Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ՝ ԲԱՑԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԻՑ

Հուլիս 30,1999 00:00
Aleqsan Harutyunyan

Նախագահի աշխատակազմի ղեկավար, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Ալեքսան Հարությունյանի հետ անցած տարվա հոկտեմբերին մեր առաջին հարցազրույցին հաջորդել էին զրույցում նրա նշած մի քանի գործիչների՝ նրան զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու չհաջողված փորձերը։

Մարտական փառքի վայրերով

-Քաղաքական գործիչների նշավակման իմաստով միակը չեք նախագահի աշխատակազմում։ Մինչդեռ այժմ գրեթե գորովալից վերաբերմունք եք հանդես բերում մականվանի գործիչների նկատմամբ։ Կարելի է ենթադրել, թե ստացաք այն, ինչին ձգտո՞ւմ էիք։

-Մենք ստացանք ոչ թե այն, ինչին ձգտում էինք, այլ՝ ինչը ժողովուրդն էր ցանկանում, անկախ նրանից՝ դա ոմանց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ։ Եթե նկատի ունեք նախորդ հարցազրույցում իմ որոշ արտահայտությունները՝ նշածս քաղաքական գործիչներն ընտրություններին մեծ մասամբ չեն մասնակցել, իսկ եթե մասնակցել են՝ պարտություն են կրել եւ, եթե հիշում եք, դա կանխագուշակել էի։

Փորձաքար՝ Ղարաբաղ

-Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Միշել Լեգրան «Առավոտին» տրված հարցազրույցում Ադրբեջանի տեսանկյունից դիտարկելով, մտահոգվել էր, որ Հայաստանը պատերազմի է պատրաստվում՝ հաշվի առնելով վերջերս ստացած «ՄԻԳ»-երը եւ ժամանակակից զենքերը։

-Հաշվի առնելով, որ Միշել Լեգրան հայերեն չի խոսում, հուսով եմ, որ այդ ձեւակերպումը ուղղակի սխալ թարգմանության արդյունք է։

Իսկ Հայաստանը ոչ միայն չի պատրաստվում պատերազմի, այլ ուղիղ հակառակը՝ պատրաստվում է խաղաղության եւ, իմ կարծիքով, վերջին տարում նախագահի իրականացրած քաղաքականությունը քայլ առ քայլ մոտեցնում է այդ վերջնական խաղաղությունը։

-Պիտի նորից մեջբերեմ, այս անգամ մի մարդու խոսքերից, որ մինչեւ վերջերս նախագահի նստավայրում էր։ Նկատի ունեմ նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Արամ Սարգսյանին, որն «Ազատություն» ռ/կ-ով բանակցային գործընթացը բնորոշեց այսպես՝ կայուն անորոշ վիճակում գտնվող։

-Դա Դեմկուսի ղեկավար Արամ Սարգսյանի կարծիքն է։ Իսկ մինչեւ վերջերս այս շենքում գտնվելը չի նշանակում այդպիսի հայտարարություն անելու լիազորություն ունենալ։ Մանավանդ որ, այդ հայտարարությունն իրականության հետ որեւէ կապ չունի՝ բանակցային գործընթացն այսօր, ընդհակառակը, խիստ անորոշությունից եկել է խիստ որոշակի վիճակի։ Եվ Քոչարյանի եւ Ալիեւի միջեւ վերջին հանդիպումների վերաբերյալ երկու նախագահների լավատեսական կարծիքը ձեր մեջբերմանը լրիվ հակառակ պատկեր է վկայում։

-Թերթերից մեկն այնքան նույնական էր համարել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ներկայիս եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները, որ առաջարկել էր 3 տարբերություն գտնել։ «Ընդհանուր պետություն» եւ նման այլ ձեւակերպումային փոփոխություններից զատ, կարո՞ղ եք պնդել, թե իշխանափոխության արդյունքում կարգավորման գործընթացում որակական, արմատական տեղաշարժ արձանագրվեց։

-Այո՛, արձանագրվեց եւ տարբերությունը ոչ միայն որակական է, այլ շատ հարցերում 180 աստիճանով շրջված։ Եվ «Ընդհանուր պետության» գաղափարը միայն ձեւակերպում չէ. սա դեռեւս ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՄԱԿ-ի մամուլի սրահում հայտարարած խաղաղության սկզբունքների իրականացումն է։

-Արամ Սարգսյանը բացահայտել էր այն, ինչի մասին Վարդան Օսկանյանը վերջերս խուսափեց պարզաբանումներ տալ, որ այդ «Ընդհանուր պետությունը» կոչվելու է Ադրբեջանի Հանրապետություն։

-Ես նույնպես կխուսափեմ պատասխանից, քանի որ այդ հարցը վերաբերում է բանակցությունների տեխնոլոգիային եւ մանրամասներին։ Միայն կասեմ, որ այն լուծումը, որին այժմ շատ մոտ ենք՝ նույնը չէ, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք էր։

Դուրս եկեք խողովակից, Շուրա՛

-Ղարաբաղի հարցի արդար լուծումից բացի, Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից էր, թե 2-3 տարում սոցիալ-տնտեսական դրական տեղաշարժերն ակնհայտ կլինեն։ Այդ ժամկետի կեսն արդեն անցել է եւ փոփոխությունները կարելի է միայն բացասաբար գնահատել։

-Թույլ տվեք չհամաձայնել ձեր վերջին պնդմանը։ Բայց կարելի է համաձայնել, որ փոփոխությունների՝ ժողովրդի ակնկալած արագությունն ու առկա իրականությունն իրար համահունչ չեն։ Նախընտրական խոստումներում, իհարկե, հիմնականն էին ժողովրդի բարեկեցության բարձրացումը եւ աշխատատեղերի ստեղծումը, եւ չեմ կարող ասել, թե այս ասպարեզում նկատելի տեղաշարժեր կան։ Բայց ներքաղաքական, արտաքին քաղաքական եւ աղետի գոտու վերաբերյալ խոստումների կատարման իմաստով տեղաշարժերն անզեն աչքով էլ են երեւում։

Իմ կարծիքով, այժմ ծանր, բայց բարենպաստ շրջան է արտադրության վերականգնման, նոր արտադրությունների ստեղծման վերաբերյալ Քոչարյանի նախընտրական խոստումների իրականացման համար։ Ձեւավորվել է մի կառավարություն, որը ղեկավարում է նախագահի դաշնակիցը եւ այն մեծամասնություն ունի ԱԺ-ում։

Տնտեսության վերաբերյալ գաղափարական տարբերություններ «Միասնության» եւ նախագահի միջեւ չկան։ Եվ հուսով եմ, որ այն քաղաքականությունը, որն այժմ տանում է կառավարությունը, բերելու է ձեր նշած խնդիրների լուծմանը։

-«Միասնության» եւ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրերի միջեւ էական տարբերություններ կան։

-ԱԺ-ում Վազգեն Սարգսյանի ներկայացրած ծրագրի եւ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական ծրագրի միջեւ էական տարբերություններ իսկապես չկան։

Բայց կարեւորը հետեւյալն է. ի վերջո պիտի հասկանանք, որ Հայաստանն իր առջեւ մի խնդիր ունի եւ մի ճանապարհ՝ սոցիալական, տնտեսական եւ այլ հիմնահարցերը լուծելու համար՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելն է։ Այն իրոք միակն է եւ սեփական, ազգային, Ալեքսանդր Աղամալյանի եւ այլ ճանապարհներ չկան։ Գուցե, պատկերավոր ասած, այդ ճանապարհը նեղ ու հեղձուցիչ մի խողովակ է, որի միջով ստիպված ենք անցնել։ Եթե դանդաղ գնանք՝ ավելի երկար ենք մնալու այս խողովակում, փորձենք կանգնել, կներեք, մեզ քացով կստիպեն առաջ գնալ, միակ ելքն այդ խողովակով արագ անցնելն է։ Այն երկրները, որոնք փորձել են դանդաղ անցնել կամ որոշել են, թե ժողովրդի համար ամենից լավը կառավարությանը ստիպելն է, որ սակագները սառեցնի՝ Հայաստանի կամ նույնիսկ ավելի վատ վիճակում են։ Այժմ մենք էլ, իհարկե, կարող ենք էներգետիկայի խնդիրները լուծելիս հայտարարել, թե սակագների բարձր լինելու եւ էներգետիկայի ողբալի վիճակի մեղավորը կարգապահության բացակայությունն է կամ, որ շատ են գողանում։ Այդ բոլորն, իհարկե, ճիշտ է, բայց պիտի ի վերջո հասկանանք, թե էներգետիկայի գլխավոր խնդիրն այն է, որ այն օպտիմալ ղեկավարվող համակարգ չէ։ Սա մի մոնստր է, որն ինքնասպանությամբ է զբաղված, եթե չփոխենք դրա կառավարումը եւ վերափոխումներ չարվեն՝ այդ մոնստրը կխժռի ոչ միայն ինքն իրեն, այլեւ ողջ հանրապետությունը։ Սա, իմ կարծիքով, մեր թիվ 1 խնդիրն է, քանի որ սրանով է պայմանավորված մեր ողջ տնտեսության ճակատագիրը։

Նման երկրորդ խնդիրը կրթությունն է։ Եթե մեր առջեւ հարց դնենք, թե այն պիտի ազգայի՞ն լինի, թե՞ ապազգային եւ այլն ու ընթացքում չնկատենք, թե ինչպես է ընդհանրապես վերանում կրթությունը 5 հազար դրամ ստացող եւ տոնավաճառներում առեւտուր անող ուսուցիչների «հզոր» բանակի միջոցով՝ մենք ուղղակի կկորցնենք կրթական համակարգը։ Եվ այդպես էլ չենք հասկանա՝ այն ազգայի՞ն էր, թե՞ ապազգային։

Երրորդ հիմնական խնդիրը առողջապահության բնագավառն է, որտեղ պետությունը միլիարդավոր դրամներ է անարդյունավետ ծախսում՝ ավազի վրա ջուր լցնելով։

Այս 3-4 խնդիրները լուծելով պիտի փորձենք խողովակից արագ դուրս գալ, այլապես մեզ չի փրկի եւ ոչ մի ներդրում։

-Այդ խնդիրները կարող էր թվարկել ցանկացած անցորդ, բայց տարիուկես առաջ իշխանության գալով պնդում էիք, թե գիտեք դրանց լուծումները։ Եվ Քոչարյանը խոստանում էր, թե ինչպես առատության եղջյուրից՝ մեր գլխին ներդրումներ են թափվելու, հակամենաշնորհային ինչ-ինչ քայլեր են ձեռնարկվելու եւ այլն։ Բայց գոնե վերջինի առումով ընդամենը մենաշնորհների նախկին տերերին փոխարինեցին նորերը։ Այնուամենայնիվ, այդ խողովակից դուրս գալու ձեւե՞րը չէիք պատկերացնում, թե՞ ուղղակի չկարողացաք այդ խնդիրները լուծել։

-Իմ ասածն ու ձեր հիշեցումներն իրար որեւէ կերպ չեն հատվում եւ չեն հակասում։ Ես չեմ ցանկանում որոշակի թվեր նշել, թե ներդրումներն առաջ եւ հիմա որքան են։ Այլ ուղղակի ընդգծում եմ. այդ ամբողջը որեւէ արդյունք չի տա, եթե զուգահեռ չլուծենք կառուցվածքային թվարկված խնդիրները եւ չփորձենք ապրել համաշխարհային տնտեսության օրենքներով։

Ուրվագծվող հակասությունների շուրջ պարզաբանումներ

-Իհարկե, Ալեքսանդր Աղամալյանին քննադատելու համար առանձնակի համարձակություն պետք չէ, իսկ տնտեսական զարգացման հասնելու սեփական ուղու մասին Վազգեն Սարգսյանն էլ է խոսում։ Եվ էներգետիկայի ոլորտում ձեր գծած պատկերը լիովին համընկնում է այն ամենին, ինչ այժմ Դավիթ Զադոյանն է անում՝ փորձելով գերկորուստների նվազեցման միջոցով կանխել սակագների բարձրացումը։ Այս առումով ձեր խոսքում կառավարության հասցեին քողարկված քննադատության երանգներ որսացի։

-Ուղիղ հակառակը։ Կառավարության հասցեին կարծես թաքնված հաճոյախոսություն կար։ Իմ ասածն ընդամենն այն էր, թե տնտեսական բնականոն եւ առողջ օրենքներն ունիվերսալ են եւ կապված չեն որեւէ երկրի քաղաքական գործիչների ցանկություններից։

-ԱԺ ընտրություններից հետո քաղաքական բոլոր դիտորդներն արձանագրում են, որ իշխանության նժարը նախագահից դեպի վարչապետն է թեքվել եւ ուժային նախարարությունների եւ արտաքին քաղաքական հարցերից զատ, նախագահը կարծես այլ խնդիրների չի միջամտում։

-Բոլորովին համամիտ չեմ եւ դա նույնիսկ տրամաբանական էլ չէ։ Եթե ընտրություններում հաղթած լինեին կոմունիստները՝ ձեր ասածը շատ մոտ կլիներ ճշմարտությանը։ Բայց այսօր հակադրություն չկա եւ, եթե ինչ-որ մեկը կարծում է, թե «Միասնությունը» նախագահին հակադիր ուժ է՝ ուրեմն տրամաբանական չէ Սարգսյանի ու Քոչարյանի միասին անցած ուղին եւ, ավելի մի պարզ բան մատնանշեմ՝ իմ ներկայությունը ՀՀԿ խորհրդում։

Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ում իշխանությունն է շատ՝ Հայաստանում այսօր, փառք Աստծո, բոլորն այնքան իշխանություն ունեն, ինչքան նախատեսված է Սահմանադրությամբ, որեւէ նախարար կամ պաշտոնյա չկա այսօր, որն իր քաշին չհամապատասխանող ազդեցություն ունենա։

-Դուք ասում եք այն, ինչ պիտի ասեիք ի պաշտոնե։ Իսկ այլոց տպավորությունն է, որ եթե առաջ չէիր հասկանում որտեղ է վերջանում վարչապետը եւ սկսվում նախագահը (Ահարոն Ադիբեկյանի բնորոշումն է), ապա այժմ Քոչարյանը բավական նահանջել ու միայն հետեւում է, թե ինչ կստացվի Վազգեն Սարգսյանի փորձերից։

-Նախագահը չի կարող մի կողմ քաշվել եւ կողմնակի դիտորդի դեր ստանձնել։ Նա սրտացավ է այս նոր կառավարության նկատմամբ։ Իսկ ձեր ասածը պետք է այլ՝ դրական կողմով դիտարկել, որ այսօր ավելի շատ վստահություն կա, թե վարչապետը ունի խնդիրներն ինքնուրույն լուծելու ուժ։ Նախկինում գուցե նախագահի միջամտության կարիքն ավելի էր զգացվում եւ սա նաեւ պայմանավորված էր նրանով, որ նախկին կառավարությունն ԱԺ-ում չուներ մեծամասնություն։ Այսօր դրա կարիքը չկա։ Եվ մանավանդ Վազգեն Սարգսյանի անցած ուղին եւ նրա քաղաքական ազդեցությունը նախագահին հնարավորություն են տալիս կառավարությանն ավելի ազատ դաշտում թողնել աշխատել։

-Աջակցության խոսքեր եւ հաճոյախոսություններ նախագահը ոչ միայն «Միասնության» հասցեին է ասել, այլեւ «Իրավունք եւ միաբանության»։ Իսկ վերջինիս մեկուսացումը, կներեք, թույլ է տալիս կասկածել ողջույնի խոսքերի անկեղծությանը։

-Իմ կարծիքով լուրջ չէ հավասարության նշան դնելն «Իրավունք եւ միաբանության» եւ «Միասնության» նկատմամբ նախագահի վերաբերմունքի միջեւ։ Եվ նման բան ինչ-որ չեմ հիշում։

Վերջում՝ դարձյալ Ղարաբաղի մասին

-Ղարաբաղում ներքաղաքական ճգնաժամը հետեւեց Հայաստանի ԱԺ ընտրություններում Սամվել Բաբայանի աջակցությունը վայելող դաշինքի հաջողությանը։ Փոխկապակցվա՞ծ էին արդյոք այս երկուսը։

-Իմ կարծիքով, այդ հաջողությունն ավելի շատ պայմանավորված էր Գեղամյանի՝ ինձ համար ոչ ընդունելի, բայց ժողովրդի մի մասի համար խարիզմատիկ կերպարով։ Ինձ համար ընդունելի չեն այդ տեսակ եւ այդ ճանապարհով ձայներ շահող քաղաքական գործիչները՝ լինի դա Գեղամյանը, թե Արշակ Սադոյանը։ Իսկ որ ԼՂՀ-ում օրինականորեն ընտրված նախագահի դիրքերի վերահաստատման գործընթացները դրանից հետո սկսվեցին՝ զուտ ժամանակագրական համընկնում էր։ Իսկ ճգնաժամը այսօր արդեն ներքաղաքական չէի անվանի, քանի որ ԼՂՀ նախագահը ոչ մի հակասություն չունի ոչ իր վարչապետի, ոչ էլ որեւէ նախարարի հետ։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031