Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հետեւություններ ճամփի կեսին

Հուլիս 31,1999 00:00

Հետեւություններ ճամփի կեսին Կրթության եւ գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը, վստահ, որ քննությունների կեսին արդեն կարելի է «ինչ-որ հետեւություններ» անել, երեկ հրավիրել էր մամուլի ասուլիս։ Նախարարն իր հետեւությունները ներկայացրեց դանդա՜ղ, կշռադատելով ասված ամեն մի բառն ու տառը։ Պարոն Ղազարյանը, իր խոստովանությամբ, եկել էր «թվերով զինված» եւ մանրամասն ներկայացրեց դրանք։ Ջուրը գցելով նախարարի աշխատանքը՝ ասուլիսի այդ մասին չենք անդրադառնա, քանի որ «Առավոտը» գրեթե ամեն օր ներկայացնում է բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։ Այդ թվերից կառանձնացնենք միայն գանգատարկման արդյունքները. գնահատված աշխատանքների մոտ 6 %-ն է գանգատարկվել, որից մոտ 1 %-ի գնահատականն է փոխվել՝ 71 աշխատանքի գնահատական բարձրացվել է, 31-ը՝ իջեցվել։ Բարձրացումները հիմնականում մեկ միավորով են, կա մեկ 3 միավորանոց բարձրացում եւ մոտ 15 բարձրացում էլ՝ 2 միավորով։ Բարձրացումներից 22-ը՝ 18-20 միավորների սանդղակում է։ Նախարարի ոչ թվային ամփոփումները բավականին լավատեսական էին. հիմնականում ներկայացվածը «ձեռքբերումներ» էր որակվում։ Դրանց անդրադառնալու, եւ նախարարի շատ պնդումները վիճարկելու առիթ դեռ կունենանք։ Աշխատանքների ստուգման հարցում որոշ թերացումներ ընդունվեցին. «անուշադրության, հապճեպության դեպքեր նկատվել են»։ Ըստ նախարարի լիազոր ներկայացուցիչների ու հանձնաժողովների նախագահների միջեւ «լուրջ հակադրություններ» չեն եղել, միայն՝ 2-3 դեպք է նկատվել։ Արվեստի բուհերի մտահոգությունը՝ հայոց լեզուն ոչ մրցութային առարկա համարելու առնչությամբ, նախարարին հասցրած լրագրողին տրված պատասխանն այն էր, որ այդ հարցը ուշ են բարձրացրել, ու հիմա ոչինչ չի կարելի անել։ Սակայն հայոց լեզվի պատճառով տաղանդավոր երեխաներից չզրկվելու արվեստի բուհերի այս մտահոգությունը նոր չէ։ Անցյալ տարի էլ էր ռեկտոր Սոս Սարգսյանն այս հարցը բազմիցս բարձրացրել, այնպես որ, զարմանալի էր նախարարի զարմանքն ու դիտողությունն այդ առթիվ։ Այսքանից հետո առավել զարմանալի է նախարարի այն հավաստիացումը, թե «անցյալ տարի ես ունեցել եմ շատ ուղղակի մասնակցություն նախարարության բոլոր գործերին»։ Ընդ որում սա ասվեց ի բողոք լրագրողների՝ այս տարվա քննությունները նախորդ տարվա հետ համեմատելու «խասիաթի»։ Անցյալ տարի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր Սուրեն Զոլյանը սպառնում էր հրապարակել այն պաշտոնյաների անունները, որոնք կփորձեն ճնշում գործադրել քննության կազմակերպիչների վրա։ «Առավոտի» այն հարցին՝ ճնշումներ եղե՞լ են, ի՞նչ մակարդակի եւ չի՞ պատրաստվում նախարարը հրապարակել նրանց անունները, Էդուարդ Ղազարյանը շատ անհավանական պատասխան տվեց, ըստ որի ճնշումներ չկան։ Նախարարի տրամաբանությամբ՝ իր վրա կարող էին ճնշել միայն պետական այրերը, որովհետեւ իր «կոլեգաները պարտադիր չէ, որ հասնեն նախարարին, իրենց կոլեգաներն են քննություն ընդունում, եթե բան ունեն ասելու, իրենց պիտի ասեն, ոչ թե ինձ»։ Իսկ ի ապացույց այն պնդման, որ ճնշումներ չկան, վարչապետի գործոնը շեշտեց՝ հավաստիացնելով, որ կառավարության անդամներն ազդված են կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետի արած «հարցադրումից այս կապակցությամբ»։ Նախարարը նույնիսկ խոստովանեց, թե գիտի այն պետական այրերին, որոնք դիմորդ ունեն, բայց «նրանք ինձ անձամբ (՞- Ն. Հ.) չեն դիմել միջամտելու խնդրանքով»։ Սույն իրողությունը պարոն Ղազարյանը հիմնավորեց այն փաստարկով, թե «Ես չեմ կարող հանձնաժողովի նախագահին դիմել. եթե ես նախագահին դիմեմ, ես չեմ կարող մնացած իմ բոլոր պահանջները նրան ներկայացնել»։ Հետաքրքիր է նախարարի պատասխանը «Առավոտի» մյուս հարցին։ Տեղ հասցրինք ծնողների այն բողոքը, որ հաճախ զրկվում են գրավոր աշխատանքի պատճեն ստանալու կամ բողոքարկելու հնարավորությունից, քանի որ դրա համար 1000-ական դրամ է պահանջվում։ Հարցին՝ դա պետականորե՞ն որոշված գումար է եւ շատ չէ՞ արդյոք, նախարարը նախ հանգիստ ասաց, որ դա պետականորեն սահմանված գումար չէ, ամեն բուհ ինքն է սահմանում այդ գումարի չափը, հետո էլ, թե՝ «ինձ նման բողոք չի հասել, որ անվճարունակ են, եթե հասներ, ես կմիջամտեի, որ այդ դիմողի համար անվճար լիներ»։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել