Կառավարության վերջին նիստի որոշումները (բենզինի բնապահպան վճարի բարձրացման եւ ծխախոտի հաստատագրված վճարումների նոր կարգի մասին) ներկայացնելիս՝ պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը համառորեն չէր հասկանում լրագրողներից մեկի այն հարցը, թե կառավարությունը ո՞նց պիտի անի, որ բենզինի գնի բարձրացումը չկապվի բադրիջանի գնի բարձրացման հետ։ Պրն Այվազյանը փորձում էր սրամտել, թե բենզինն ու բադրիջանը ի՞նչ ընդհանուր կապ ունեն։
Նախ ասենք, որ եթե որեւէ այլ ընդհանրություն չունենան էլ՝ «բ» տառն արդեն ընդհանուր է եւ ամենակարեւորը՝ բադրիջանը (նաեւ վարունգը, լոլիկը եւ այլն) տեղափոխվում են բենզինի այրման շնորհիվ։ Այս բանը նախարարը չէր ուզում հասկանալ, բայց Արագածոտնի մարզի գյուղացիներն անմիջապես հասկացել էին եւ իրենց գլխին կախված մութ ամպերը զգացել էին առանց տեսնելու։
Գյուղացիները երեկ արդեն բողոքում էին, որ մեկ օր առաջ 60 դրամանոց լոլիկը իրենք արդեն ստիպված են գնել 100 դրամով։ Այսպիսի շեղակի բարձրացումներ են արձանագրվել նաեւ մյուս գյուղմթերքների գներում։ Մնում է ծխել ու խորհել աշխարհի կլորության մասին, բայց դե ծխելը փող է։ Թեպետ կառավարությունը մարդասիրաբար ամենաքիչը բարձրացրել էր առանց ֆիլտրի ծխախոտի հաստատագրված վճարը, սակայն երեկ աշտարակցիք արձանագրեցին՝ 60 դրամանոց «Չիբուխի» գինն արդեն բարձրացել է 90 դրամ։ 140 դրամանոց «Գառնին» դարձել է 160 դրամ։ Իսկ բենզինի գինը խիստ գաղտնի է դարձել։ Լցակայաններում բենզինի գինը գրված է 3800 դրամ, բայց այդ գնով ոչ ոք չի վաճառում։ Փաստորեն, բենզինը վաճառվում է «տակից»՝ 5800-6000 դրամով։
Գնագոյացման հայկական տարբերակն առաձգական է ծամոնի պես։
Կարդացեք նաև
Մ. Ե.