Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացանք, որ 1999 թ. Կարմիր խաչի օգնության ծրագրերի փոփոխության տարի է։ Կազմակերպությունը չի լքի ԼՂ-ն, քանի դեռ գոյություն ունեն մարդասիրական խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ ԿԽՄԿ-ի մշտական կանխարգելիչ գործողությունները կշարունակվեն, եթե անգամ հրատապ օգնության կարիքը այլեւս չլինի։
1997-ին Կարմիր խաչն իրականացնում էր բժշկական օգնության ծրագիր՝ Մարտակերտի եւ Հադրութի շրջաններում, 15 բուժկետերում։ 1999 թ. մարտին ավարտվեց այդ ծրագրի իրականացումը։ Արդյունքում վերանորոգվեցին թվով 10 բուժկետեր, դրանք ապահովվեցին համապատասխան կահույքով եւ մահճակալներով։ Վերջին տարիների ընթացքում 7 զինվորական հիվանդանոցների եւ գնդերի բուժկետեր օգնություն ստացան Կարմիր խաչի կողմից։ ԿԽՄԿ-ն ամերիկյան համանուն կազմակերպության հետ համատեղ ԼՂ-ում կիրականացնի բժշկական նոր ծրագիր, որում կընդգրկվեն Մարտունու եւ Մարտակերտի շրջանները։ Ծրագրով նախատեսվում է առողջապահության գլխավոր կառույցների վերականգնում, դեղորայքի, բժշկական նյութերի եւ հիմնական սարքավորումների բաշխում առողջապահության նախարարության հետ համատեղ՝ ախտորոշման, բուժման եւ դեղորայքի գործածության ազգային սկզբունքների սահմանում։
Օգնության ծրագրերն ընդհանրապես պետք է համաձայնեցվեն բնակչության կարիքների փոփոխությանը եւ Ղարաբաղում մի շարք միջազգային կազմակերպությունների առկայության փաստին։ Օգնության այս կարգի ծրագրեր, ինչպիսիք են պարենի բաշխումը, պատերազմի վիրավորների վիրաբուժական օգնությունը, ներկայումս ավարտվել է, նախատեսվում են երկու ծրագրեր՝ երկարատեւ եւ միջին տեւողության։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Ստեփանակերտ