Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՈՐԴԻՆ-2

Հուլիս 31,1999 00:00

ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿ ՈՐԴԻՆ-2 «Բալքի ոտը խերով լինի», «Լավ էլ սիրուն է»,- այս կարգի ցանկություն-դիտարկումներով արձագանքեց ժողովուրդը՝ ԵՊՀ-ի քննասենյակների առաջ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնությանը։ Նախագահի այցը, ինչպես որ միշտ լինում է՝ անակնկալ չէր. սրտատրոփ նրան էին սպասում քննության կազմակերպիչները, լրագրողները։ Ծնողների աչքին նախագահ չէր երեւում. նրանք սրտատրոփ իրենց զավակներին էին սպասում, ու մեծ ոգեւորություն նախագահի հայտնվելը չառաջացրեց։ Իսկ լրագրողներիս ոգեւորությունը նախագահի անձով էլի՛ չգնահատվեց ու հայոց լեզվի, աշխարհագրության եւ ֆիզիկայի քննասենյակներում նրա հետ շրջելու մեծագույն բախտին միայն իր հետ բերած շքախումբն արժանացավ։ Ու քիչ էր մնում այս առթիվ լրագրողներիս տխրությունն էլ կամաց-կամաց փոխվեր լացի, երբ դեպի նախագահական ավտոմեքենան տանող ճանապարհը փակած լրագրողներին անտեսելու մտադրություններ նկատվեցին։ «Առավոտի» խնդրանքին ի պատասխան, նախագահի արձագանքը «Բան պիտի ասե՞մ», հաստատակամ «այո»-ի արժանացավ, բայց ասելիքը նախ ծնողներին բաժին հասավ։ Նախագահը, անցյալ տարի ասված նույն հերթապահ խոսքերով, հանգստացրեց ծնողներին, թե. «Երեխաները շատ հանգիստ նստա՜ծ, ժպտալո՜վ գրում են»։ Հետո պատասխանեց նաեւ լրագրողներիս հարցերին, երբ իր հարցին՝ «Սրանով չենք բավարարվո՞ւմ», ժխտական պատասխան ստացավ։ «ՀՀ»- Պարոն նախագահ, ինչո՞վ է պայմանավորված հասարակության տարբեր շերտերի եւ նախագահի ուշադրությունն ընդունելության քննություններին։ -Բացատրության կարիք կա՞՝ ինչով է պայմանավորված, ինչո՞ւ պիտի ուշադրության կենտրոնում չլինի։ «Առավոտ»- Միշտ ասում եք, որ անհարկի աժիոտաժ է ստեղծվում քննությունների շուրջ։ Չե՞ք կարծում, որ ձեր մասնակցությամբ նպաստում եք դրան։ -Ո՛չ, առնվազն երկու տարի ես հիշում եմ վրանները, որ եղել են նախկինում կառավարության շենքի դիմաց՝ ամեն տարի, ընդունելության քննություններից հետո։ Եվ այդ վրանները վերացան, նոր մոտեցում սկսվեց դրսեւորվել, առաջին անգամ՝ 1997-ին։ 1998-ին ավելի կատարելագործվեց եւ համոզված եմ, որ այս տարի շատ ավելի կատարելագործված է կազմակերպվում։ Բայց վրաններ, բողոքներ, անվստահության մթնոլորտ, այո՛, չպետք է լինեն։ Եվ մեծ ստվերային շրջանառություն կա նաեւ այսօր։ «Առավոտ»- Քննություններին ձեր մասնակցությունը ինչո՞վ է նպաստում այդ երեւույթների վերացմանը։ -Իմ մասնակցությունը միայն նրանով չէ, որ ես մի անգամ եկել եմ այստեղ։ Ո՞ւր է նախարարը։ (Ժողովրդի մեջ կորած Էդուարդ Ղազարյանին գտնելուց հետո միայն նախագահը շարունակեց իր խոսքը։- Ն. Հ.)։ Ամբողջ գործընթացի սկզբից ենք հետեւել, ոնց պիտի լինի։ Ու նաեւ վերջում արդյունքներն ենք ամփոփելու։ Անցյալ տարի, օրինակ, Աղվերանում ենք ամփոփել՝ ամբողջ հանձնաժողովի կազմի հետ եւ շնորհակալություն եմ հայտնել։ Այս տարի կփորձենք ինչ-որ ձեւով նաեւ գնահատել մարդկանց ազնիվ (՜ Ն. Հ.) աշխատանքը։ «Առավոտ»- Այնքան քիչ միջոցներ են հատկացվել քննությունների կազմակերպման համար, որ… -… Էդ ի՞նչ գիտեք (ընդհատեց խորամանկ ժպիտով – Ն. Հ.)։ «Առավոտ»- … որոշ հանձնաժողովների նախագահներ մտավախություն ունեն, որ աշխատավարձ էլ կարող է չստանան։ Այդ չնչին աշխատավարձով, որ ամեն տարի տրվում է, ազնիվ կաշխատե՞ն։ -Ես այդ թվերին չեմ տիրապետում (հուսահատ ու օգնություն ակնկալող հայացքով նախարարին նայելով- Ն. Հ.)… Է. Ղազարյան- Այն գումարը, որ նախատեսված է հանձնաժողովների աշխատանքների համար, պահպանված է։ Այդ գումարը չի պակասել։ «Առավոտ»- Բայց դա շատ քիչ գումար է, որ ազնիվ աշխատեն (անամոթաբար նախարարին ընդհատելով ու հնարավորություն չընձեռելով նախագահին՝ խուսափելու պատասխանից)։ -Այո՛, նաեւ համարում եմ, որ, այո՛, պիտի պարգեւատրման հատուկ ֆոնդ լինի։ Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, ծանր գործ է։ Հասկանում եմ նաեւ բոլոր հանձնաժողովների անդամների վրա ճնշումը՝ բարեկամների, ընկերների, հարեւանների, շրջապատի կողմից։ Եվ այդ տեսակետից, այո, պետք է գնահատել նաեւ այդ աշխատանքը։ Պետք է հատուկ պարգեւատրման ֆոնդ լինի։ Անցյալ տարի փորձել ենք ինչ-որ ձեւով այս հարցը կարգավորել, կարծում եմ՝ այս տարի եւս հնարավորություն կգտնենք։ (Այդ գումարի հույսին մնացած հանձնաժողովների աչքը լույս- Ն. Հ.)։ Հերիք է, չէ՞։ «Առավոտ»- Կներեք, մի հարց էլ։ Ձեր որդու ուսմանը հետեւո՞ւմ եք, գո՞հ եք ԵՊՀ-ի տված ուսման որակից։ (Հարցից մի քիչ շփոթված նախագահի հայացքը հաստատ մոտերքում գտնվող ԵՊՀ-ի ռեկտորին էր փնտրում ու վախից, թե այս հարցի պատասխանն էլ վերջինիս վրա գցի, ավելի լրջացրինք թեմայի կարեւորությունը)։ Չեք գտնո՞ւմ, որ ավելի կարեւոր է ուսման ընթացքը, քան ընդունելության քննությունները, ինչո՞ւ չեք հետեւում նաեւ բուհերի ավարտական քննություններին։ -Ես կարծում եմ, որ ավարտական քննությունների, ընդհանրապես ուսման սկզբունքում երեւի որոշ բարեփոխումների կարիք կա։ Նախարարությունը պետք է առաջարկություններով հանդես գա։ Իսկ ինչ վերաբերում է ուսմանը, ես… (մտքում մի պահ պատմահամեմատական վերլուծություն անելով՝ ինքնագոհ հավելեց- Ն. Հ.) ինձ թվում է, թե ես ավելի լավ էի սովորում, քան որդիս։ Ուսանողի բնավորություն է, ամեն ինչ թողնել վերջին օրերին, ես կարծում եմ՝ սա բոլորի մոտ կա, բայց, այնուամենայնիվ, սովորում է եւ վատ չի սովորում։ Եթե չեմ սխալվում՝ գերազանցիկ է, եթե չեմ սխալվում։ (Նախագահը, չգիտենք՝ սխալվո՞ւմ է, մանավանդ որ այս խոսքերից անմիջապես հետո որդու գերազանցության առնչությամբ անկեղծորեն կասկած հայտնեց, թե «չգիտեմ, ինչքանով է օբյեկտիվ, բայց…» (երեւի նկատի ուներ, թե ո՞վ ռիսկ ունի նախագահի որդուն գերազանց չնշանակել), բայց «Առավոտը» հաստատ չէր սխալվում, երբ անցյալ տարի ՀՀ նախագահի՝ քննասենյակներ կատարած այցը լուսաբանող հոդվածը վերնագրել էր. «Գերազանցիկ նախագահի գերազանցիկ որդին»- Ն. Հ.)։ Նախագահն այնքան էր շտապում լքել հարցասեր լրագրողներիս, որ նույնիսկ չհասցրինք հետաքրքրվել, թե ինչո՞ւ է, արդեն երեք տարի, իր այցերի համար հենց մայր բուհն ընտրում։ Ենթադրում ենք, որ պոլիտեխնիկ ինստիտուտի շրջանավարտ Ռոբերտ Քոչարյանն իր բուհի հետ կապված չէ հաճելի հուշերով։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել