Այնքան են ժողովրդին նեղը գցել օր օրի նոր ոլորտներ ընդգրկող թանկացումներով, որ ԵՊՀ այցելած ՀՀ նախագահին շրջապատած դիմորդների ծնողները, օրվան հատուկ դարդն ու ցավը մոռացած, հենց այդ թանկացումներից էին բողոքում։ Բենզինի թանկացմամբ մտահոգ ծնողներից մեկին հույս տալու լավագույն ձեւը նախագահը համարեց այն արդարացումը, թե միայն մեզ չի բաժին հասել այդ աղետը։ Նախագահի հարցին՝ գիտե՞ք, ինչքան է բարձրացել բենզինի գինը ողջ աշխարհում, Ամերիկայում, ժողովուրդը երեւի մտքում արձագանքեց սրտի ու մխիթարանքի մասին ժողովրդական հայտնի իմաստնությամբ։
Իսկ ժողովրդի համար նախագահի պարզաբանումն այսպիսին էր. «Մենք բենզինը առնում ենք ուրիշ տեղից, ուրեմն եթե շուկայական միջազգային գները բարձրացել են, մեզ էժան բենզին ոչ ոք չի տա։ Դա այն երեւույթն է, որի դեմ Հայաստանում ո՛չ կառավարությունը, ո՛չ վարչապետը, ո՛չ նախագահը ոչ մի լծակ, ոչ մի դեր չունի։ Կարող ենք դժգոհել, բողոքել, զայրանալ, բայց դրա հետ հաշվի չնստել… Ուրիշ հարց, մե՛ր արտադրությունը լիներ, մենք ինչ-որ բաներ մտածեինք»։ Ժողովրդի միջից մեկն անմիջապես բռնացրեց նախագահին խոսքի վրա. «Մեր արտադրության վրա էլ է ազդում ախր, գյուղմթերքների, բոլորի վրա ազդում է անմիջականորեն»։
Էլեկտրաէներգիայի գնի կամ հեռախոսների վարձի վրա ազդում է, թե չէ, անկեղծորեն ասած՝ չգիտեմ, բայց այդ մասին էլ հարց տվեցին ու ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրեցին, որ հաշվի առնեն իրենց թշվառ վիճակը։ Բայց դե հո նախընտրական հանդիպում չէ՞ր, որ նախագահը խոստումներ տար։
Ն. Հ.