Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՎ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ

Հուլիս 31,1999 00:00
lurer

Էբերտի անվան հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ու «Համաձայնություն» իրավական եւ քաղաքագիտական հետազոտությունների կենտրոնի երեկ կազմակերպած սեմինարում բազմիցս անդրադարձան այն հարցին, թե արդյոք Հայաստանում մամուլն ազա՞տ է։

Բոլորովին ազատ չէ, ասեմ ձեզ։ Այլապես մեր գլխավոր խմբագիրը, որն այս սեմինարում զեկուցում էր «ԶԼՄ-ների դերն անցումային շրջանում» թեմայով, չէր արգելի անդրադառնալ իր զեկուցմանը։ Գրաքննության պատրվակն այն է, թե իբր կոռեկտ չէ, ինքնագովա՜զդ կդիտվի եւ այլն։ Բայց ես հո վստահ եմ, թե ուղղակի զգուշանում էր, որ զեկուցման լուսաբանումն ինձ համար ուղղակի հրաշալի առիթ կլիներ՝ այս շոգին մեզ աշխատեցնելու դիմաց վրեժս լուծելու համար։ Սատանի քաղաքական կյանքն էլ ամեն ամառ մեռնում է եւ Աստծո ամեն օր որոնումներով ես սկսում, թե այսօր ինչ պիտի մոգոնես պայմանագրով սահմանված մեկ էջանոց նյութդ գրելու համար։

Այս ամենում մխիթարականը միայն այն է, թե քանի որ պարտավորվել եմ իր զեկուցմանը չանդրադառնալ, ուստի պիտի անտեսեմ նաեւ հարակից հարցուպատասխանն ու այն բոլոր ելույթները, որոնք առնչվում էին մեր գլխավոր խմբագրի խոսքին եւ «Առավոտին» վերաբերող օրինակներին, որոնք խիստ բազմաթիվ էին։ Ուստի, սեմինարի կեսից շատի լուսաբանման բեռից ազատ եմ։Իսկ մնացածի առիթով նախ պիտի հայտնեմ, թե ելույթներից տպավորություն ստացա, որ ամեն մի գործող լրագրողին բաժին է ընկնում 3-5 հոգի, որոնք վերլուծում եւ հետազոտում են նրա արածները։ Եվ այնպիսի՜ խորախորհուրդ եզրակացություններ են անում այդ ամենից։ Մեջբերենք միայն որոշները։

«Սիս» տեղեկատվական գործակալության տնօրեն Ռոզա Գաբրիելյանի եզրակացությունների տրամաբանական շղթան էր.

ա) Մամուլը հասարակության հայելին է։

բ) Հայմամուլը կուսակցական է։

գ) Այսօրվա Հայաստանի մամուլը ծուռ հայելիների թագավորություն է, «քանի որ կուսակցական տեսանկյունը կարգին հայելին դարձնում է ծուռ»։

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյան. «Ի՞նչ է նշանակում, երբ որ այսօր «Օրագիր» թերթը լկտի ձեւով փակում են, լրագրողական ընտանիքը ձեւ է անում, թե անհանգստանում է (իսկ ինձ թվում է, թե այդ ձեւն էլ չեն անում- Ա. Ի.)։ Հիմա հարց է առաջանում՝ չսիրենք կուսակցությունները, չսիրենք քաղաքականությունը, բայց մեր երկիրն է՝ մեր աչքի առջեւ այլասերվում է։ Ինձ բարոյական կողմն է հետաքրքրում։ Ի՞նչ են պատասխանելու 5 տարի անց այն լրագրողները, որոնք համակերպվել են այս վիճակին ու համակարգի համար չեն պայքարում»։ Ոչ այնքան այս առիթով, այլ ընդհանուր տպավորությունս է, թե շատ քաղաքական գործիչներ ավելի մեծ համարձակություն եւ պատասխանատվություն են պահանջում լրագրողներից, քան ունեն իրենք։

«Մեր երկուսի գոյությունն իրարից անբաժան է»,- ասաց Արա Սահակյանը։ Նա նույնպիսի մի տխուր իրողություն արձանագրեց. «Նույնիսկ 19-րդ դարում այնպիսի միակողմանիություն, ինչպիսին այսօր ունի մեր մամուլը՝ չի եղել։ Մամուլն այն ժամանակ հասկանում էր, որ հայ ժողովուրդը մի մեծ դարդ ունի՝ դա նրան կրթելն ու լուսավորելն է»։

Դավիթ Շահնազարյանը Հայաստանի մամուլի՝ դրականից բացասականի դասակարգման սեփական սանդղակն ուներ։ Առաջին տեղում անկախ մամուլն էր։ Հաջորդը՝ կուսակցական մամուլը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցնում էր դեղին մամուլը։ Սա արդեն զրոյից ցածր էր, բայց դրանից հետո էր պետական մամուլը։ Եվ միայն վերջին տեղում էր դաշնակցական մամուլը։ Եվ պատրաստակամություն հայտնեց մի առանձին բանավեճով ապացուցել, որ այս դասակարգումը ճիշտ է։

Այս եւ չմեջբերված բոլոր բնորոշումներից, թե ինչպիսին է կամ ինչպիսին պիտի լինի մեր մամուլը, ինձ առավել հոգեհարազատ էին Վլադիմիր Գրիգորյանի պարզ ձեւակերպումները. «Թերթը նախեւառաջ պիտի հետաքրքիր լինի։ Գրածդ պիտի համապատասխանի տեսակետիդ։ Անկեղծությունն առաջին պայմանն է։ Պիտի գրես՝ պատկերացնելով ընթերցողիդ աչքերը»։

Եվ մեկ էլ մեջբերեմ ինձ ճշգրիտ թվացող այն մասնագիտական սկզբունքները, որ տարիներ առաջ ներկայացրել էր «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության տնօրենը. «Քո կարծիքը քեզ պահիր, պիտի խոսափող լինես ու տեղ հասցնես հասարակության մեջ առկա տեսակետները։ Ընդամե՛նը»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031