Լրահոս
Օրվա լրահոսը

Խորովածը՝ հանգստի պարտադիր ատրիբուտ

Հուլիս 30,1999 00:00
sevan

Հայերիս համար փոքրաթիվ ազգային արժեքների շարքում՝ ի թիվս Մասիս սարի (առջեւում՝ անպայման գետակ ու բարդի), կոնյակի գործարանի ու «Նաիրիտի», դասվում է նաեւ Սեւանա լիճը։ Ուր եւ ծովի նոստալգիա ապրող հայերս նախընտրում ենք մեր հանգիստն անցկացնել։

Ես էլ բավականին խանդավառությամբ ընդունեցի կիրակիս Սեւանում անցկացնելու բարեկամներիս առաջարկը։ Մանավանդ որ, վերջին 5-6 տարում Սեւանը հեռուստացույցով կամ, լավագույն դեպքում, հեռվից եմ տեսել։

Որքան ինձ հաջողվեց հասկանալ բարեկամներիս նախապատրաստական խոսքուզրույցից՝ մեր հանգստի առաջին (եւ պարտադիր) ատրիբուտը մի քանի կիլոգրամ նախապես «տեղը տեղին» բաստուրմա դրված խոզի միսն էր, որի ուտվելուն հատկապես է տրամադրում ջրի խշշոցը։ Մեքենայի մեջ պատվավոր տեղերը զբաղեցնում էին անթիվ-անհամար հասարակ ափսե-բաժակները («սերվիսի» ափսեներն ափսոս են), կաթսաները՝ Աստված գիտի՝ ինչերով լցված, կոլայի ու հանքային ջրի արկղերը, գազի բալոնը (՜)։ Մի խոսքով, ամեն ինչ կար՝ ընդհուպ մինչեւ ափսեները լվալու հեղուկ եւ… փոշու շոր (պետք կգա)։

Ընկերներիս չխոստովանելով, որ հայտնի լողորդ չեմ, ավելին՝ ծովում (այս դեպքում՝ լճում) 3-4 քայլից ավելի ոչ մի գնով եւ ոչ մի դեպքում չեմ առաջանում, խոստացա լողալ մինչեւ կարմիր նշանը ու ջրից դուրս գալ միայն արեւայրուկ ընդունելու նպատակով։ (Մինչ այդ, ամեն կերպ առարկում էի ընկերներիս այն պնդմանը, որ «Առավոտի» աղջիկները մի՜ քիչ մեծամիտ են եւ ինքնահավան։ Նրանց հակառակում համոզեցի, բայց ներքին ձայնիս ոչ մի կերպ չհաջողվեց դա ապացուցել)։ Ինչեւէ։

Հասանք Սեւան եւ պարզվեց, որ հայ տղամարդկանց մեզ հետ եկած մասն արդեն քաղցած է։ Դե՜, այդ պահին լողալու մասին խոսք լինել չի կարող, քանի որ պետք է փռվի հնարավորինս «տնավարի» սեղան։ Ինչը եւ արվեց։ Խմվեցին իրար տեսնելու եւ մի քանի այլ կենացներ։ Հետո ինձ համար պարզեցի գազի բալոնի ուրույն դերը Սեւանի ափին «ընտիր» սուրճ եփելու գործում։ Սնվելուց եւ սուրճ խմելուց հետո տղամարդիկ շարժվեցին դեպի լիճը։

Կանայք ձեռնամուխ եղան կեղտոտ ափսեների լվացման գործին։ Ճիշտ՝ ինչպես ոչ հանգստյան օրերին՝ բնակարաններում։

Հետո ես մոռանալով, որ լողալ առհասարակ չգիտեմ, խրոխտ քայլերով մտա լիճ։ Առաջին չորս քայլից հետո, բնականաբար, կանգ առա։ Այդքանն էլ ինձ բավական էր թրջվելու համար, եւ ինձ համոզեցի, որ արեւայրուկ ընդունելու իսկական ժամանակն է։ Դրա համար անգամ հատուկ քսուք էի տարել, ինչը խնայողությամբ օգտագործելու դեպքում էլ ոտքերիս չբավարարեց։ Մի քանի ժամ ջրում ու ցամաքում անցկացնելուց հետո մի փոքր վոլեյբոլ խաղացինք, ապա գործագործ, բռնոցի-պպզոցի («Մանկությունս հիշելիս՝ սիրտս դառնում է գինով» շարքից), ապա մեր տղամարդիկ իրենց համար բացահայտեցին, որ սովը մոլեգնում է եւ ժամն է «իրիկնահացի»՝ խորովածի։ Հայկական սովորության համաձայն, նման դեպքերում խորովվում է նաեւ բիբարը, բադրիջանը, լոլիկը, որոնց մաքրելու անդիմադրելի ցանկությունը հաղթահարել մեզ ոչ մի կերպ չհաջողվեց։ Գցվեց մի նոր սեղան։ Խմվեցին նոր կենացներ։ Իսկ հետո էլի ամբողջը հավաքելու, աման-չամանը լվանալու հարցն առաջացավ։ Տղամարդիկ դարձյալ մտաբերեցին սուրճը։ Մի խոսքով, այդ ժամանակ էլ սկսեցի նկատել, որ ոտքերս սկսում են կարմրել։ Բայց առանց դրան ուշադրություն դարձնելու, մի քիչ ծովային հեծանիվ քշեցինք։ Մեր զույգերից մեկը, ի դեպ, հեծանիվի անսարքության պատճառով շուռ եկավ ու խեղդվելուց հրաշքով փրկվեց։ (Սա հետագայում մատաղի առիթ դարձավ, իսկ այստեղ՝ Սեւանում, նոր սեղան գցելու եւ հրաշքով փրկվածներին այդ կերպ մխիթարելու առիթ (կամ՝ պատճառ)։

Չկրկնեմ, որ դա դարձյալ ափսեների լվացման ոչ շատ հաճելի առիթ էր։ Բայց ոտքերս արդեն եփած խեցգետնի գույն ունեին եւ սաստիկ ցավում էին։

Հետաքրքիր էր, որ բոլոր հանգստացողներն անխտիր խորոված էին անում ու հիմնական ժամանակն անցկացնում առավելապես սեղանների շուրջ։

Ինչեւէ։ Գիշերը վերադարձանք տուն, ու ես հասկացա, որ առաջիկա շաբաթվա ընթացքում թեեւ ի վիճակի չեմ լինի այդ ոտքերով քայլել, սակայն բավական ժամանակ կունենամ մտածելու, թե ինչպես չպետք է հանգստանալ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031