Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԶԱՐՄԱՆԱԼԻ ՆԱՄԱԿ, ՈՐ ՏՊԱԳՐՎՈՒՄ Է ԱՆՆՇԱՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐՈՎ

Հուլիս 31,1999 00:00
sxal

Հայաստանը անկախ իրավական սոցիալական հանրապետություն է, բայց ինչո՞ւ են ոտնահարվում մարդու իրավունքները մի խումբ չինովնիկների կողմից, որոնք վարում կամ վայելում են իրենց պաշտոնը՝ հաշվի չառնելով հասարակ ժողովրդի դիմում-բողոքները, եւ ինչո՞ւ են չինովնիկները ոտնահարում օրինականությունը եւ դարձնում անօրինական։

Արդեն երկու տարի է, մեր համայնքը բողոքարկում է Շիրակի մարզպետարան, բայց մեզ մարզպետարանը կշտացրել է փաղաքշական խոսքերով, այն էլ բանավոր կերպով, մենք համոզվել ենք եւ լռել։ Բայց մարզպետարանը ոչ մի միջոց չի ձեռնարկել անօրինականությունը կանխելու համար։ Խոսքը վերաբերում է Արթիկի շրջանի Սարատակի գյուղապետ Արտաշ Եղիկյանին, որը պաշտոնի չարաշահման եւ անօրինականության համար ոչ մի պատիժ չի կրել՝ անգամ նկատողություն մարզպետարանի կողմից։

Իր գյուղապետ նշանակվելուց ի վեր սկսեց անօրինականությունը.

1. Կոլխոզից ժառանգած կորնգանի սերմացուն վաճառեց 1 կգ՝ 15 ռուբլով (30 տոննան)։ Ո՞ւր գնաց գումարը։

2. Ամառանոցը ցանվեց 60 հեկտար գարի։ Ի՞նչ եղավ դրա գումարը։ Դաշտից գյուղ չմտավ ոչ գարի, ոչ էլ ծղոտ։

3. Ի՞նչ եղան 60 հատ էլեկտրասյուները՝ իրենց լուսամփոփներով եւ ալյումինե լարերով (եռաֆազ), բարձր լարման գիշերային լույսերի համար, որոնք լուսավորում էին գյուղի փողոցները։ Միգուցե հանձնվել է մետաղի ջարդո՞ն։

4. Դաշտում դրված սալիկները (6 մետրանոց, 60 հատ) քանդեցին։ Կամազ մեքենաները բարձած տարան։ Թե ո՞ւր, ոչ ոքի հայտնի չէ։

5. Արտաշ Եղիկյանի եղբայրն աշխատում էր (1992-1998 ներառյալ) անասնակերաջարդիչի վրա։ Մեկ տոննա աղունավարձը 5000 ռուբլի էր (ռուսականով), հետո դրամով դարձավ 1 տոննայի արժողությունը (աղունավարձը) 8000 դրամ։ Տարեկան մեր համայնքը միջին հաշվով աղում էր 300 տոննա, ինչքան է մուծված գյուղապետարանի գանձարան աղունավարձի եւ էլեկտրաէներգիայի համար, չկա ոչինչ։

6. Համայնքի ֆոնդի հողը (60 հեկտար) ցանվել է մինչեւ 1996 թվականը (ներառյալ) ցորեն, գարի եւ այլն. ո՞ւր է գնացել եկամուտը։

Գիտենք, որ եկամուտը բաժանվել է երեք հոգու միջեւ՝ Արտաշ Եղիկյանի (գյուղապետ), Մուշեղ Վարդանյանի (փոխգյուղապետ) եւ Գուրգեն Եղոյանի (մարզպետարանում աշխատում է որպես ագրոնոմ։ Սարատակ գյուղի բնակիչ է)։

7. Վերջում, 1996 թվականի աշնանը ֆոնդի հողի 30 հեկտարը տրվեց համայնքի անդամներին վարձակալման ձեւով։ Մնացած 30 հեկտարը Արտաշ Եղիկյանն առանց ավագանուն տեղյակ պահելու ձեւակերպել է որպես արենդ (վարձակալություն – խմբ.), պայմանագրային, այն էլ՝ 10 տարով իբրեւ ֆրանսիական ընկերության ներկայացուցիչ Գուրգեն Եղոյանի վրա։ Բաժանվել է ստացված բերքը վերը նշված երեքի վրա, 1996-98 թթ. ներառյալ։

8. Գյուղապետարանն ունի չսեփականաշնորհված կոմբայն, տրակտոր, տրակտոր-սերմնազտիչ, բայց դրանք գտնվում են անհատների ձեռքի տակ՝ չգիտենք ինչքան է մուծված գյուղգանձարան։

9. Թալանված է ակումբի կաթսայատունը, գյուղապետի պատճառաբանությամբ՝ իբր թե երկրաշարժից է, բայց մենք՝ գյուղացիներս, հղում ենք՝ մինչեւ Հայաստանի շրջափակումը ջեռուցվել է ակումբը։

Կոլխոզի կալերի պարիսպը քանդել են, իհարկե, գյուղապետի գիտությամբ։ Պարիսպը 5 շարքից էր, ուղիղ կտրվածքով բլոկ, 170 գծամետր։ Ո՞վ տիրացավ՝ հայտնի է բոլորիս, միգուցե վաճառել է, չէ՞ որ դա պատկանում էր Սարատակի համայնքին։ Այս բոլոր թվարկածներիս համար ոչ մի փաստաթուղթ չկա։ Գյուղապետը պատճառաբանում է, թե գյուղապետարանի չհրկիզվող պահարանից փաստաթղթերն անհետացել են։ Հիմա այն մեխանիզացիան, որը գտնվում է գյուղապետի տրամադրության տակ, ուզում է սեփականաշնորհել նրանց, ում ձեռքին գտնվում է։ Շիրակի մարզպետարանը այս բոլոր թվարկածներիս համար մեզ խորհուրդ տվեց, որ դիմենք դատախազություն։ Մենք դիմեցինք Արթիկի դատախազություն, երկու ամիս իր մոտ պահելով մեր դիմում-բողոքը, վերադարձրեց մեզ։ Դիմեցինք մարզային դատախազություն, նա էլ ուղարկեց Մարալիկի դատախազություն, մի վեց ամիս էլ սա պահեց։ Ուղարկեցին իբր թե գործերն ստուգելու ոմն Գեղամ Պեպելյան, նա էլ գործ չարեց, ասում է. «Ես ներկա ինչ-որ տեսնում եմ, այն էլ գրում եմ»։ Դեռ մի բան էլ մեզ վրա ծիծաղում են, ասում են՝ «էշ գեղացիք իրենց շահերի համար դիմում են մեզ»։ Մենք ոչ մի անձնական շահ չունենք, միայն գյուղի ճանապարհները, ակումբը վերանորոգվի՝ ուրիշ ոչինչ։

Ինչո՞ւ են պաշտպանում գյուղապետ Արտաշ Եղիկյանին, մանավանդ՝ Շիրակի մարզի վարչատարածքային բաժնի պետ պրն Կառլեն Աբրահամյանը եւ նրա տեղակալը, դատախազը, որն ասում է. «Տղեք, ախր իսիկ դատի գործ է, գուզեք օր «խեղճ» տղեն նստի՞»։

Պետական նպաստը ստանում են այնպիսի մարդիկ, որոնք 3-4, նույնիսկ 5 տոննա ցորեն են ծախել, իսկ այնպիսի ընտանիք էլ կա, որ ուտելու հաց չունի, բայց նպաստ չի ստանում։

Այս բոլորը գյուղապետ Արտաշ Եղիկյանի ձեռքի գործն է, ում ինչպես ուզեց, այնպես էլ կանի։

Ահա նրա խոսքերը՝ «Վարչապետն էլ եմ ես, Հայաստանի Հանրապետության նախագահն էլ եմ ես, ուր ուզում եք՝ գնացեք, ում ուզում եք՝ բողոքեք»։

Հին հույները ունեին այսպիսի մի առասպելաբանություն. ծովերի աստված Պոսեյդոնը եւ նրա կինը՝ հողի աստվածուհի Գեան, ունեին մի որդի՝ Անթեյը։ Անթեյը անհաղթ էր, նա միշտ կպած էր իր մորը՝ Մայր հողին, թշնամիները նրան չէին կարող հաղթել։ Երբ նեղն էր ընկնում, հպվում էր մայր հողին եւ նոր ուժ ստանում, բայց ուներ մի սովորություն, երբեմն կտրվում էր մայր հողից, թշնամիները դարանակալում էին, որ գտնեն այդ մոմենտը։ Բայց գտնվեց մեկը, Անթեյը հողից պոկվելու ժամանակ մոտեցավ նրան, բարձրացրեց իր ձեռքերի վրա եւ օդի մեջ նրան խեղդեց։ Դա Հերկուլեսն էր, իսկ մեր գյուղապետ Արտաշ Եղիկյանը նեղն ընկած ժամանակ հպվում էր մարզպետարանին եւ նոր ուժ ստանում։ Այստեղ համայնքի անդամներս հանգում ենք այն եզրակացության, որ այստեղ կա անձնական շահ եւ առյուծի բաժին։

Արտաշ Եղիկյանը անձեռնմխելի է, նա շատ ուժեղ է, ճիշտ է, մենք ենք ընտրել, բայց մեզ նայում է վերեւից, ինչպես բազեն՝ մկնիկին։

Սիրելի խմբագրություն, թեկուզ ձեզ ձանձրացրինք, բայց ոչինչ, կներեք, այսքանը գիտենք, այսքանը կգրենք։

Ինը էջ ստորագրություն+ անձնագրային տվյալները

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031