Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՈՒ ԻՋԻ՝ ԵՍ ԿՍՏԱՆԱՄ»

Հուլիս 30,1999 00:00
transtport

Բենզինային ճգնաժամից հետո առավել գնահատելի դարձավ մեր քաղաքի հասարակական տրանսպորտը։ Խոստովանեք, որ յուրաքանչյուրդ սարսափած սպասում էիք ուղեվարձի բարձրացմանը։ Եվ ինչպե՞ս այս ամենից հետո սիրով եւ հարգանքով չլցվել մեր տրանսպորտի նկատմամբ։ Եթե դուք կյանքին թեթեւ նայելու տրամադրություն ունենաք, կարելի է ցանկացած փոխադրամիջոցի հմայքը նկատել։

Նախեւառաջ՝ մետրոպոլիտենը։ Որքան էլ բարձր լինի օդի ջերմաստիճանը, այնտեղ միշտ էլ զով Է։ Իսկ եթե փոքր-ինչ վարպետություն ցուցաբերեք, կարող եք նաեւ սառը ցնցուղի տակ ընկնել. օրինակ, մետրոյի աստիճաններով իջնելիս նայում եք բարձր առաստաղին՝ որտեղ այն տամկացած է, կամ էլ գետնին՝ «պոլի շոր» փռած պիտի լինի։ Ի դեպ, եթե ձեր ձեռքի պաղպաղակն ընկնի եւ դուք փորձեք այն ոտքով պլատֆորմից ներքեւ հրել, նույն այդ «պոլի շորը» տալու են ձեր ձեռքը։

Ոչինչ, որ գնացքի հեռանալուց հետո ժամանակը ցույց տվող տախտակի վրա արդեն չեն տեղավորվում վայրկյանները, եւ ժամացույցն այլեւս ոչինչ ցույց չի տալիս։ Ճեմեք մի քիչ, այստեղ կարող եք գրեթե ամեն ինչ գնել (քաղաքապետին կարելի է առաջարկել ժամանակավորապես՝ ամռան շոգին, երբ ամեն ինչ հալվում ու փտում է, առեւտուրն այստեղ տեղափոխել), եթե ձեր դեմքը վստահություն ներշնչի, ձեզ անպայման կմոտենան քաղաքի հայտնի, վաստակավոր գժերը, որոնք նույնիսկ պատվերներ են կատարում՝ երգում, պարում, նրանք կարող են բարձր թեմաների շուրջ զրույց վարել եւ ընդհանրապես՝ ձեր կյանքն իմաստավորել։

Անձամբ ես շատ բարձր եմ գնահատում տրամվայների եւ տրոլեյբուսների վարորդների աշխատանքը, որոնց թվում հաճախ կանայք են հանդիպում։ Այս տրանսպորտից օգտվող ժողովրդի ձեռքի դրամը կա՛մ քառասունի չի հասնում՝ 25-30, կա՛մ էլ մշտական են ունենում։ Մեկ-մեկ բարձր, խռպոտ ձայն եւ կարմիր, պլոկված մանիկյուր ունեցող, խստապահանջ տոմսավաճառուհիներ են հանդիպում։ Եթե ժամանակը սուղ չէ, կարելի է օգտվել այս տրանսպորտից՝ ժամ-ժամուկեսից 2-3 կանգառ կհաղթահարեք։ Շատերն այս տրանսպորտից օգտվելիս՝ կարոտախտի զգացում են ապրում։

Ավտոբուսները մեր տրանսպորտի երեւի ամենատհաճ միջոցներից են։ Դրանցից անտանելի բենզինի հոտ է գալիս, բոլոր նստարանները ջարդված են, այս փաստը միայն նստելուց հետո ես հայտնաբերում։ Սակայն մեկ անգամ էլ կրկնեմ, որ ամեն ինչ տրամադրությունից է կախված։ Եթե տրամադրությունդ շողարձակող է եւ դուք հենց նոր չեք սնվել, կանգնեք ավտոբուսի վերջին մասում՝ փաստորեն, հետեւի անիվների վրա, եւ ավտոբուսը ձեզ մինչեւ ուշաթափություն թափ կտա։

Երթուղային տաքսիներ։ Այստեղ միշտ երաժշտություն է հնչում։ Երաժշտության ոճը վարորդի բնակավայրից է կախված՝ Երրորդ մաս, Կոմիտաս, Դավիթաշեն եւ այլն։ Պիկ ժամերին, երբ կանգառը լեփ-լեցուն է ժողովրդով եւ երթուղայիններով, դուք հոգնած վերադառնում եք ինչ-որ տեղից, լարված հետեւում եք երթուղայինների համարներին, սպասված համարի փոխարեն տեսնում եք. «Շտապ վաճառվում է»։ Կան երթուղայիններ, որոնց մեջ փակցված են տվյալ տաքսու վարորդների անունները, ազգանունները, տարիքը եւ աշխատանքային ստաժը։ Շատ հետաքրքիր է գուշակել, թե սա ո՞ր մեկն է՝ Փայլա՞կը, Բարդուղիմեո՞սը, թե՞ Ժյուլվեռնը։ Կան այնպիսի երթուղայիններ, ուր ինքնաթիռի բազկաթոռներ են տեղադրված։ Զվարճալի են երթուղայինում կատարվող ձեռնամարտերը՝ «դու իջի, ես կստանամ», «վարպետ ջան, իրանից փող չվերցնեք» «չե՞ս ամաչում՝ մեծը ես եմ»։ Վերջերս բեմադրվելու արժանի դեպքի վկա եղա. վարորդի հետեւի նստարանի հենամասը չկար, եւ այս նստարանին նստած տիկինը զարմանալիորեն ձիգ էր նստած՝ ոչ մի վայրկյան չմոռանալով այդ թերության մասին։ Երբ նա իջավ, մի այլ կին նստեց, եւ վարորդը զգուշացրեց, որ նա չհենվի։ Տիկինը շատ նյարդայնացավ, ասելով, որ նա «քոռ» չէ, շատ լավ տեսնում է, եւ դեռ մի քանի կանգառ փնթփնթում էր։ Այս կինն էլ իջավ, նստեց մեկ ուրիշը։ Վարորդը՝ «քոռուփոշման» ձայն չհանեց։ Մեքենան շարժվելուն պես տիկինը փռվեց հետեւի նստած տղամարդու գոգը։ Թե ինչ եղավ հետո՝ նույնիսկ վախենում եմ հիշել։

Այս նստարանի պատմության շղթան հաստատ շարունակվեց երթուղայինից իմ իջնելուց հետո էլ։ Դե դատեք ինքներդ՝ ինչո՞վ է այն պակաս, ասենք, Թումանյանի «Նեսոյի քարաբաղնիսից»։

Մ. ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031