Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐ ՈՏՔԵՐՆ ԷԼ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԵՐԱՇԽԻՔ ՉԵՆ

Հուլիս 31,1999 00:00
axqat

Վերջին մի քանի տարիներին Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցած փոփոխություններն, անշուշտ, ուղեկցվել են բնակչության զբաղվածության փոփոխությամբ։ Աշխատանքի եւ գործազրկության հիմնահարցը ներկայիս ամենալուրջ հիմնախնդիրներից մեկն է, որը կարծես դեռ երկար ժամանակ կմնա օրակարգում։

Զբաղվածության եւ աշխատանքային հարաբերությունների ոլորտում տեղի ունեցած փոփոխությունը, պետական սեփականության զանգվածային մասնավորեցումը, անկայուն տնտեսական իրավադաշտը, տարվող տնտեսական քաղաքականությունը աշխատողների մեծ մասին մատնել են հարկադիր պարապուրդի եւ հանգեցրել ձեւական զբաղվածության ու ցածր արտադրողական աշխատանքի։ Համաձայն Վիճնախարարության տվյալների, 1998 թ. վերջին հանրապետությունում զբաղվածների թիվը կազմել է 1 մլն 334 հազար 600 մարդ, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններում՝ 550 հազար մարդ։ Հանրապետությունում պաշտոնապես գրանցված է եղել 1 մլն 339 հազար 779 մարդ։ Իսկ եթե հաշվի առնենք նաեւ դեռեւս «թաքնված» գործազրկության հանգամանքն ու վերոնշյալ զբաղված բնակչության թիվը, ապա վերստին կհամոզվենք, որ գործազրկության հիմնահարցն այսօր թերեւս ամենասուրն է։

ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատանքի եւ զբաղվածության հանրապետական ծառայության առաջին կիսամյակի կատարման արդյունքների տվյալներով, 1999 թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում տարածքային կենտրոններ դիմած, աշխատանք փնտրող անձանց թիվը 196 հազար 232 է։ Նրանցից գործազուրկի կարգավիճակ ստացել է 171 հազար 53-ը, որից 111 հազար 243-ը (կամ՝ 65 տոկոսը) կանայք են։ Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աշխատանքի որոնման հարցն առավել ընդգծված է քաղաքներում, հատկապես՝ աղետի գոտում։ Հանրապետությունում գործազրկության մակարդակը 11 տոկոս է, Շիրակում՝ 22, Սյունիքում՝ 19,3, Լոռվա մարզում՝ 17, իսկ Երեւանում՝ 9,9 տոկոս։ Ըստ վերոնշյալ աղբյուրների, գործազուրկների կրթական ցենզը տարեսկզբի համեմատ անփոփոխ է. 12 տոկոսն ունեն բարձրագույն կրթություն, 23 տոկոսը՝ միջնակարգ մասնագիտական, իսկ 64 տոկոսը բանվորներ են։ Ծառայողական մասնագիտություն ունեցող գործազուրկների մեջ հատկապես մեծ է տեխնիկական կրթությամբ գործազուրկների թիվը։

Անցումը շուկայական տնտեսակարգին, անշուշտ, մարդուն ազատել է պետությունից չափազանց մեծ կախվածությունից կամ՝ ընդհակառակը։ Փոխարենը իբրեւ թե զբաղվածության արդյունավետ համակարգի ձեւավորման նոր նախադրյալներ են ստեղծել պետական սեկտորից մասնավորին անցնելու ձեւական բնորոշմամբ։ Սակայն այսպիսով պետությանն ընդամենը հնարավորություն ընձեռվեց «մեղքի բաժինն» իր ուսերին կրելու ծանր պարտականությունից ազատվելու։ Արդյունքում՝ աշխատողների մեծ մասը զրկվեց նախկինում ձեռք բերած աշխատանքից եւ մատնվեց գործազրկության։

Սակայն առկա է նաեւ մեկ այլ հանգամանք. աշխատաշուկայում գների մակարդակի վրա ազդելու պետության հիմնական գործիքը՝ նվազագույն աշխատավարձը, շարունակում է մնալ խիստ ցածր (մոտ 2 ԱՄՆ դոլար) եւ բացարձակապես ոչ մի կապ չունի ո՛չ սպառողական զամբյուղի իրական արժեքի, ո՛չ էլ միջին աշխատավարձի հետ, ինչպես ընդունված է փոքրիշատե քաղաքակիրթ երկրներում։ Այսինքն՝ այս հանգամանքը եւս դիտարկելիս չի կարելի բնակչության, այսպես կոչված, «զբաղված» խավին համարել ապահովված՝ թեկուզ կենսական միջին կարիքները հոգալու հարցում։

Ըստ պաշտոնական տվյալների, տարեսկզբի համեմատ որոշ փոփոխություն է նկատվում գործազուրկների տարիքային խմբերում. մինչեւ 30 տարեկանները, տարեսկզբի 37 տոկոսի փոխարեն, կազմում են գործազուրկների 32 տոկոս, 30-50 տարեկանները՝ 59 տոկոս (55-ի փոխարեն), 50-ից բարձր՝ 9 տոկոս (8-ի փոխարեն)։ Դեռ մեկ-երկու ամիս առաջ թե՛ հեռուստատեսությամբ եւ թե՛ փողոցներում՝ պատերի կամ «ստոլբաների» վրա հնարավոր էր ընթերցել կամ հեռուստատեսությամբ ականջ սղոցելու չափ լսել աշխատանքի հրավիրող «սրտաճմլիկ» գովազդները։ Հրավիրում էին հատկապես 20-30 տարեկան բարետես, երկար ոտքերով հաճելի կանանց նորաբաց այս կամ այն բարում, խանութում, ռեստորանում աշխատելու, ավելին հնարավոր չէր սպասել։ Այսպիսով, անիմաստ դարձավ նաեւ կրթվելու, ուսում ստանալու՝ նախկինում անհրաժեշտություն դարձած երեւույթը։ Սակայն «էստի համեցեք» թախանձագին կոչով նմանատիպ գովազդներն այլեւս նույն ոգեշնչող ազդեցությունը չունեն։ Դեռ այն ժամանակ գործազրկության մատնված երիտասարդությունը, խաբվելով նմանատիպ «հրապուրիչ» կանչերին, բախվեց էլ ավելի դաժան իրականության։ Սկսեցին գերշահագործել (տարբեր դրսեւորումներով) ներգրավված աշխատուժին. սկսեցին կիրառել՝ աշխատեցնել-չվարձատրել «մեթոդ-գյուտը»։ Սակայն սա արդեն խնդրի մեկ այլ կողմն է։ Այսօր կարեւոր եւ անհրաժեշտ է մտածել ոչ միայն տնտեսության ազատականացման, այլեւ՝ գործազրկության աճը կասեցնելու մասին։

Չնայած այն բանին, որ զբաղվածության կենտրոններն օրենսդրորեն իրավասու են կասեցնել զանգվածային ազատումների վերաբերյալ գործատուների որոշումները, սակայն դեռեւս մշակված չեն անգամ դրանք զսպող մեխանիզմները։ Դա տեղիք է տալիս գործատուների կամայական եւ անօրինական գործողությունների, մարդկանց աշխատանքային շահերի համատարած ոտնահարման։

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ. Գ. Գործազրկության նպաստ է ստանում 50 հազար 239 գործազուրկ, իսկ դրամական օգնություն՝ 24 հազար 756 աշխատանք փնտրող քաղաքացի։ Հունիսին գործատուների ներկայացրած թափուր աշխատատեղերի թիվը 1257 է եղել, որը 540-ով ավելի է հունվար ամսվա պահանջարկից։ Աշխատատեղերից 968-ը բանվորական է։ Հանրապետությունում հատկապես մեծ է մանկավարժների, բժիշկների եւ վարորդների պահանջարկը։ Առաջին կիսամյակի վերջում աշխատանքի եւ զբաղվածության կենտրոնների միջոցով աշխատանքի է տեղավորվել 4815 մարդ, որոնցից 2533-ը կամ 53 տոկոսը կանայք են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031