կանչի՝ Արշակ Սադոյան- Ա. Ի.)՝ այս ամենը հիշեցնում էր չսիրածս մի անեկդոտ՝ «սա մեր հայրենիքն է» թեմայով։ Այս ամենը տհասների պրիմիտիվ ռասիզմ է։

Կենցաղային մակարդակում հակաղարաբաղյան տրամադրություններ կային եւ այսօր էլ դեռ մի քիչ կան թեեւ ես դա լուրջ չեմ ընդունում։ Բայց բարեբախտաբար արագ թափով հաղթահարվում են։ Կարծում եմ, որ այդ տրամադրությունները կապ չունեին սոցիալ-տնտեսական վիճակի հետ։ Արհեստականորեն ներմուծված անհեթեթություն է, որ իշխանափոխությունից հետո չի սկիզբ առել, այլ ավելի վաղ։ 1988-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից կիսակատակ կոչեր էիր լսում. «Ղարաբաղն առանց ղարաբաղցիների» (Վանո Սիրադեղյանի արտահայտությունն է, որը, սակայն, շարունակություն ունի. «… բայց Հայաստանի կազմում»- Ա. Ի.)։ Հետո Հայաստանում ապրող ղարաբաղցիների մասին ոչ այնքան քաղաքավարի արտահայտություններ եղան «Ղարաբաղ» կոմիտեի մեկ ուրիշ անդամի կողմից։ Հետո արդեն տարածվեց ասֆալտի մի քանի ֆիդայիների կարծիքը, որ ղարաբաղցիները չեն կռվում, հայաստանցիներն են գնում այնտեղ զոհվում։ Թեեւ իրականում այնտեղ կռվող տղաների միջեւ իսկապես տարբերություններ չկային՝ ո՛վ է հայաստանցի, ո՛վ է ղարաբաղցի։ Եվ նույն Սեյրան Օհանյանն (այժմ արդեն՝ ԼՂՀ պաշտպանության նախարար- Ա. Ի.), որ բոլորին թվում է, թե ղարաբաղցի է՝ իրականում հայաստանցի է։ Բայց այդ ասֆալտի ֆիդայիները, որոնք Մերգելյան ինստիտուտի մոտ հավաքվում, գնում էին իրենց ավտոմատներով նկարվում Ստեփանակերտի փողոցներում եւ հետ գալիս՝ կարող էին հայտարարել, թե իրենք են կռվում։ Իսկ նրանք կռվին ամենամոտը եղել են Շուշիի հարձակմանը մասնակցելուց հրաժարվելու ժամանակ։

Ուրեմն, Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուց առաջ էլ հիմքեր կային։ Եվ որոշ մարդկանց մտածողության մեջ հակաղարաբաղականությունն այսօր կամաց-կամաց ծիծաղելիորեն նմանվում է Ռուսաստանում հակահրեական քաղաքական շարժմանը՝ ամեն ինչում ղարաբաղցիների միջամտությունն են փնտրում։ Ժողովրդի մոտ այդ ամենը կենցաղային մակարդակում գուցե հետքեր թողել էր, իհարկե, բայց իմ կարծիքով, հետո իրոք այս տրամադրությունները կամաց-կամաց սկսեցին նահանջել»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031