Հուլիսի 28-ին Վայոց Ձորի Առաջին ատյանի դատարանը սկսեց «Ջերմուկ» ՓԲԸ-ի շուրջ վաղուց սկսված եւ դատականի վերածված վիճաբանությունը։ «Առավոտն» արդեն անդրադարձել է այս վեճի մանրամասներին։
Որպես հիշեցում ասենք, որ ամերիկահայ ներդրող Կայծակ Զեթլյանի եւ Ջերմուկի քաղաքապետ Աշոտ Արսենյանի կողմից 50/50 հարաբերությամբ տնօրինվող «Ջերմուկ» ՓԲԸ-ում դժգոհությունները սկսվել էին դեռեւս այդ ձեռնարկության հիմնադրման սկզբից, քանի որ Կայծակ Զեթլյանը ներդնելով 1 միլիոն 250 հազար դոլար, չէր կարողացել ստանալ շահաբաժին, քանի որ Հայաստանում նույնիսկ ամենաշահութաբեր ձեռնարկությունը հաշվապահությամբ ներկայացվում է վնասաբեր կամ լավագույն դեպքում՝ զրոյական եկամուտներով։ Կայծակ Զեթլյանի բողոքներին ի պատասխան, գրեթե մեկ տարի առաջ Աշոտ Արսենյանը համաձայնվում է վաճառել իր 50 տոկոսը, խնդրելով գործընկերոջը գնորդ գտնել։ Այդպիսին գտնվում է՝ հանձինս կիպրոսաբնակ Հակոբ Սաբոնջյանի։ Երեք կողմերի միջեւ 1999 թ. փետրվարի 26-ին կնքվում է համաձայնագիր, ըստ որի Հակոբ Սաբոնջյանը պարտավորվում է մինչեւ ապրիլի 10-ը տալ համաձայնություն կամ գնել «Ջերմուկ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 45 տոկոսը, իսկ Կայծակ Զեթլյանը՝ մյուս 5 տոկոսը։
Հետագայում Կայծակ Զեթլյանը պարզում է, որ Հակոբ Սաբոնջյանը գնել է ամբողջ 50 տոկոսը, այն դեպքում, երբ նա 45 տոկոսի նկատմամբ իր նախապատվության իրավունքը զիջել էր, միայն 5 տոկոսը գնելու պայմանի դեպքում։ Հակոբ Սաբոնջյանը դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել «Ջերմուկ» ՓԲԸ-ի կանոնադրության որոշ կետեր, որոնցով արտոնյալ պայմաններ էին տրամադրվում Կայծակ Զեթլյանին, մասնավորապես՝ գործադիր տնօրեն նշանակելու եւ նրան առանձին վարձատրություն տալու հարցում։ Հակոբ Սաբոնջյանի շահերի պաշտպան, «Բիզնես Կոնսուլտ» ընկերության փոխտնօրեն Միքայել Դանիելյանը ներկայացրեց, որ այդ կետերի շնորհիվ Կայծակ Զեթլյանը կարողանում է միանձնյա ղեկավարել ընկերությունը, չունենալով վերահսկիչ փաթեթ, եւ պահանջում էր պայմանագրի նշյալ կետերը չեղյալ հայտարարելուց հետո պարտադրել Կայծակ Զեթլյանին՝ կնքել փոխադարձ համագործակցության պայմանագիր։ Սակայն մենք չենք անդրադառնա այս հայցադիմումին, քանի որ Կայծակ Զեթլյանի ներկայացուցիչ Սարգիս Հացպանյանը եւ շահերի պաշտպան Արմեն Տեր-Տաճատյանը ներկայացրել էին հակընդդեմ հայց, որով դատարանից պահանջվում էր չեղյալ հայտարարել Աշոտ Արսենյանի եւ Հակոբ Սաբոնջյանի միջեւ կնքված պայմանագիրը, քանի որ այն կատարվել է փետրվարի 26-ի եռակողմ պայմանագրի կոպիտ խախտումներով, մասնավորապես առք ու վաճառքի պայմանագիրը 45 տոկոսի մասով չի կնքվել մինչեւ ապրիլի 10-ը, եւ Կայծակ Զեթլյանը հնարավորություն չի ունեցել գնել պայմանագրով սահմանված 5 տոկոսը։ Արմեն Տեր-Տաճատյանը փաստերով ներկայացրեց, որ խախտվել է Կայծակ Զեթլյանի նախապատվության իրավունքը, իսկ մյուս կողմից 45 տոկոսի գնումը տեղի չի ունեցել մինչեւ ապրիլի 10-ը։
Հակոբ Սաբոնջյանի պաշտպանական կողմը խճճվելով փաստերի մեջ, մեկ փաստում էր, որ պայմանագիրն ունի իրավական ուժ, այլ կետերի դեպքում՝ պնդում, որ այն չի կարող առաջացնել իրավական հետեւանքներ։ Ավելի ուշ, Հակոբ Սաբոնջյանի շահերի մեկ այլ պաշտպան՝ «Արմբրոկ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մելիքյանը, ներկայացրեց մարտի 30-ի թվագրությամբ մի «Նախնական պայմանագիր» կոչվող փաստաթուղթ, ըստ որի Հակոբ Սաբոնջյանը եւ Աշոտ Արսենյանը պայմանավորվել են 45 տոկոսի բաժնետոմսերի գնման շուրջ։ Ըստ Արմեն Տեր-Տաճատյանի այդ փաստաթուղթը հավանաբար կեղծված է, եւ միջնորդեց դատարանին՝ անցկացնել ձեռագրաբանական փորձաքննություն՝ պարզելու այդ պայմանագրի ստեղծման իրական ժամանակը։ Այս միջնորդությունը լուրջ հուզում առաջացրեց հակառակ կողմում։
Կարդացեք նաև
Դատարանում բավական անկողմնակալ դիրքորոշում էր որդեգրել դատավոր Լեւոն Պողոսյանը։ Սակայն դատական նիստի ավարտից հետո երդում տված այս դատավորը ուղեւորվեց Ջերմուկ, որտեղ հանդիպելով քաղաքապետ Աշոտ Արսենյանին եւ մարզպետ Պանդուխտ Մանուկյանին, այլ երդում է տվել, թե՝ ոչ մի փորձաքննություն էլ չի լինի, եւ ես կընդունեմ ձեզ ցանկալի վճիռ։ Օրենքի պահանջարկի կոպիտ խախտմամբ ընդունված վճիռը, հավանաբար, կպարտադրի Կայծակ Զեթլյանին՝ կոչ անել սփյուռքահայ ներդրողներին զգուշանալ Հայաստանում իրենց միջոցները վտանգելուց։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ