Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳ

Հուլիս 31,1999 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՒՄԵՐԱՆԳ «Հարկավոր է փոխել մարդկանց հոգեբանությունը, որի դեպքում նոր միայն երկրում կնկատվի տեղաշարժ»,- իր մի հարցազրույցում ասում է ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը։ Ճշմարիտ է, փոխելու շատ բան կա մեզանում՝ հոգեբանությունը, քաղաքական մթնոլորտը, քաղաքական գործիչների կեցվածքը, մարդը առհասարակ։ Սակայն մարդկանց հոգեբանության փոխման հարցով ո՞ւմ է դիմում պրն Մանուկյանը, երբ դրա կարիքը առաջին հերթին հենց ինքը ունի, թե՞ հոգեբանություն փոխել ասելով ուրիշ բան է հասկացվում՝ փոխակերպություն ըստ համապատասխան իրավիճակի, ինչպիսին տեսանք ԱԺՄ-ի կողմից վերջին ընտրություններից առաջ եւ հետո։ Չժխտելով հանդերձ բոյկոտի գաղափարը առհասարակ, այնուամենայնիվ ԱԺՄ-ն մասնակցեց ընտրություններին եւ ձախողվեց. իշխանությունների կողմից 5%-ի ողորմածությունը դեռ շատ թանկ կնստի այս կուսակցության վրա։ Ընտրություններին չմասնակցելու դեպքում ԱԺՄ-ի վարկանիշը շատ ավելի բարձր կլիներ։ Բայց ինչպես Բոնապարտի նախարարներից Թալեյրանն էր ասում՝ իշխանության ձգտումը գինի է, որը մարդուն կհարբեցնի։ «Նպատակը չպետք է կանգ առնի միջոցների առջեւ» կարգախոսը այս դեպքում տեղին չէր հենց այն պատճառով, որ նպատակը չէր իրականանա, ինչն էլ եղավ։ Ամեն ինչ տեսանելի է՝ լույսն ու ստվերը, ճիշտն ու սխալը, ազնիվն ու անազնիվը, խոսքի ու գործի հակասությունը։ Եթե անհատը չի նկատում ինչ-որ բան, ժողովրդի հավաքական աչքը նկատում է։ Դիրքորոշումները, որոնցով հանդես եկան վերջին շրջանում ԱԻՄ-ը, ԱԺՄ-ն, ՀԺԿ-ն, Երկրապահը եւ էլի որոշ կուսակցություններ, վիզուալ էր, անգամ քաղաքականությամբ չզբաղվողի համար։ Մարդիկ հասկացան, որ կուսակցությունները մեզանում չեն արտացոլում ժողովրդի կամքն ու իղձերը։ Գրեթե բոլորը խոսում են ազգային արժեքներից, բայց իրականում թքած ունեն դրանց վրա, բոլորը ներկայանում են ընտիր ծրագրերով, բայց ոչ ոք հետամուտ չի լինում դրանց իրականացմանը, բոլորը լավն են, խելամիտ, բայց մարդկանց կենսապայմանները գնալով ավելի են վատանում։ Ավելին, կան ժողովրդի սիրով տառապող կուսակցություններ, որոնք 5%-անոց արժեթուղթ ձեռք բերելու համար պատրաստ են դառնալ իշխանության կամակատարը։ Հետեւենք կուսակցությունների վարքաբանությանը։ Իրականում ինչ արեց ՀԺԿ-ի առաջնորդ Կ. Դեմիրճյանը։ Մեսիայի կեցվածքով հանկարծ դուրս եկավ իր սարկոֆագից եւ մոլորված հասակայնությանը հիշեցնել տվեց սովետական տարիների՝ այս ֆոնի վրա հրաշալի թվացող կյանքը։ Պատրանքապաշտ ժողովուրդը հանձին նրա ցանկացավ գտնել օրհասից իրեն փրկողին եւ Ազգային ժողովի դռան բանալին հանձնեց նրան, որն էլ իր հերթին ճամպրուկով խորհրդարան տարավ անկանխատեսելի պատգամավորների մի ամբողջ ջոկատ։ Արդյո՞ք Դեմիրճյանը չհասկացավ իր արածի վտանգավորությունը. հազիվ թե։ Թե՞ չհասկացավ, որ ինքը իշխանությունների կողմից հերթական օգտագործվողն է։ «Եթե դաշնակցությունը որպես կուսակցություն պետք է օգտագործվի, եւ դրանից Հայաստանն ու հայ ժողովուրդը շահեն, մենք դրան պատրաստ ենք»,- այսպես էր ժամանակին հայտարարել ՀՅԴ ղեկավարներից մեկը, իսկ օգտագործման փաստից, ինչպես «Առավոտն» է գրել, չխուսափեցին ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը, ՀԴԿ-ն, ՀՌԱԿ-ը, ես կավելացնեի՝ նաեւ ՀԺԿ-ն։ Օգտագործվողները շատ լավ էլ գիտեն, որ դրանից ոչ Հայաստանն է շահելու, ոչ էլ ժողովուրդը։ Ընդհանրապես այսօր «դու՝ ինձ, ես՝ քեզ» գաղափարաբանությունն է ցավոք իշխում կուսակցությունների մեծ մասի գաղտնախորհուրդ մտայնության մեջ։ Իշխանության հետ կամ նրա դեմ լինելը պայմանավորված է ակնկալվող փայաբաժիններով։ Իշխանությունն էլ հրաշալի է հասկացել դա ու կիրառում է տուրեւառության համարժեք քայլեր՝ «ուժեղին՝ շատ, թույլին՝ ոչինչ» սկզբունքով։ Սպասողական գործելաոճը չե՞ն որդեգրել հերթում կանգնած «Օրինաց երկիրը, ԱԺՄ-ն, «Իրավունք եւ միաբանություն» դաշինքը (թեեւ վերջինս սպասելու այլեւս ժամանակ չունի եւ վերջնագիր է ներկայացրել իշխանություններին՝ «հիմա ես ի՞նչ անեմ» թաքուն հարցադրումով)։ Այնպես որ, թե՛ ընտրատոկոսները, թե՛ պաշտոնները Հայաստանում ըստ նպատակահարմարության շնորհվող պետական գրանտներ են, որոնց սպասող կուսակցությունները ընդամենը պայքարում են աղյուսակում առավել բարձր հորիզոնականներ գրավելու համար։ Մնացածը երկրորդական է՝ ծրագրե՜ր, գաղափա՜ր, արժեքնե՜ր… Ժողովրդի մեջ ձեւավորվել է մի կարծիք, թե իշխանությունները զբաղված են քաղաքական գործիչներ, կուսակցություններ փչացնելով։ Ինչպե՞ս առարկես դրան. կար ընդդիմություն՝ հանձին Պ. Հայրիկյանի, Վ. Մանուկյանի, Դ. Վարդանյանի, ու հիմա չկա։ Ինչո՞ւ, մի՞թե նրանք իրենց միսիան ավարտեցին։ Եվ հետո գրում են՝ ընդդիմության դաշտը ազատ է՝ աչքերը փակելով այն փաստի առջեւ, որ արդեն այդ դաշտում տեղավորվել են լիբերալ գաղափարներ դավանող քաղաքական ուժերը։ «98-ի ընտրություններից հետո իշխանությունների հետ համագործակցության գնացին ԱԻՄ-ը, ՀԴԿ-ն, ՀՅԴ-ն, մասամբ՝ ԱԺՄ-ն։ Արդյունքում ԱԻՄ-ը եւ ՀԴԿ-ն ստացան զրո տոկոս, ՀՅԴ-ն՝ 7%, ԱԺՄ-ն մի կերպ հաղթահարեց 5%-ի սահմանը, որը նույնն է, որ չհաղթահարեր»,- գրում է Ավ. Իշխանյանը։ Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է այդպես։ Այդ ինչ մոգական ուժ է իշխանությունը, որի հետ կուսակցությունները շփվելիս փոշիանում են, վարկաբեկվում։ Հիվանդ է ողջ հասարակությո՞ւնը, առանձին կուսակցություննե՞ր, թե՞ իշխանությունն ինքը։ Թվում է՝ վերջինս, քանզի այլասերման վիրուսը այնտեղից է ընկնում մեր մեջ։ Բայց չէ՞ որ իշխանությունն էլ ձեւավորվում է եղած քաղաքական ուժերից։ Ուրեմն, սկզբնաղբյուրը կուսակցություններն են, որոնք վերածնում են իշխանություն, իշխանությունն էլ՝ հակադարձ կապի միջոցով՝ համարժեք կուսակցություններ։ Ստացվում է՝ իշխանությունը փչացնում է կուսակցություններ եւ այդ կուսակցություններից ձեւավորում իշխանություն։ Արդյունքում՝ այլասերված է մնում նաեւ ինքը։ Ինչպես հնում, հիմա էլ միշտ մի հասկացություն պետք է մնա իմպերատիվ։ Դա այն է, որ պետականությունը չի կարելի սասանել, ինչ էլ որ լինի, ինչն էլ կործանվի, ինչն էլ արժեզրկվի՝ պետք է սրբորեն պահպանվի պետականության գաղափարը։ ՏԻԳՐԱՆ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել