Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՂԵՐ

Հուլիս 31,1999 00:00
Artak Sahradyan

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 30-ին արտահերթ նիստ էր գումարել՝ օրակարգային ընդամենը մեկ հարցով. ԱԺ ընտրություններին համամասնական եւ մեծամասնական կարգով մասնակցած կուսակցությունների, դաշինքների, պատգամավորության թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի ամփոփ տվյալների հրապարակման կարգը քննարկելու համար։

Զեկուցողը ԿԸՀ նախկին անդամ, իսկ այժմ ԿԸՀ-ի վերստուգիչ ծառայության ղեկավար Արա Հարությունյանն էր։ Ի դեպ, պարզվեց, որ վերստուգիչ ծառայություն, որպես այդպիսին, ԿԸՀ-ում գոյություն չունի եւ այդ կառույցն առարկայացել է սոսկ նախագահի գոյությամբ։ ԿԸՀ նախագահ Արտակ Սահրադյանն էլ բացատրեց, որ բյուջեում միջոցներ չկան եւ այդ պատճառով է, որ վերստուգիչ հանձնաժողով չի ձեւավորվել, սակայն նրա բացատրությունն ամենեւին էլ չբավարարեց ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանին, որն ավելի ուշ պնդեց, թե հարկավոր է անպայման ունենալ այդ մարմինը, այլապես մեկ մարդն ամբողջ տարվա ընթացքում էլ չի հասցնի իրականացնել հանձնաժողովի առջեւ ծառացած աշխատանքը։

Մի խոսքով, մինչ այսպես վիճում էին, Արա Հարությունյանն արդեն հասցրել էր օրակարգային հարցի վերաբերյալ տեղեկանք ներկայացնել։ Փաստաթղթով ծանուցվում էր, որ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած 21 կուսակցություններից նախընտրական հիմնադրամների մուտքերի եւ ծախսերի վերաբերյալ հայտարարագիր է ներկայացրել 20-ը։ Չի ներկայացրել միայն «Ազգային պետություն» կուսակցությունը, որը նախընտրական հիմնադրամ չի բացել եւ իր քարոզչական ծախսերը կատարել է այլ միջոցների հաշվին։ Ի դեպ, զեկուցողը մատնանշեց, որ տվյալ կուսակցությունը 450 դոլար պարտք է մնացել Ազգային հեռուստատեսությանը, քանի որ մեկ ժամից ավելի հեռուստաեթերով հանդես գալու հնարավորություն է ունեցել։ Գումարի մի մասը վճարված է։ Սակայն խնդիրն այն է, որ ընտրական օրենսգիրքը պահանջում է նախընտրական ծախսեր կատարել միայն այդ նպատակով բացված հաշվի համարում եղած գումարներից։

Ինչեւիցե, շարունակենք զեկուցողի ներկայացրածը։ «Ազատ Հայք-Առաքելություն», «Կոմունիստական եւ սոցիալիստական կազմակերպությունների միություն», ՀԴԿ, Երիտասարդական եւ «Առաքելություն» կուսակցությունները նախընտրական հիմնադրամ չեն բացել եւ ծախսումներ կատարել են այլ միջոցների հաշվին։ Սակայն վերջիններս հայտարարագիր ներկայացրել են։ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը, բացի իր նախընտրական հիմնադրամում եղած միջոցներից, այլ քարոզչական ծախսեր եւս կատարել է։

Ընդհանուր առմամբ բոլոր կուսակցությունների նախընտրական հիմնադրամներում կուտակվել է, ըստ Արա Հարությունյանի հաշվարկների, 119,4 մլն դրամ եւ քարոզչական նպատակների համար, ծախսվել է 140,5 մլն դրամ։ Ասել է, թե՝ 21,1 մլն դրամ ավելի է ծախսվել, քան հիմնադրամներ մուտքագրված միջոցներն են։

Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին եւ ընտրված պատգամավորներին, ապա, ինչպես ներկայացրեց Արա Հարությունյանը, առարկայացել է հետեւյալ պատկերը. նախընտրական հիմնադրամ են բացել եւ հայտարարագիր են ներկայացրել 134-ը։ 16-ն ընդհանրապես մուտք ու ելք չի ունեցել իր հիմնադրամից։ Մյուս 119-ի նախընտրական հիմնադրամներ է մուծվել 73 մլն դրամ, որից ծախսվել է 72,2-ը։ Արա Հարությունյանը ներկայացրեց, որ մնացորդը կազմել է 832 հազար դրամ։

Զեկուցողը ներկայացրեց, որ նախընտրական հիմնադրամներ չունեցած թվով 27 պատգամավորության թեկնածու ներկայացրել է հայտարարագիր եւ, նրանց մատուցած տվյալների համաձայն, այդ 27-ն այլ միջոցներից քարոզչական նպատակների համար ծախսել են շուրջ 6 մլն դրամ։

Շուրջ 150 պատգամավորության թեկնածու էլ, այդ թվում եւ ընտրված պատգամավորներ, ունեցել են նախընտրական հիմնադրամներ, կատարել են քարոզչական ծախսեր, սակայն դրա մասին, հակառակ օրենքի պահանջի, հայտարարագիր չեն ներկայացրել։

Հայտարարագիր չի ներկայացրել եւս 315 պատգամավորության թեկնածու, որոնց հիմնադրամ բացելու եւ ծախսումներ կատարելու վերաբերյալ ԿԸՀ-ն որեւէ տվյալ չուներ։

Այսպիսով՝ մատուցված տվյալների շուրջ որոշակի բանավեճ ծավալելուց հետո ԿԸՀ-ն խաթրաշահ մոտեցում որդեգրեց՝ հակառակ օրենքի պահանջի՝ «սպասենք, տեսնենք, կարող է մարզային ընտրական հանձնաժողովներում որոշ թեկնածուներ հայտարարագրեր ունեն, որոնք չեն հասել ԿԸՀ»։ Մինչդեռ, ինչպես հայտնի է, հայտարարագիր ներկայացնելու մեկամսյա ժամկետը երկու անգամ արդեն լրացել է։ Ինչեւիցե, ԿԸՀ-ն հարցին վերջին անգամ կանդրադառնա հաջորդ շաբաթ եւ խախտումներ արած պատգամավորների ու պատգամավորության թեկնածուների համար դիմում կներկայացնի դատարան, որպեսզի նրանք վարչական կարգով պատասխանատվության ենթարկվեն՝ վճարելով նվազագույն աշխատավարձի 200-500-ապատիկը։

Մեր կարծիքով, նույնը կարող էին անել երեկ, որովհետեւ պատգամավոր դարձող մարդը պետք է օրինավոր լինի, եթե ուզում ենք իրավական երկիր կառուցել։ Համ էլ՝ ձեռքները հո քարի տակ չի։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031