Անցյալ շաբաթավերջին վարչապետ Վազգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի ժողովրդական կուսակցության ակտիվին՝ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Իսկ թե ինչի մասին են խոսել վարչապետն ու ժողովրդականները, պատմում է ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմունդ Ծատուրյանը։
– Միարժեքորեն պետք է ասեմ, որ վարչապետի բոլոր ասածները շատ լավ ընդունվեցին մեր բոլորի կողմից։ Նա շատ ճիշտ է ընկալում այսօր լուծման կարոտ բոլոր խնդիրները։ Նրա ելույթը մեզ, իրոք, գոհացրեց։ Իրականությունը նա շատ ճիշտ է պատկերացնում։ Բայց ամենակարեւորն այն է, որ նա կարողանա խնդիրները լուծել այնպես, ինչպես բացատրեց մեզ, ինչպես, իրոք, ինքն է ընկալում։
– Պարոն Ծատուրյան, ասում եք, որ վարչապետը բոլոր խնդիրները շատ ճիշտ է ընկալում, բայց չեք մանրամասնում, թե ինչ հարցերի մասին է նա խոսել։
– Առաջին հերթին, իհարկե, ժողովրդի այսօրվա վիճակի մասին։ Հայաստանը մինչեւ օրս դրսից շատ մեծ չափերի օգնություն է ստացել, ինչը, սակայն, նպատակին չի հասել եւ սխալ է օգտագործվել։ Նա խոսեց Ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) մասին։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունները միջոցներ են տրամադրում, սակայն այդ գումարները մեր իշխանությունները ճիշտ չեն օգտագործել։ Այսօր ԾԻԳ-երի խնդիրը կառավարության առջեւ ծառացած ամենալուրջ հարցերից մեկն է։ Վարչապետը շատ հստակ է պատկերացնում բոլոր այն խնդիրները, որոնք լուծման կարոտ են, որպեսզի ազգը զգա՝ իրոք, առաջընթաց է արձանագրվել։ Եթե նրա խոսքը համապատասխանի գործունեությանը, անվերապահորեն վստահ եմ, մեր ազգը շահելու է։
Կարդացեք նաև
– ԾԻԳ-երի հարցը՝ մեկ։ Է՞լ ինչի մասին խոսեցիք վարչապետի հետ։
– Մեր կուսակցության անդամներից մեկը շատ ճիշտ խնդիր հարուցեց՝ ասելով՝ պարոն վարչապետ, այսօրվա շուկաներն իրականության մեջ շուկա չեն, գյուղացիները բերում են ապրանքը, ինչը նրանց ձեռքից խլխլում են ու ավելի թանկ վաճառում։ Վազգեն Սարգսյանը խնդիրն ընդունեց ամենայն լրջությամբ եւ իր մոտ գրանցեց, որ անպայմանորեն պետք է զբաղվել խնդրով։ Եթե նա այդ հարցը լուծի, ապա գները շուկայում բավականաչափ կիջնեն եւ ժողովրդի վիճակն էլ բավականին կթեթեւանա։
– Մի հարց էլ տամ։ Արդյոք ՀԺԿ-ականները չդժգոհեցի՞ն, որ այս կառավարության կազմում կամ միջին չինովնիկության շրջանակներում ՀԺԿ անդամներ համարյա չկան։ Դրա մասին չխոսվե՞ց։
– Խոսվեց։ Այդպիսի խնդիրներ բարձրացվեցին։ Վարչապետն իր ըմբռնմամբ ճիշտ բացատրություն տվեց, ասելով, թե ՀԺԿ-ի անդամներից շատերը 8-9 տարի չեն մասնակցել կառավարման գործընթացներին, ուստիեւ հետ են մնացել օրվա պահանջներից։ Ուստի, բացատրվեց, նրանց պետք է ներգրավել պետական կառավարման մեջ աստիճանաբար։ Ես ընդհանուր առմամբ նրա հետ համաձայն եմ, ի բացառյալ մի հարցի։ Խնդիրն այն է, որ այս կառավարության կազմում էլ կան այնպիսի մարդիկ, որոնք պետական կառավարման համակարգի հետ ընդհանրապես գործ չեն ունեցել։ Ուստի, կարծում եմ, վարչապետն ավելի սկզբունքային մոտեցում պետք է ունենա այդ հարցում։ ՀԺԿ-ի կազմում կան այնպիսի մարդիկ, որոնք կառավարման, մարդկանց հետ աշխատելու շատ մեծ փորձ ունեն, ինչն այսօր անտեսվում է։ Իսկ նրանց փորձից ու գիտելիքներից հարկավոր է օգտվել։
– Վերջին շրջանում ՀԺԿ-ում ներկուսակցական թնջուկ է ծայր առել Հմայակ Հովհաննիսյանի եւ Ռուբեն Միրոյանի համախոհների միջեւ…
– Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Կարեն Դեմիրճյանը հանդես եկավ ամփոփիչ խոսքով եւ ասաց, թե կան մարդիկ, որոնց կարիերիստական նկատառումներն ավելի բարձր են, քան ազգի ու կուսակցության շահերը։ Ես համաձայն եմ նրա հետ։ Մարդիկ պետք է հասկանան, որ մենք այսօր իշխանության ենք եկել ամեն ինչ ի շահ ազգի անելու նպատակով։ Այսօր բոլոր կուսակցություններից միաբանվել է պահանջվում։
– Բայց էդ ի՞նչ կապ ուներ Հմայակ Հովհաննիսյան-Ռուբեն Միրոյան հակամարտության հետ։
– Այդ հակամարտությունը մեր ազգի հետ ոչ մի կապ չունի, դա անձնական հարցերի շրջանակում է, ինչը հնարավոր է լուծել ներկուսակցական շրջանակներում։
– Դուք ասացիք նաեւ, որ Կարեն Դեմիրճյանը որոշ կարիերիստների մասին է խոսել։
– Ես կարծում եմ, որ դա Հմայակ Հովհաննիսյանին է վերաբերում։
Զրույցը վարեց
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ