Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ Է, ԲԱԲՈ, ՄԵՐ… ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Հուլիս 31,1999 00:00
erexa

Դրոշ, գերբ, զինանշան, խաչ, Աստծո խորհրդապատկեր, մշակութային արժեք… Խորհրդանիշներով հարուստ է մեր իրականությունն ու մեր մտածողությունը։ Կարելի է նորից շարունակել. խորհրդանիշ են պետության ղեկավարները, արվեստի ու մշակույթի գործիչները, քաղաքական-պետական այրերը, հերոսները…

Խորհրդանիշ-խորհրդապատկերը տվյալ ժողովրդի ինքնության փաստագիրն է, վկայականը, որի ընկալումը կախված է նախեւառաջ նրա… պաշտպանությունից, նրա ընկալումից։

Աշխարհը կարգավորել է խորհրդանիշների պաշտպանության, ընկալման, օգտագործման հարցերը, ստեղծվել են անգամ օրենքներ, որոնք պարզ են եւ ամենեւին չեն ենթադրում քաղաքական ենթատեքստ կամ վերամբարձություն։ Մեզանում պարզագույն հարցումներն այս ուղղությամբ հանգեցնում են այսպիսի տպավորության.

1. Չեն ընկալվում պետական-ազգային խորհրդանիշներն ընդհանրապես։ Ավելին՝ ճշտված չեն։

Մենք կարող ենք անտարբեր անցնել հասարակական զուգարանների կողքով, որի պատերին փակցված լինի ազգային հերոսի դիմապատկերը։ Մսավաճառների «կովի միս», «խոզի միս» կամ թե «ոչխարի միս» ցուցանակի կողքին սառնասրտորեն կարող ենք փակցնել կաթողիկոսի պատկերը՝ գերազգային երեւալու անհաջող ցանկությամբ։ Մեր արքաներին կամ նախագահին պատկերել մորեմերկ եւ տպագրել նույնիսկ որեւէ ԶԼՄ-ում։

Մենք կարող ենք Զինանշանից ստանալ… ցանկացած անհեթեթություն, այս բոլորը քողարկելով հաճախ մտածողության ազատության եւ «խոսքի իրավունք» բառակապակցության տակ։ Որովհետեւ չկա այս ամենը կարգավորող օրենքը։ Հետեւաբար, մեր ծաղրանկարիչ Տոտոյին, որքան էլ փորձեն ծաղրանկարի համար խեղճացնել, պատասխանատվության ենթարկել, անգամ «հերքում պահանջել ծաղրանկարի համար», հաստատ չի հաջողվի, քանի որ ԶԼՄ գործող օրենքում չի տրված խորհրդանիշների պաշտպանության մեխանիզմը։ Այնուհանդերձ, ինչպե՞ս է կարգավորվում նմանօրինակ հարցն աշխարհում, մասնավորապես՝ լրատվամիջոցների փոխհարաբերության համատեքստում։

Ավստրալիայում, փաստորեն, չկան պետության ղեկավարին վիրավորելը արգելող օրենքներ։ Եվ ընդհանրապես, իրավախախտում կարող են համարվել աստվածանարգ նյութերի հրապարակումները։ Չնայած վերջին տարիներին պատասխանատվության ենթարկելու դեպքեր չեն եղել։

Ավստրիան ունի քրեական օրենսգրքի 248 հոդվածը, որը պատիժ է սահմանում կամ «խոստանում» պետական եւ ազգային խորհրդանիշների հրապարակային անարգման համար։ Հավանաբար՝ հրապարակային անարգման մեջ տեսնելով ենթատեքստ եւ միտումնավորություն։

Գերմանիայի մամուլի մասին օրենքի 90-րդ բաժինն արգելում է հանրապետության նախագահի հասցեին (նույնպես) «հասարակական վայրում բանավոր կամ գրավոր վիրավորանքները»։ Նույն հոդվածով պաշտպանվում են Դաշնային Հանրապետության խորհրդանիշները, անգամ՝ դրոշի գույները, տարբերանշանները, հիմնը, իսկ 103 եւ 104 բաժիններն արգելում են վիրավորել արտերկրի ներկայացուցիչներին եւ այդ երկրների խորհրդանիշները։

Մտովի պատկերացնենք մեր դրոշի «հալը». վերցրեք նախագահական պալատից կախված Եռագույնը, որեւէ կուսակցության պատուհանից կախված դրոշը, որեւէ դատարանի (եթե գտնվի, իհարկե) Եռագույն դրոշը։ Համադրեք գույները. ինչպիսի ծաղրուծանակ։ Այն մի տեղ դեղին է, մի տեղ՝ նարնջագույն, մի տեղ՝ կանաչավուն… Ո՞րն է, այս դեպքում, բանաստեղծի հարցադրմամբ՝ բաբո, մեր… խորհրդանիշ…

Վերադառնանք, սակայն, Գերմանիայի օրենսդրական ատյան։ Վերջինիս որոշումներում կա այսպիսի ձեւակերպում. «Դրոշի եւ հիմնի վրա նույնիսկ կտրուկ եւ սատիրական հարձակումների հետ կարելի է հաշտվել՝ ելնելով խոսքի, մամուլի եւ ստեղծագործական ազատության սահմանադրական իրավունքից»*։ Ընդհանրապես, հոգեւոր ծաղրուծանակի պարագայում պաշտպանության օբյեկտը ոչ թե Աստվածն է դառնում, այլ մարդկանց կրոնական զգացմունքները, այն հարգելն ու չվիրավորելը։

Իսպանիան պատիժներ է կիրառում պետական ինստիտուտների եւ պետության ղեկավարների դեմ լրատվամիջոցների «գրոհի» դեպքերում։ Սակայն վերջին շրջանում կա հանդուրժողականություն լրատվամիջոցների նկատմամբ եւ, որպես բացառիկ օրինակ, նշվում է 1987 թ. Սահմանադրական դատարանի քննվող գործը։ ՍԴ-ն չեղյալ էր համարել լրագրողին իր հրապարակման մեջ թագավորին եւ թագուհուն վիրավորելու համար վեց տարվա ազատազրկման դատապարտելը։ Նշենք, որ նույն Իսպանիայի քր. օրենսգրքից հանվել է աստվածանարգման հանցագործության համար պատասխանատվության ենթարկելը։

Իսկ ահա Անգլիայում չկա մի օրենք, ըստ որի, պետության ղեկավարին վիրավորելը կամ պետական դրոշն անարգելը հանցագործություն համարվի։ Բայց եւ օրենքը պաշտպանում է անգլիական եկեղեցին «անվանարկումից, ծաղրից կամ անպարկեշտ արտահայտություններից»*։ Անգլիական դատական ատյաններում հայտնի է 1922 թ. աստվածանարգման մի դեպք. Քրիստոսին փոխաբերաբար հոմոսեքսուալ կապերի մեջ մեղադրող պոեմի կին հեղինակի եւ հրատարակչի դեմ հարուցված գործը, որով, փաստորեն, նրանք ճանաչվեցին մեղավոր։

Նիդեռլանդների Քր.օրենսգրքի 111 եւ 112 հոդվածներով պատիժներ են նախատեսված արքային եւ արքայական ընտանիքի մյուս անդամներին վիրավորանք հասցնելու համար։ Եվ ոչ միայն նրանց, այլեւ դրացի երկրների ղեկավարներին եւ դեսպաններին, որոնք պաշտոնական լիազորություններով գտնվում են Նիդեռլանդներում։

Շվեդիան պետական կառավարման հաստատություններին ու իր գործիչներին, որոնք ընկալվում են խորհրդանիշներ, ասում է. հրապարակայնություն եւ բաց քննադատություն, եթե «նույնիսկ լրատվամիջոցի քննադատությունը հիմնված է կեղծիքի վրա»*։

Եվ, իհարկե, ԱՄՆ-ին վերադառնալով տեղեկացնենք, որ նրա Գերագույն դատարանի որոշումներով թույլատրվում է կառավարության, ինչպես նաեւ, ցանկացած պետական հաստատության կամ խորհրդանիշի (ներառյալ՝ դրոշը) ամեն տեսակ քննադատություն, անգամ՝ վիրավորական արտահայտություն։ Արժե՞ ունենալ պետական-ազգային խորհրդանիշների պաշտպանության մասին օրենք. ցույց կտա ժամանակը։ Հավանաբար, այդ ընթացքում ճշտված կլինի մեր արժեքային-խորհրդանիշային համակարգը։ Իսկ ընդհանրապես, չարժե մտահոգվել, երբ պետության ներկայացուցչի վարտիքը Եռագույն դրոշից կարված տեսնեք։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

* «ԶԼՄ. օրենքներ եւ պրակտիկա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031