Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՐԱԶԱՆՔԻՑ ԱՆԳԱՄ ԿԱՐԵԼԻ Է ՄՈՒՐԱԲԱ ԵՓԵԼ, ԵԹԵ ԱՎԵԼԱՑՎԻ ՄԻ ՔԻՉ ՇԱՔԱՐ ԵՎ ԹՈՒՅՆ»

Հուլիս 31,1999 00:00
shaqar

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը ստեղծվեց Կարեն Դեմիրճյանի ֆենոմենի շահարկումով։

1998-ի արտահերթ նախագահական ընտրություններից հետո, ընդամենը տաս ամսում, «մի փոքրիկ սենյակում, մի կոտրած աթոռի վրա» թափ առնող կուսակցությունը կարողացավ դառնալ 25 հազարանոց հսկա բանակ։ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀԺԿ-ն զարմանալի եւ շատերի համար մինչեւ այսօր անհասկանալի դաշինք կազմեց հանրապետական կուսակցության հետ։ Այս դաշինքի պտուղները տարբեր թեւեր տարբեր կերպ են վայելում։ Խորհրդարանական ընտրություններում հաղթած դաշինքի անդամների այն թեւը, որն անսպառ ակնկալիքներ ուներ (պաշտոն, հովանավորություն եւ այլն) անմիջապես ձեռքերը շփեց եւ ախորժակը բացվեց։ Շատերն իրենց կրկին զգացին ինչպես ձուկը ջրում՝ հիշելով նախկին ռայկոմ-քաղկոմ-կենտկոմական նիստն ու կացը։ Դաշինքի հաղթանակից իհարկե շահողներ եղան, բայց տուժողները եւս քիչ չէին։ Շարքային կուսակցականները տեղերում դաշինքի հաղթանակն ապահովելով, հարազատի ու բարեկամի հետ թշնամանալով (կամ՝ հակառակը) բարեխղճորեն իրենց գործն արեցին ու մնացին ձեռնունայն։

Կարծիք կա, որ «Միասնություն» դաշինքից տուժեց ՀԺԿ-ն։ Թե դա որքանով է համապատասխանում իրականությանը, թողնենք քաղաքագետներին։ Իսկ մենք արձանագրենք, որ ՀԺԿ-ում կարծես թե սկսվում են կուսակցական ներքին անհաշտությունները։ Մեր դիտարկումներով, կուսակցությունը բաժանվում է միրոյանական թեւի եւ հովհաննիսյանական թեւի։ Կուսակցության այս պառակտումը որքանով է հայտնի Կարեն Սերոբիչին, մենք դեռ չգիտենք։ Սակայն ակնհայտ է, որ վերջին խոսքի իրավունքը նրանն է նաեւ այսօր։

Աշտարակի պոպոքը, Հմայակի…

Երեկ Արագածոտնի մարզի ՀԺԿ տարածքային կազմակերպության արտահերթ կոնֆերանսին մասնակցելու պատիվն ունեցա։

ՀԺԿ կանոնադրության համաձայն, ՀԺԿ տարածքային կազմակերպության բարձրագույն մարմինը կոնֆերանսն է, որը հրավիրվում է ոչ ուշ, քան 2 տարին մեկ անգամ։ ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի տարածքային կազմակերպության խորհրդի, ինչպես նաեւ տվյալ տարածքի սկզբնական կազմակերպությունների առնվազն 1/3-ի պահանջով մեկ ամսվա ընթացքում հրավիրվում է արտահերթ կոնֆերանս։ Կոնֆերանսի ներկայացրած օրակարգը հայտնվում է ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի կողմից։ Կանոնադրության տառին եւ պահանջին համապատասխան Արագածոտնի տարածքային կազմակերպությունը հրավիրել էր արտահերթ կոնֆերանս։ Այս կոնֆերանսը, չգիտես ինչու, ՀԺԿ վարչության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Միրոյանի սրտով չէր (դատելով տարածքային կազմակերպության քարտուղար Պողոս Գաբրիելյանի պատմածներից)։ Պրն Գաբրիելյանը կոնֆերանսից երկու օր առաջ գնացել էր պրն Միրոյանին հրավիրելու կոնֆերանսի։ Տեղի է ունեցել մոտավորապես այսպիսի տհաճ խոսակցություն. «Ես եմ քեզ առաջարկել քարտուղար, հիմա ես դեմ եմ, որ լինես քարտուղար, դու փորում ես ընկերոջդ տակը»։ Գաբրիելյանն էլ պատասխանել է. «Ես ռայկոմական շկոլա չեմ անցել»։ Այս կարճատեւ հանդիպման համար Ռուբեն Միրոյանի ընդունարանում հարկ է եղել սպասել մոտ 8 ժամ։

Ի սկզբանե էր Պողոսը, հետո բերեց Ղուկասին

Տարածքային կազմակերպության հիմնադիրներից եւ ձեւավորողներից է Պողոս Գաբրիելյանը։ Նա նաեւ կազմակերպության առաջին քարտուղարն էր այնքան ժամանակ, քանի դեռ չէր գործուղվել Մոսկվա։ Մոսկվա գործուղվելու պատճառով, իր փոխարեն կազմակերպության առաջին քարտուղար է առաջարկում իր ընկերոջը՝ Ղուկաս Հարությունյանին։ Վերջինիս աշխատանքից տարածքային սկզբնական կազմակերությունները գոհ չեն եւ դեռ ապրիլի 9-ին որոշում էին կայացրել նրան անվստահություն հայտնել։ Սակայն, քանի որ առջեւում ԱԺ ընտրություններն էին, որոշվեց հարցը մի քիչ երկարաձգել։ Այս ընթացքում Ղուկաս Հարությունյանը հասցնում է դառնալ Ռուբեն Միրոյանի սիրելին։

Արտահերթ կոնֆերանսի օրակարգում երեք հարց կար. 1) ԱԺ-ի ընտրություններին տարածքային կազմակերպության մասնակցությունը եւ արդյունքների ամփոփումը։ 2) Կուսակցության տարածքային կազմակերպության վիճակը ընտրություններից հետո։ 3) Կազմակերպչական հարցեր։

Առաջին հարցի մասին զեկուցումով հանդես եկավ ոչ թե տարածքային կազմակերպության քարտուղար Ղուկաս Հարությունյանը, այլ խորհրդի անդամ, ՀԺԿ վարչության անդամ Պողոս Գաբրիելյանը։ Վերջինս մասնավորապես ասաց, որ, չնայած մարզում դաշնակցության ակտիվ աշխատանքին, իրենք կարողացան «Միասնություն» դաշինքի թեկնածուներից երեքին դարձնել ԱԺ պատգամավոր։

Ելույթ ունեցան սկզբնական կազմակերպությունների բազմաթիվ անդամներ։ Եվ բոլորի ելույթներում միակ լեյտմոտիվը հետեւյալն էր. «Ղուկաս ջան, քեզ չենք ուզում, գնա, ախպեր, Աստված քեզ հետ»։ Իսկ Արագածոտն գյուղի քարտուղարը այնքան ոգեւորվեց, որ այսպիսի համեմատություն անելու սրամտություն ունեցավ. «Սա նույնն է, երբ ընկերը ընկերոջը նոր մեքենա է նվիրում, թե ժամանակավոր օգտագործիր, հետ տուր, բայց ընկերը չի ուզում վերադարձնել»։

Իսկ Արմիկ Ասատրյանի ասելով. «Պողոսը սկուտեղի վրա մեզ մատուցեց Ղուկասին, մենք ոչինչ չասացինք։ Հիմա ուզում ենք, որ մեր լիդերը Պողոսը լինի»։ Տիկին Ասատրյանի վերջին եզրակացությունը խիստ հետաքրքիր էր. «Բոլոր խմորումները, որ հասել են ներքեւ, վերեւից են գալիս»։

Դարձյալ ընտրեցին

Արտահերթ կոնֆերանսին մասնակցում էին 62 պատգամավորներից 54-ը։ 8-ը բացակայում էին հարգելի պատճառով։ Աշխատանքների ընթացքում, ելույթներից պարզվեց, որ մանդատ է ստացել նաեւ Ղուկաս Հարությունյանը, որը սակայն վերջին պահին միտքը փոխել է եւ չի մասնակցել կոնֆերանսին։ Այսպիսով, բացականերից մեկն անհարգելի դարձավ։ Կոնֆերանսը կրկին ընտրություններ անցկացրեց, եւ քարտուղար ընտրվեց (միաձայն) Պողոս Գաբրիելյանը։ Կատարվեց բաց ընտրություն, թեպետ Պողոս Գաբրիելյանը ձգտում էր, որ փակ ընտրություն անցկացվի։ Ղուկաս Հարությունյանը մնաց խորհրդի կազմում։ Վերջում, երբ Պ. Գաբրիելյանը խոստացավ, թե կարդարացնի ընտրողների հույսերը, ընտրողներից մեկը տեղից արձագանքեց. «Չարդարացրիր, ձեւը գիտենք, արտահերթ կոնֆերանս կհրավիրենք, կհեռացնենք»։

Գնահատական

ՀԺԿ գաղափարական-քաղաքական քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը միակն էր վարչությունից, որ մասնակցում էր արտահերթ կոնֆերանսին, թեպետ հրավիրված էին վարչության գրեթե բոլոր անդամները։ Պրն Հովհաննիսյանի կարծիքով, արտահերթ կոնֆերանսը լրիվ համապատասխանում էր կուսակցության կանոնադրությանը եւ պահպանված էին բոլոր կետերը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031