Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՐՏՎԻԼԱԿՆԵՐԻՆ

Հուլիս 31,1999 00:00
jenya

Աշխարհում ամենաձանձրալի մարդիկ քաղաքական գործիչներն են՝ ճիշտ է, կան որոշ հաճելի բացառություններ։ Նրանք չափից դուրս լուրջ են վերաբերվում սեփական անձին, իրենց քայլող արձաններ են զգում, զուրկ են հումորի զգացումից՝ մանավանդ, երբ այդ հումորն իրենց անձի հետ է կապված։ Ես նրանց անկեղծորեն խղճում եմ եւ բոլորովին չեմ ուզում նեղացնել, բայց, ցավոք, ստիպված եմ, քանի որ գրում եմ քաղաքական թեմաներով։ Ոչ ինքս ինձ, ոչ իմ գրածին լուրջ չեմ վերաբերվում։ Առավել եւս՝ քաղաքականությանը։ Անկեղծորեն ցանկանում եմ, որ քաղաքական թեման մեզ համար այլեւս արդիական չլինի։

ԳԵՆՈՖԻԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՇՐՋԱՊՏՈՒՅՏ

Anna Israyelyan

Երեկ չէ առաջին օրն ինձ ՀՀՇ-ականներն ասում էին, որ ես դաշնակցական եմ։ Այսօր դաշնակցական երբեմնի ընկերներս ասում են, որ ՀՀՇ-ական եմ ու նախորդ ռեժիմի պաշտպան։ Դատարանի վանդակում տեղերը փոխվում են։ Լրագրողի տեղը, իմ համոզմամբ, միշտ նույնն է՝ օրվա ընդդիմության կողքին։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

ԿԱՅՐԻ՞, ԵԹԵ ՇԱՏ ՄՈՏԵՆԱՍ

Arevhat Grigoryan

Համարյա տառապում էի՝ այս «մի տուփ լուցկու» չափ տարածքը լցնելու համար. համառորեն փնտրում էի «Առավոտում» իմ գոյության իմաստը։ Մեկ էլ՝ ի՜նչ իմաստ, ի՜նչ բան. բա առանց Արեւ առավոտ («Առավոտ») կլինի՞։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻՈՐՅԱՆ

ՍԻՐԵՔ ՄԵ՛Զ «ԱՌԱՎՈՏՈՒՄ»

Naira Mamikonyan

Նաեւ՝ «Առավոտը» մեր մեջ Նախանձ լեզուները չարախոսում են, որ «Առավոտի» աղջիկները մեծամիտ են ու երես առած։ Նայե՛ք այդ «դեմքերին», բա երես առնելու ու մեծամտանալու տեղ չունե՞նք։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԷԼԻ՛ ՉՍՏԱՑՎԵՑ

lilit Avagyan

Խոստովանում եմ, որ այն, ինչ գրում եմ ստորեւ, պատվեր է (քաղաքական ենթատեքստը չեմ բացառում)։ Այն ստացել եմ իմ խմբագրից՝ աշխատավարձիս 10 տոկոսը պահելու սպառնալիքով (ակնհայտորեն երեւում է հին հանցավոր ռեժիմի ձեռագիրը)։ Խմբագիրս պարտավորեցրել է գրել մի քանի հետաքրքիր տող։ Սակայն երեւակայությունս այս պահին խիստ սահմանափակ է, մտքերս՝ անհետաքրքիր, քանի որ կենտրոնացած են Վահան Հովհաննիսյանի վրա (որի ասուլիսից նոր եմ վերադարձել)։ Այնպես որ, ձեզ չձանձրացնելու ազնիվ մղումով այլեւս չեմ շարունակում…

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

ԱՆԸՆԴՀԱՏ ՇԱՐԺՈՒՄ

Margarit Yesayan

Սկիզբը եւ վերջը իմ սրտով չեն։ Ինձ ավելի հարազատ է ընթացքը, շարժումը։ Շարժումն ամենակարեւորն է։ Միտքը, մարմինը, սերը հրաշալի են՝ երբ շարժման մեջ են։ Անշարժությունը ճահիճ է։ Ճահիճը՝ գարշահոտ։ «Առավոտն» ինքը շարժում է. նա շարժում է ընթերցողի միտքը, հոգին, կրքերը, նախանձը, զայրույթը։ Իսկ որտեղ կա շարժում, այնտեղ է կյանքը։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

ԱՆԿԱՊ ՑԱՆԿՈՒԹՅՈ՞ՒՆ

Ruzan Minasyan

Եթե երաշխավորվեր անձիս ֆիզիկական անվտանգությունը, «Առավոտը» կշահեր մի հավելված եւս. «գիշեր»։ Պատկերացնո՞ւմ եք գիշերային Հայաստանը, արթուն մնացածների մայրաքաղաքը, իր արթուն մնացած ուսանողներով, մարզպետներով, ՆԲ-ներով, սրճարաններով, մտավորականներով ու բանտարկյալներով, «մարդ-նվագախմբերով», իր ստվերներով։ Ու գուցե կյանքիս ամենահետաքրքիր հարցազրույցն էլ ծնվեր հենց այդ ստվերի կողքին ստվերավարի զրուցելո՞վ։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

ԳԻՇԵՐՎԱ «ԱՌԱՎՈՏԸ» ԽԵՐ Է

lusine margaryan

Ցանկացած առավոտ (չակերտներով, թե առանց) գիշերվա ծնունդ է։ Եվ «Առավոտը» առավոտյան չէր լինի, եթե չլիներ գիշերվա թեման։ Հիմա «Առավոտի» ոճով չթիթիզանա՞մ ու ասեմ. գիշերվա թեման էլ ո՞վ պիտի բերեր «Առավոտ», եթե ոչ Լուսինը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՆԱՄԱԿ ՈՒՂՂԻՉ ՏՆԻՑ

namak

Հինգհազարամյա պատմություն ունեցող հայ մշակույթի գլխին շառ է եկել (խոսքը Շառոյանի մասին չէ)։ «Առավոտի» մշակույթի բաժինը վարելը, անկեղծ ասած, ֆինանսական իմաստով, ծանր է նստում։ Վիճակագրական տվյալներով, «Առավոտում» քանակով ու չափերով ամենաշատ տուգանք (աշխատավարձի 10-25%) ստացողն եմ եւ, միաժամանակ, ամենաշատ պարգեւատրում ստացողը։ Էլ չեմ ասում, որ «Առավոտի» լրագրողներին բնակչության լավագույն կեսը շատ է սիրում, մյուս՝ անհաջող կեսը, ուղղակի «զզվում է»։ Ու միեւնույն է՝ կարդում են։ Տարաբախտ այն կեսը, որ բարձրաձայն հայհոյում է մեզ, չի էլ գիտակցում, ինչպիսի լավություն են անում։ Հերիք չէ, որ մենք դրանից «կայֆ» ենք բռնում, նույնիսկ պարգեւատրում ենք ստանում (աշխատավարձի 10-25%-ի չափով)։ Մինչ ես գրում եմ այս եզակի խոստովանությունը, Արա ալոյանը միջոցներ ու ձեւեր է փնտրում, թե ինչպես խաչասերի «հինգհազարամյա հայ մշակույթն» ու «հինգամյա «Առավոտը»։ Այսպես են մեր լավ հոդվածները գրվում «ուղղիչ տուն» հիշեցնող մեր խմբագրասենյակում։ Զավեշտն այն է միայն, որ մեր հոդվածներն ընթերցող տարաբախտ հատվածը մի հետեւություն է անում՝ «պատվեր» են կատարում։ Կասկածողներին հրավիրում ենք ուղղիչ տուն։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ ՀԵՌԱԳՐԱՍՅՈՒՆԸ՝ ՈՐՊԵՍ ՄԱՆՐԱՄԱՍՆ ԽՄԲԱԳՐԱԾ ԲԱՐԴԻ

Ara Galoyan

Հայոց աշխարհի բոլոր չինովնիկներին թվում է, թե մենք՝ «Առավոտի» աշխատակիցներս, շատ չարն ենք ու «յազվա»։ Դժվար է գտնել մի չինովնիկ, որ չբողոքի, թե «Առավոտն» իր հասցեին սուտ ու սխալ բաներ է գրում։ Նման դեպքերում պատասխանը մեկն է՝ «աղավնյակներս, շնորհակալ եղեք, որ ձեր մասին ողջ ճշմարտությունը չենք գրում»։ Այդ դեպքում, վստահ եմ, պաշտոնյաներին տնեցիներն անգամ շեմքից ներս չեն թողնի։ Իսկ մենք բարի ենք։ Չար-չար բաներ գրում ենք, որովհետեւ մեր խմբագրի թեթեւ ձեռքով խմբագրությունում «սուխոյ զակոն» է հայտարարված։ Աշխարհի ամենաթանկ գարեջուրը խմում են մեր թերթում։ Նման քայլը պատժվում է աշխատավարձի 10%-ի չափով։ Հետո արդեն որեւէ մեկի մասին լավ բան գրելը անհնար գործ է։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԱՊԱԱ

Avetis Babajanyan

Մեր բոլոր ղեկավարները՝ նախկին թե ներկա, ամեն օր կուրծք են ծեծում, թե իրենք ամենալավն են, ժողովրդի մասին ամենամտածողը, ամենագործանողը, իսկ դու իրենց լավ ներկայացնելու փոխարեն հակառակն ես անում, որովհետեւ թունավոր ես։ Մեկ-մեկ վատ եմ զգում, բայց մեկ- մեկ էլ մտածում եմ, որ եթե իրոք այդքան լավն են, բա էս ժողովուրդը ինչի՞ է վատ ապրում, թե նախկինում, թե ներկայումս։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏ ԹԵՄԱՅՈՎ

Gevorg Abrahamyan

Երբ մեր գլխավոր խմբագիրն ասաց, որ կարճ շարադրություն պետք է գրենք ազատ թեմայով, այս էլ որերորդ անգամ հասկացա, որ «ժիզն նե մալինա», որովհետեւ թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում այս տիպի շարադրություններից միշտ երկուս եմ ստացել։ Հիմա էլ կտուգանվեմ, եթե հոգուս վերոշարադրյալ ճիչը խմբագրի կողմից չընդունվի որպես «շարադրություն ազատ թեմայով»։

ԳԵՎՈՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՄԱՐՏԻ ԵՄ ՀՐԱՎԻՐՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Առաջարկում եմ դուրս գալ փողոց ու առաջին իսկ պատահածին, անգամ՝ դպրոցահասակին, հարցնել, թե ո՞վ էր, ասենք, Հրանտ Շահինյանը եւ 1952 թվականին, երբ նա դարձավ օլիմպիական չեմպիոն, ո՞վ էր Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարը։ Համոզված եմ, պատասխանը կլինի հօգուտ սպորտի։ Բարեբախտաբար, Հայաստանի նախագահը, հիմա՝ նաեւ վարչապետը, սիրում են սպորտը ու չեն խորշում մարզահագուստով ժողովրդի աչքին երեւալուց։ Վերջերս Ծաղկաձորում մարզիկների պարգեւատրման առիթով կազմակերպված հավաքում «հայտնագործեցի», որ Հայաստանի նախագահը ոչ միայն բասկետբոլ, այլեւ սեղանի թենիս է խաղում ու բավականին լավ։ Ես էլ, որպես սպորտի սիրահար, հրավիրում եմ կանաչ սեղանների առջեւ ընկերական հանդիպում կազմակերպել նախագահի ապարատի եւ լրագրողներից կազմված հավաքականների միջեւ։ Հուսով եմ, որ նախագահն այս «մարտահրավերը» հաճույքով կընդունի։

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

P. S. «Առավոտը» ոչ միայն լրագրողներն են, այլ նաեւ՝ խմբագիր Արամ Աբրահամյանը, պատասխանատու քարտուղար Վոլոդյա Պետրոսյանը, տնօրեն Պետրոս Պետրոսյանը, գովազդի բաժնի վարիչ Աիդա Աղամալյանը, ծաղրանկարիչ Սուքիաս Թորոսյանը, ոճաբան Արմեն Շեկոյանը, թարգմանիչ Ռաֆայել Ղազանչյանը, թղթակիցներ՝ Վանաձորում՝ Գայանե Հովսեփյանը, Ստեփանակերտում՝ Ռուզան Իշխանյանը, «ֆիզիոլոգիական արձակուրդում» գտնվող լրագրող Հասմիկ Բուդաղյանը եւ էջադրող Ժաննա Հարությունյանը, էջադրողներ Աննա Հարությունյանը, Հայկանուշ Առաքելյանը, Ասպրամ Թադեւոսյանը, մուտքագրողներ Հասմիկ Պողոսյանը, Արմինե եւորգյանը, Նաիրա Կարապետյանը, Արտյոմ Ղազարյանը, սրբագրիչներ Մարջիկ Մելքոնյանը, Կարինե Խաչատրյանը, Գոհար Մաթեւոսյանը, Ալվարդ Կարապետյանը, համակարգիչների մասնագետներ Աշոտ Մխոյանը եւ Միսակ Խաչատրյանը, լրագրող դառնալու հայտ ներկայացրած Մարինա Մերուժանյանը, քարտուղարուհի Իրինա Դանիելյանցը, տնտեսվար Գենադի Պողոսյանը, խմբագրության մաքրությունը պահպանող Զվարթ Բաղդասարյանը, մեր մշտական հեղինակները, բոլոր նրանք, ովքեր այս հինգ տարվա ընթացքում աշխատել են մեր թերթում, եւ, առաջին հերթին, իհարկե՝ մեր ընթերցողները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031