Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ՀՀ նախագահը սկսեր թե՛ մշակութային, թե՛ հասարակական բոլոր օբյեկտները վերածել սպորտդահլիճների, այն պարզ պատճառաբանությամբ, որ իր հոբբին բասկետբոլն է։ Ի՞նչ է եղել որ։ Մեր երկրի նախագահը չի՞, ինչ ուզի՝ կանի։
«Նաիրի» կինոթատրոնն էլ, չգիտես՝ ում նախասիրությամբ, վերածվեց, մեղմ ասած. անտերության։ Սակայն չեմ կարծում, թե նրանք հենց դա էին ուզում։ Նրանց հոբբին էլ՝ բարդը եւ ջազն է եղել հավանաբար, ուստի եւ որոշել են կինոթատրոնը դարձնել այնպիսի մի վայր, որտեղ կկարողանան վայելել իրենց «չարչարանաց» հանգիստը։ Մի տեղ պիտի լիցքաթափվե՞ն, թե՞ չէ։ Եվ այդպես, մեկ տարի առաջ տնօրեն նշանակեցին Ռուբեն Հախվերդյանին։
Նախապատմություն
«Նաիրի» կինոթատրոնը վեց տարի առաջ նորից գրեթե նույն վիճակում էր գտնվում, ինչ ներկայումս է։ Սակայն կային մարդիկ, որոնց մտահոգում էր այդ կինոթատրոնի ճակատագիրը։ Վանո Սիրադեղյանն այն ժամանակ քաղաքապետ էր, «Նաիրի» կինոթատրոն հրավիրեց ռեժիսոր Սամվել Սարիբեկյանին, որն էլ միահամուռ ուժերով, իր շուրջ հավաքելով տաղանդավոր ռեժիսորների, սցենարիստների, կինոթատրոնը բարեկարգեց։ Կինոթատրոնը սկսեց գործել, անգամ բացօթյա կինոցուցադրումներ կազմակերպեց։ Ներսի սրահում ցուցահանդեսներ, ներկայացումներ, համերգներ, միջոցառումներ էլ էին իրականացվում։ Այսինքն՝ այն դարձավ այնպիսի մի վայր, որտեղ հավաքվում էին մտավորականներ, գիտնականներ, լրագրողներ, ռեժիսորներ եւ այլն։ Ներսում գործում էր նաեւ մի փոքրիկ սրճարան, որտեղ մեկ գավաթ սուրճի շուրջ զվարճալի հիշողություններ էին ձեւավորվում։ Իսկ սրճարանից ստացված չնչին եկամուտով վարձատրվում էին կինոթատրոնի աշխատակիցները։ Սակայն ամեն ինչ ոչնչացվեց։ Պատճառը պարզ է։ Կինոթատրոնի տնօրենին պիտի փոխեին, որովհետեւ նրան, հերիք չի՝ Վանո Սիրադեղյանն էր հրավիրել, դեռ ամեն երեկո Վանո Սիրադեղյանն ընտանիքով (երբեմն էլ մենակ) այցելում էր կինոթատրոն սուրճ խմելու կամ կինո դիտելու։ Պետք է տնօրենին փոխեին, հայի խասյաթ է։ Եվ այդ ամենին վերջ տրվեց։ Նորերն էլ միանգամից գործի անցան, ու սկսեցին բաժնետերերին փոխել (կարեւորը նրանց համար դա էր, օբյեկտ էր ձեռքներն ընկել)։ Բաժնետերեր նշանակեցին Ալվարդ Պետրոսյանին, Զոյա Շաքարյանին եւ Գագիկ Սիմոնյանին։ Սակայն վերջիններս, չգիտես ինչու, հրաժարվում էին՝ պատճառաբանելով, թե իրենք տեղյակ չեն եղել։
Կարդացեք նաև
«Խոսքից հետ կանգնողները»
Ռեժիսոր Ռոման Բալայանը եւ կինոթատրոնի նախկին տնօրեն Սամվել Սարիբեկյանը մինչ այդ պաշտոնական մասշտաբներով մի նոր ծրագիր-նախագիծ էին հաստատել «Թալիսման» խորագրով։ Այդ ստուդիան պետք է ծառայեր Հայաստանի քաղաքներից, շրջաններից, գյուղերից տաղանդավոր երեխաների ներգրավմամբ եւ զարգացմամբ։ Սակայն այդ «վերեւներից» պահանջվող փոփոխությունից հետո, դեռ քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը, որը շարունակաբար ձեռքերը դեպի վերեւները պարզող «լեզվով» պնդում էր, թե դա «վերեւներից» իջեցված պահանջարկ է, Սամվել Սարիբեկյանին հավատացրել եւ տղամարդու խոսք էր տվել՝ այդ նույն ծրագիրը մեկ այլ տարածքում իրականացնելու համար (ցանկացած օբյեկտ, որի վրա Ս. Սարիբեկյանը եւ «Նաիրիի» կոլեկտիվը մատը կդնի։- Լ. Ս.)։ Միեւնույն ժամանակ տղամարդու խոսք են տվել նաեւ քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Արա Երնջակյանը (գլխավոր խոսք տվողներից մեկը), քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը եւ այլոք։ Սակայն մինչ օրս ոչ մի տեղաշարժ չկա։ Ընդամենը կարող են երբեմն-երբեմն մատնանշել (ձեւի համար գիտեն, որ Ս. Սարիբեկյանը երբեք նման քայլի չի դիմի։- Լ. Ս.) այն տարածքները, որոնք արդեն գործում են։ Իսկ դատարկ, քանդված մի շարք օբյեկտների մասին նշումները, որոնց վերանորոգման աշխատանքներն անգամ համաձայն են լուծել կոլեկտիվի անդամները, մերժվում են… Գուցե դա՞ էլ Սուրեն Աբրահամյանի ձեռքի շարժումներով նկարագրված «վերեւներից» է գալիս։
Բոչկաները չեղավ, զատո «Նաիրին» եղավ
«Նաիրի» կինոթատրոնը Ռ. Հախվերդյանի տնօրինությանը հանձնելուց ի վեր, Ռ. Հախվերդյանը մի շատ «խորիմաստ» բանաձեւում է գտել. «Փիղը տվել եք, փողն էլ տվեք»։ Սակայն հույսը կտրելով, սկսեց մեկ այլ բանաձեւում օգտագործել. «Հեսա կգնամ արտասահման՝ համերգներ կտամ, փող կբերեմ, կաշխատացնեմ»։ Եվ այդպես կինոթատրոնը արդեն շուրջ մեկ տարի է, ինչ սպասում է նրա «բեղմնավոր» գալուստին։ Արդեն 5 ամիս է, ինչ նա Հայաստանում չէ, իսկ կինոթատրոնի աշխատակիցներն էլ մատնված են պարապուրդի։ Հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռ. Հովհաննիսյանը քաղաքում եղած ժամանակ, կինոթատրոն այցելել եւ կնքված դուռը բացել է միայն այնտեղ ընկերներով խմելու համար։ Իսկ աշխատակիցներին ոչ մի կերպ չի հաջողվել նրան տեսնել եւ գործնական աշխատանքների մասին խոսել։ Միգուցե Ռ. Հախվերդյանի համար մեկ այլ տարածք գտնեն, որտեղ նա հանգիստ կկարողանա «տուսովկաներ» կազմակերպել։ Հավաստի աղբյուրները նաեւ տեղեկացնում են, որ Ռ. Հախվերդյանը սկզբում ժամանակակից արվեստի թանգարանի շենքն է ուզել սեփականացնել (բոչկաները), սակայն, պարզ է. դա արդեն հաստատուն տեր ուներ։
Կգա՞ մեկը, որը կինո կսիրի
Կամ՝ ամեն ինչին չի վերաբերվի իր սեփական քմահաճույքներից ելնելով։ Մի՞թե այդքան դժվար էր բարդ կամ ջազ նախասիրողների համար՝ մեկ այլ տարածքում իրականացնել իրենց երազանքները։ Միեւնույն է, անգամ նրա այդ ցանկությունն էլ չիրականացավ։ Բարդ երգիչը հրաժարվեց երգելուց։
ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Հ. Գ. «Նաիրի» կինոթատրոնի նախկին տնօրեն Սամվել Սարիբեկյանի ծրագրերն այսօր Ռ. Հախվերդյանը ոգեւորված իրենն է համարում ու սպասում «փող» տվողներին, որպեսզի իրականացնի։ Իսկ Ս. Սարիբեկյանը վաղուց էր կինոթատրոն համերգների հրավիրել թե՛ Լեւոն Մալխասյանին (ջազ), թե՛ Ռ. Հախվերդյանին։ Այնպես որ, այնտեղ կարող էր նաեւ ջազ եւ բարդ հնչել։