Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԷԿ-երը՝ հայկական Գերմանիա

Հուլիս 30,1999 00:00
Hek

Հայաստանում տեսարժան վայրեր շատ կան։ Տեսարժան են նույնիսկ այն վայրերը, որոնց մասին շատերս միայն թեթեւակի պատկերացում ունենք։

Օրերս լրանում է Սեւանի ՀԷԿ-ի 50-ամյա հոբելյանը։ Առաջիկա շաբաթ օրը վարչապետ Վազգեն Սարգսյանը մեծ պատվիրակության եւ արտասահմանյան հյուրերի ուղեկցությամբ կայցելի այս բացառիկ հետաքրքիր կառույցը, կշնորհավորի անձնակազմին եւ արտասահմանյան հյուրերի մոտ կհպարտանա 1949 թվականին կառուցված այս հետաքրքիր շինությամբ։ Պատվիրակության գալուն նախապատրաստվում են ամբողջ թափով. ասֆալտապատում են ՀԷԿ-ի ճանապարհը, վերանորոգվում է ժամացույցը, հետեւում են, որ վերելակը անխափան աշխատի, եւ այլն, եւ այլն։

Իսկ շինությունը թե՛ տեխնիկական, թե՛ ճարտարապետական առումով իսկապես ունիկալ է։ Սա, կարելի է ասել, մեր փայ Էյֆելյան աշտարակն է, բայց՝ գլխիվայր։ Այն գրեթե 100 մետր խորությամբ գետնի տակ է գտնվում։ Սեւանի ՀԷԿ-ը նաեւ կարեւորագույն էներգետիկական օբյեկտ է։ Այստեղից է Սեւանի կասկադի ջրի քանակությունը բաց թողնվում։ Դրանից բացի, այստեղ է գտնվում հանրապետության գլխավոր «սեփական կարիքների գեներատորը»։ Այսինքն, եթե ողջ հանրապետությունը հանկարծ հոսանքազրկվի, ավտոմատ կերպով այստեղ կմիանա այն միակ գեներատորը, կսկսի աշխատել ողջ էներգետիկ համակարգը։

Ներկայումս միայն ցերեկվա ժամերին Սեւանից բաց է թողնվում վայրկյանում 32 խորանարդ մետր ջուր, այն էլ միայն ոռոգման կարիքները հոգալու համար։ Էներգետիկները բացատրեցին, որ ձմեռվա ամիսներին Սեւանից ջուր թողնվում է միայն այնքան, որքան անհրաժեշտ է ջրանցքին՝ չսառցակալելու համար։ Հակառակ դեպքում ողջ համակարգում կարող են անվերականգնելի վթարներ գրանցվել։

Պակաս բացառիկ շինություն չէ նաեւ Գյումուշի ՀԷԿ-ը։ Այն էլ ավելի հետաքրքիր կառույց է դարձել այժմ, երբ 1995 թվականի մայիսի 4-ի սելավից հետո հաջողվեց մաքրել, բերել աշխատանքային վիճակի եւ աշխատեցնել։ Նախկին քանդված արագահոսի փոխարեն կառուցվում է նորը։ Այն կսկսի գործել այս տարվա հոկտեմբերից, եւ Գյումուշը կաշխատի իր ողջ հզորությամբ։ Իսկ 1995 թվականին արտասահմանյան մասնագետներն առաջարկում էին թողնել այս ՀԷԿ-ը եւ նորը կառուցել, որովհետեւ սելավը մի ամբողջ սար լցրել էր ՀԷԿ-ի վրա, եւ այդքանը մաքրելը թվում էր անհնարին։

Երբ տեսնում ես Սեւանի եւ Գյումուշի ՀԷԿ-երը, հիանում ես հայ մարդու շնորհքով, տաղանդով, ջանասիրությամբ եւ տոկունությամբ։ Հետո, երբ ճշտվում է, որ ՀԷԿ-երի աշխատանքներին մասնակցել են գերմանացի ռազմագերիները, սկսում ես հիանալ գերմանացի մարդու շնորհքով, տաղանդով…

Ընդհանրապես, երբ Սեւանի մակարդակը մի 20 մետրով էլ իջնի, եւ այլեւս չշահագործվեն Սեւանի կասկադի ՀԷԿ-երը, դրանցից կարելի է հոյակապ խորհրդային տարիների թանգարաններ կառուցել։ Այստեղ ամեն ինչ պահպանված է՝ ի տարբերություն արդյունաբերական ձեռնարկությունների։ Աշխատողները բացառիկ խնամքով են վերաբերվում իրենց ՀԷԿ-ի տարածքում եղած ամեն ինչին։ Օրինակ՝ Սեւանի ՀԷԿ-ը ներսից հիշեցնում է խորհրդային հատուկ տեխնիկական նշանակության ռազմական օբյեկտ. արտակարգ մաքրություն, խնամվածություն, ամեն ինչ իր տեղում է։ Մի տեսակ հմայք են այս ՀԷԿ-ին հաղորդում խորհրդային տարիներից մնացած տեխնիկական նշանակության պլակատները։ Օրինակ՝ “Без четких надписей нет безошибочной работы”, կամ “Не хватай канат без руковицы” եւ այլն։

Գյումուշ ՀԷԿ-ը ներսից հիշեցնում է մոսկովյան հին մետրոյի կայարան։ Նույն երանգավորումով մարմարապատ պատերը, նույն գերմանական աստիճանի մաքրությունը եւ այլն։

Ի դեպ, գերմանական ավանդույթներն այստեղ միայն մաքրությամբ չեն արտահայտվում։ Գյումուշ ՀԷԿ-ի նոր արագահոսը կառուցող «Արփասեւանշին»-ը նույն ավանդույթով այնքան կոկիկ ու ամուր արագահոս է կառուցում, որին կնախանձեին նույնիսկ գերմանացիները։ Եթե մեր կյանքի մյուս բնագավառներում էլ տիրեր եղածը պահելու, մաքրելու եւ աշխատեցնելու այս տրամադրվածությունը, մենք երեւի ավելի կարգին երկիր կունենայինք։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031