Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՓՈՔՐԻԿ ԿԱԽՎԱԾ Է ՍՈՍԿ ՄԻ ՄԱԶԻՑ

Հուլիս 30,1999 00:00
Vazgen sargsyan

Վարչապետի կարծիքով «ոչ մի ծրագիր (…) չի կարող իրականություն դառնալ (…), եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը հենց ինքն է»։ Բանաձեւը պարզ է՝ յուրաքանչյուրս պիտի հասկանանք, որ երկրի տնտեսությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մարդը յուրաքանչյուրս ենք։

Այս ձեւակերպումն անգամ չի բացառում, որ համընդհանուր պատասխանատվության պարագայում, միեւնույն է՝ երկրի տնտեսության ճակատագիրը վարչապետից գոնե մի փոքր ավելի է կախված, քան յուրաքանչյուրիցս։

Վարչապետ Վազգեն Սարգսյանի ելույթը որոշակի իմաստով եզակի էր։ Երկրի սոցիալ-տնտեսական վիճակը պարբերաբար ներկայացնելու խոստումը (եւ դրա կատարումը) միանշանակ դրական երեւույթ է։ Առաջին ելույթը մի քանի հարցեր շոշափեց։ Նախ՝ տրվեց տնտեսության ընդհանուր վիճակը, իսկ առանձին-առանձին ներկայացվեցին էներգահամակարգի եւ գյուղտնտեսության որոշ ոլորտներ։ Արդյունաբերության (հատկապես արտադրական համակարգի) մասին խոսք համարյա չեղավ։ Տնտեսության մասին տվյալների հրապարակումն ինքնին դրանց լուծման ճանապարհի մասին հուշում է։ Բնականաբար, ամենաշատը խոսվեց տնտեսության ամենաարդյունավետ հատվածի՝ էներգահամակարգի մասին։ Էներգահամակարգը մեր տնտեսական կյանքի ամենամեծ պարադոքսն է՝ որքանով կազմակերպվում է այն, այնքան մեծ «գլխացավանք» է դառնում թե՛ սպառողների, թե՛ իշխանությունների համար։ Վարչապետի գնահատականով այս համակարգում «պարտքը կազմում է շուրջ 93 մլրդ դրամ, որի կուտակումը գլխավորապես տեղի է ունեցել հիմնականում 1992-95 թթ.»։

Հին՝ չվճարված պարտքերը տնտեսության համար ամենասովորական արգելակի դեր են կատարում։ Նախկին կառավարություններն ընդհանրապես հրաժարվում էին քննարկել այդ պարտքերի ներման կամ վերահաշվարկի որեւէ մեխանիզմ։ Դրանք ժամանակ առ ժամանակ ներվում էին միայն սեփականաշնորհման հանվող ձեռնարկություններին։ Իսկ հիմա կառավարությունը կարծես հասկացել է, որ այդ պարտքերն անհույս են եւ «իր որոշմամբ հաշվանցել»։ Կառավարությունն իր վրա է վերցնում էներգահամակարգի նկատմամբ պարտքերը։ Սա արդեն տնտեսական մյուս համակարգերին էլ շնչելու հնարավորություն կտա։

Կա մեկ կարեւոր նորություն եւս՝ ի տարբերություն նախորդ կառավարությունների, նորը պատրաստվում է տնտեսավարել։ Այսինքն՝ ինքնուրույն փող աշխատել բյուջեի համար։ Նման եզրակացության հիմք է ելույթի հետեւյալ հատվածը. «Չարչրկված բենզինի ներկրման հարցում կառավարությունը որդեգրել է ազատ մրցակցությունը եւ ինքն էլ՝ ի դեմս «Հայնավթամթերք» միավորման, հավասարի իրավունքով մասնակցելու է այդ մրցակցությանը»։ Այս դեպքում կառավարությունն ինքը հաստատ կընկալի, որ վերանայման կարիք ունի հարկային համակարգը՝ աբսուրդի աստիճան ունեցող դրույքաչափերով։ Այլապես սառը փիլիսոփայի ու ազատ հաշվապահի կեցվածքով միշտ էլ կարելի է արձանագրել, օրինակ, կենսաթոշակային հիմնադրամի ճեղքվածքը։ Կարելի է վերլուծել դրա աճը, բայց այդպես դժվար թե հնարավոր լինի վճարել չնչին թոշակները։ Ելույթի ընթացքում մեկ հետաքրքիր փաստ էլ արձանագրվեց. «Ոռոգման համակարգի բարելավման 58 միլիոնանոց վարկից ծախսել ենք շուրջ 32 մլն, բայց ոռոգման համակարգի կորուստների տոկոսն այսօր անցնում է 40-ից»։ Այն, որ ոռոգման համակարգը ինչ-որ չափով բարելավել է իր աշխատանքը, կվկայեն գյուղացիները։ Բայց անհասկանալի է կորուստի չափը։ Ոչ մամուլի համար (ծառայողական) համարվող ինֆորմացիայի համաձայն, մեր ոռոգման համակարգում ջրի կորուստները 1995 թվականին էին կազմում 42%։ Իսկ այդ ժամանակ 32 մլն դոլարը դեռ ծախսված չէր։ Հետեւաբար, այստեղ էլ, ինչպես էներգահամակարգում, կորուստների հաշվարկը կատարվում է ինչ-որ սեփական ալքիմիական մեթոդաբանությամբ։

Վարչապետ Վազգեն Սարգսյանի ելույթում երկար հատվածներ կային, որոնք, ըստ էության, տնտեսությանը չէին առնչվում։ Իհարկե, կարելի է զգուշանալ (կամ վախենալ) «Հեղափոխություն է պետք մեր հոգիներում, մեր գաղափարներում» արտահայտությունից։ Ինչպես՝ հեղափոխական ցանկացած կոչից։ Բայց արդարության համար նաեւ պետք է արձանագրել, որ հարցերի մի մասը քննարկվում էր բարոյականության ոլորտում։ Սա եւս նորություն է։ Բարոյականության ոլորտում հարցերի քննարկումը մինչ այժմ հայ քաղաքական կյանքի համար չէր։ Առավել ընկալելի ու ազդեցիկ լինելու համար գրող-վարչապետը գյուղատնտեսական հատվածում գյուղացու լեզվով էր խոսում («պետությունը կթու կով չէ»), բիզնեսի ոլորտում՝ «ժառգոնով» («կռիշայի» կարիք չկա»)։ Ելույթի գրական-գեղարվեստական ֆինալը եւս բարոյանականության ոլորտում էր. պարտավոր ենք միասնական, փոխադարձ վստահությամբ իրականացնել մեր շանսը։

Իսկ փոխադարձ վստահության կոչը, որքան զգաստացնող է դիմացինի, նույնքան էլ պարտավորեցնող է՝ կոչի հեղինակի համար։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031