Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿԻԼԻԿԻԱՆ» ՄԱՔՈՒՐ Է

Հուլիս 31,1999 00:00
kilikia

Առավոտին» հասած տեղեկությունների համաձայն, երեկվա «Միթե խարդախ են ջրագործները» լուրը չի համապատասխանում իրականությանը՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանի մասով։ Ավելի մանրամասն՝ առաջիկա համարներից մեկում։

ԱՆՀԱՋՈՂ ՌԵՎԱՆՇ

sd

Այս անգամ Նաիրիի շրջանի թիվ 56 ընտրատարածքի ԱԺ պատգամավորության թեկնածու Աղասի Սիմոնյանն էր փորձել այդ տարածքից պատգամավոր դարձած, իրեն հաղթած Արամ Հարությունյանի կողմից ընտրախախտումների հարցը հասցնել Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն ընդհանրապես չի մուտքագրել նրա դիմումը եւ «գործը» փաստորեն հետ է ուղարկել։

ԵՎՍ ՄԻ ԿՈՐՈՒՍՏ

kin

Երեկ Անահիտ Պողոսյան անուն-ազգանունով մի կին համառորեն պահանջում էր «Առավոտի» իրավական բաժնից՝ իրեն հասցնել… Թուրքիայի սահմանն ու վերջ։ Մերժվելուց հետո նա սպառնաց, թե ընդհանրապես «Առավոտ» չի ընթերցի։

ՈՐԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

danak

Աշտարակի շրջանի Օշական գյուղում երեկ գիշեր հայրը դանակահարել եւ սպանել է որդուն։ Պատճառները դեռեւս հայտնի չեն։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ՈՐՈՇԵԼ ԱՌԱՆՑ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

mardahamar

Դավիթ Շահնազարյանը ազդարարեց «Բրիտանիկ» հանրագիտարանի անցած ամիս հրապարակած տվյալները, ըստ որի 1999-ին Հայաստանի բնակչությունը փաստացի 2 մլն է կազմում, իսկ 1998-ին եղել է 2,5 մլն։

ՄԵՔՍԻԿԱ-ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

caxikner

Հոգեբան Հրաչյա Տաթեւյանը հաջող համեմատեց՝ սոցապ նախարարության «Շուշաններ աղքատ բարեկամիս» ծրագրի անվանումը «Սպիտակ վարդեր սեւ քրոջս համար» ֆիլմի հետ։

ԱՊԱԳԱ ՆԱԽԱԳԱՀ ՆԻԽՏ ՊՈԼԻՏԻԿԱ

Ara Sahakyan

Էբերտի անվան հիմնադրամի եւ «Համաձայնություն» կենտրոնի երեկվա սեմինարի ընթացքում Արա Սահակյանը մի միջադեպ վերհիշեց. «1997-ի հուլիսին հայկական պատվիրակությունն էի ղեկավարում Սանկտ-Պետերբուրգի տնտեսական ֆորումում։ Վերադառնալուց վարչապետ Ռոբերտ Քոչարյանին զեկուցեցի մեր պատվիրակության այցելության մասին, հետո էլ վերջում մի քիչ այլ բաներից խոսեցինք, եւ նա ինձ ասաց. «Գիտես, Արա ջան, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Թե ինչ տեղի ունեցավ հետո եւ մինչեւ հիմա՝ ձեզ եմ թողնում»։ Դավիթ Շահնազարյանն արձագանքեց. «Ճիշտ է ասել՝ մինչեւ հիմա էլ քաղաքականությամբ չի զբաղվում»։

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ

hyd

Ըստ «Առավոտի» ստույգ տեղեկությունների, ՀՅԴ-ն մտադիր է Աջափնյակ թաղամասում թեկնածու առաջադրել Մկրտիչ Սահրադյանին։ Հիշեցնենք, որ նա մեծ ազգուտակ ունի Անաստասավանում եւ 1995-ին էլ ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն օրվա իշխանությունը անցակցրեց Հովհաննես Թոքմաջյանին։

ԱՐԺՈՒՅԹԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

dolar

Օրերս Միջազգային վալյուտային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը մի զրույցում ասել է, թե վարկի երկրորդ տրանշը Հայաստանին կհատկացվի ոչ շուտ, քան սեպտեմբերի կեսերին։ Հիշեցնենք, որ այդ հատկացման չափն անցնում է 20 մլն դոլարից։

Սեփ. լր.

ԲԱԳՐԱՏՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է

Hrant Bagratyan

«Հասարակ մարդկանց գիտակցության մեջ սա նստվածք է թողնում. մարդիկ նախապատրաստում են սոցիալական բունտը Հայաստանում»: Հուլիսի 30-ին հրավիրած ասուլիսում «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը այսպես բնորոշեց «ԱրմենՏել» ընկերության հիմնադրման եւ գործունեության, նրա սեփականաշնորհման գործընթացի՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխանությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որը հուլիսի 27-ին հրապարակել է հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ եզրակացության մեջ մասնավորապես ասված է, որ «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ հիմնադրումն ու հետագա գործունեությունը, ընդհուպ մինչեւ նրա սեփականաշնորհումը, հակասել են ՀՀ օրենսդրական բազմաթիվ ակտերի, ՀՀ Սահմանադրության 5 եւ 8 հոդվածներին, եւ որ դրան նպաստել են ՀՀ կապի նախկին նախարար Գ. Պողպատյանի գործունեությունը եւ նրա գործունեության նկատմամբ ՀՀ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի եւ ՀՀ նախկին վարչապետ Հ.Բագրատյանի պատշաճ վերահսկողության բացակայությունը:

Վերոհիշյալ հանձնաժողովի գործունեությունն ու եզրակացությունը Հ.Բագրատյանի բնորոշմամբ, ըստ էության, կարելի է պատվեր համարել: «Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է Դավիթ Վարդանյանը, ընդդեմ էր նախկիններին, այսօր էլ նրանք ընդդեմ են եւ նույնպես նախկիններին, ուրիշ մեկին նրանց չի թույլատրված ընդդեմ լինել»,-ասաց Հ.Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանն ասաց, թե ինքը չգիտի, թե «ԱրմենՏելը» ճիշտ է սեփականաշնորհվել, թե սխալ: Նրա կարծիքով, անգամ վատ սեփականաշնորհման պարագայում էլ այսօր «ինվեստորին այսպես կպնելը պատիվ չի բերում Հայաստանին»: Բացի այդ, «Տվյալ սեփականաշնորհման ետեւում միայն կանգնած է եղել Հայաստանի բարձրագույն այրերից մեկը»,-հայտարարեց Հ.Բագրատյանը:

Ասուլիսում նա ոչ միայն պնդեց, որ «ԱրմենՏելի» հարցի հետ ինքը որեւէ կապ չունի, այլեւ փորձեց ապացուցել, որ ընդհանրապես իր վարչապետության ժամանակահատվածում ճիշտ տնտեսական քաղաքականություն է վարվել: Նա հիշատակելով Դավիթ Վարդանյանին եւ Արշակ Սադոյանին, ասաց, թե սեփականաշնորհումը թալան անվանողներն այսօր սեփականատերեր են դառնում:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031