Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԴԵՄԿՈԻՍ. ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Հուլիս 30,1999 00:00
demkus

«Առավոտն» արդեն անդրադարձել է Հայդեմկուսում առկա գործընթացներին, որ որոշակի արտահոսք է եղել կուսակցության ղեկավար շրջանակներից։ Այս հարցով այսօր զրույցի ենք հրավիրել ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին։

-Կուսակցությունից արտահոսք չի եղել։ Կարինե Դանիելյանն իր դիմումի համաձայն հեռացել է կուսակցության շարքերից, այն պատճառաբանությամբ, որ ընդհանրապես է քաղաքականությունից հեռանում։ Դա իր որոշումն է։ Ինչ վերաբերում է արժանավոր մտավորական Ազատ Եղիազարյանին, նա դեռեւս վերջնական որոշում չի ընդունել։ Մենք նույնպես քննարկել ենք խնդիրը։ Ազատ Եղիազարյանը տարաձայնություններ ունի անցյալ տարվա ընթացքում կուսակցության վարած քաղաքական գծի հետ։ Կուսակցություններում, սակայն, սովորաբար, մեծամասնության կարծիքը հաշվի առնվելով է քաղաքական գիծ որդեգրվում։ Սա կոնկրետ դեպքի վերաբերյալ։ Այլ մարդիկ կուսակցությունից չեն հեռացել, իսկ ինչ վերաբերում է կուսակցության նախագահի տեղակալներին, ապա այստեղ յուրաքանչյուրի դեպքում առանձին հարց գոյություն ունի։ Խոսքը գաղափարական տարաձայնությունների մասին չէ։ Կան կազմակերպական խնդիրներ, անձնական հարցեր, ընտանեկան պրոբլեմներ, եւ վերջապես՝ կա բնական սերնդափոխության բնական գործընթաց։ Կուսակցության առաջիկա համագումարը կարող է ղեկավարության լրիվ նոր կազմ ընտրել։ Ուստի ես որեւէ դրամատիկ իրողության մասին չէի խոսի։

Ազգային ժողովի ընտրություններից հետո կուսակցությունն իսկապես վերանայում է իր որոշ դիրքորոշումները, բայց ոչ գաղափարական մոտեցումները։ Բոլոր դեպքերում՝ ստիպված ենք հաշվի նստել այսօրվա իրողությունների հետ, եւ ինքնին հասկանալի է, որ որոշ չափով պետք է վերանայենք մեր գործելակերպը։

Չեմ թաքցնի՝ այսօր բանակցում ենք գաղափարներով մեզ մոտ կուսակցությունների հետ՝ ապագա համագործակցության վերաբերյալ։ Այլ խնդիր է, թե ի վերջո ինչպիսի տեսքով դա կձեւավորվի։ Սակայն դա նոր ուղղություն է մեր այսօրվա գործունեության մեջ։ ՀԴԿ-ի թվացյալ պասիվությունն ունի այն հիմքը, որ այսօր մենք աղմկելու կարիք ամենեւին էլ չունենք։ Հանրությանը պետք է ներկայանալ այն ժամանակ, երբ արդեն գործ է արված։ Ընտրություններից առաջ այնքան ակտիվ էինք, որ հիմա ժամանակ է պետք հասկանալու, թե ինչպես է ձեւավորվում այսօրվա քաղաքական դաշտը։ Մենք գիտակցաբար մտանք ստվերի տակ, տեսնելու՝ կա՞ն, արդյոք, քաղաքական նոր ուժեր, նոր դեմքեր, նոր հայտ ներկայացնող լիդերներ, որոնց հարկավոր է չխանգարել։ Ժամանակը ցույց տվեց, որ այդպիսիք չկան, կամ նոր-նոր են ուզում դրսեւորվել։

– Իսկ ձեր համագումարը ե՞րբ է նախատեսվում։

– Օրը դեռեւս ճշտված չէ, բայց ամենաուշը՝ սեպտեմբերին։

– Իսկ օրակարգային հարցերն ուրվագծվա՞ծ են արդեն։

– Այո։ Նախ ասեմ, որ դա մեր հերթական համագումարն է եւ կուսակցության ղեկավարությունը կատարած աշխատանքի մասին պետք է հաշվետու լինի։ Առանձին վերլուծությամբ համդես կգանք կուսակցության՝ ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կլինեն ղեկավար կազմի նոր ընտրություններ։ Հավանաբար կքննարկենք նաեւ ե՛ւ ծրագրային, ե՛ւ մարտավարական գործունեության հետ կապված դրույթներ։ Կուսակցությունը պետք է ավելի որոշակիացնի իր սոցիալական հենարանը եւ այդ զանգվածի նկատմամբ շատ ավելի հստակ քաղաքականություն վարի։ Վերջին մեկ տարվա ընթացքում կուսակցությունը բավականին մեծացել է։ Տեղերում մեր կառույցների ամրապնդման խնդիր ունենք։ Նոր կառույցներ են առաջացել։ Մեկ տարվա ընթացքում կուսակցությանն անդամագրվել է շուրջ 500 մարդ։ Այս համագումարը նախորդից կտարբերվի նրանով, որ պատվիրակներ կլինեն Հայաստանի նախկին գրեթե բոլոր շրջաններից։

– Հիմա քանի՞ անդամ ունեք։

– Վերահաշվառումը շարունակվում է, սակայն մեր տվյալներով, կուսակցությունն ունի 2500-2800 անդամ։ Մինչեւ համագումար հաշվառումը կավարտենք մինչեւ վերջ։

– Ինչպե՞ս եք գնահատում ձեր գործունեությունը նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում։ Ի՞նչ եք կոնկրետ կարողացել անել։

– Ես չէ, որ պետք է գնահատեմ իմ գործունեությունը։ Ինքս իմ աշխատանքից եւ նախագահի հետ համագործակցության այն մակարդակից, որպիսին գոյություն է ունեցել, բավարարված եմ։ Բավականին կարճ ժամանակում կարողացել ենք արտաքին քաղաքականության որոշակի ուղղություններ մշակել։ Չեմ կարող ավելի մասնավորեցնել, որովհետեւ դրա իրավունքը չունեմ։ Որոշակի քայլեր են արվել արտաքին տնտեսական քաղաքականության ոլորտում։ Մեր կարծիքով, Հայաստանը ոչ միայն արտաքին քաղաքականության ոլորտում պետք է գործունեություն ծավալի մեկուսացումից դուրս գալու համար, այլեւ՝ տնտեսական համագործակցության՝ արտաքին աշխարհի հետ։ Այս առումով լավագույն ծրագիրը ՏՐԱՍԵԿԱ-ն է, որը հնարավորություն է տալիս Հայաստանը մխրճել եվրոպական տնտեսական համակարգի մեջ։ Դա միակ ծրագիրն է, որը հնարավորություն է ընձեռում ցամաքային ճանապարհով, մեր միջոցով, Եվրոպան կապել Միջին Ասիայի եւ Պարսից ծոցի հետ։ Այս ուղղությունը զարգացման պրոցեսում է, ինչը, իմ կարծիքով, լավագույն աշխատանքներից մեկն է։

– Բա արտաքին քաղաքականության դոկտրինը, որի մասին շատ էր խոսվում, ի՞նչ եղավ։

– Ցավոք այն, ինչպես նաեւ ազգային անվտանգության հայեցակարգի մշակումը, կիսատ մնաց։ Կարծում եմ, որ դա կշարունակեն նրանք, ովքեր պատասխանատվություն կստանձնեն այդ ոլորտում։ Սակայն դա անհրաժեշտ է, առանց որի մենք չենք կարող կայուն եւ ռազմավարական գիծ ունենալ։

– Երբ դուք նախագահի պալատում էիք, պարոն Սարգսյան, ՀԴԿ-ն նույն սկզբունքայնությամբ չէր պնդում, որ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կոնֆերանս անցկացվի, ինչը Հայդեմկուսը Ժիրայր Լիպարիտյանի ժամանակ լրջորեն պահանջում էր։

– Դա ունի մեկ պարզ պատճառ. նախագահը համամիտ էր մեր գաղափարին, եւ հայտարարեց, որ այդպիսի համագումար հրավիրվելու է։ Դա այն էր, ինչին մենք ձգտում էինք։ Այլ հարց է, որ ընթացքում որոշ փոփոխություններ եղան՝ ընդլայնվեց օրակարգը եւ հիմա հրավիրվում է համահայկական համաժողով՝ նվիրված Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։ Օրակարգային հարցերից մեկն էլ Արցախին է վերաբերում։ Մեր կազմկոմիտեն հռչակված է իբրեւ աշխատանքային խումբ։ Պատրաստում ենք համապատասխան փաստաթղթերի նախագծեր, որոնք կներկայացնենք առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մշակվում է դիմում ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, խոշոր երկրների խորհրդարաններին, մշակվում է պատմաիրավական տեղեկանք, որով հիմնավորում ենք հիմնախնդրի լուծման մեր հայեցակարգը, եւ երրորդ՝ մատնանշվում է քաղաքական այն գիծը, որը Հայաստանն իբրեւ պետություն պետք է իրականացնի։ Մենք, ըստ էության, հասանք մեր նպատակին։ Տեր-Պետրոսյանի օրոք մենք չէինք պնդում, որ մեզ տրվի համաժողովը հրավիրելու մենաշնորհը։ Առաջարկում էինք, որպեսզի դա արվի պետության հետ միասին։ Առաջարկում էինք նաեւ՝ եթե պետությունը դա անել չի կարող, հնարավորություն ստեղծի, որպեսզի այդ գործը մենք կազմակերպենք։ Հիմա էլ, եթե այս համաժողովը չանի այն, ինչը մենք ենք պատկերացնում, ապա մեր կազմկոմիտեն կշարունակի գործունեությունը։

– Պարոն Սարգսյան, մամուլում հրապարակում եղավ, որ Ազգային ժողովի նիստից ընդամենը երկու օր առաջ հանդիպել եք Կարեն Դեմիրճյանին, ինչի՞ մասին եք խոսել։

– Ճիշտն ասած, ես ուշադրություն չեմ դարձրել, թե երբ է տեղի ունեցել իմ եւ Կարեն Դեմիրճյանի հանդիպումը։ Այն աշխատանքային բնույթ էր կրում, եւ ամենեւին էլ ինչ-որ իրադարձության նվիրված չէր։ Կարեն Դեմիրճյանի հետ վաղուց եմ ծանոթ եւ ժամանակին էլ համագործակցել ենք, ընդ որում՝ շատ լուրջ։ Տվյալ դեպքում խոսքը միջկուսացական հարաբերությունների մասին է եղել, որոնք կարող են զարգանալ, իսկ ընդհանրապես, բազմաթիվ խնդիրներ կան, որոնց շուրջ հարկավոր է մտքեր փոխանակել։

– Հիմա ՀԴԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ իշխանամետ կուսակցություն։

– Մեր սկզբունքային դիրքերից չենք հրաժարվել, չենք էլ հրաժարվի։ Անկախ այն բանից, ես նախագահի խորհրդական էի, թե՝ ոչ, միշտ էլ հանդես ենք եկել ելնելով մեր սոցիալական եւ տնտեսական սկզբունքներից։ Այստեղ, իհարկե, որոշակի հակասություն կար իմ պաշտոնավարության փաստի հետ, ինչի մասին հայտնի է բոլորին։

Ինչ վերաբերում է ապագային, ապա ընթացքը կյանքը ցույց կտա։ Եթե կառավարությունը կանի այն, ինչը մենք սկզբունքորեն ճիշտ ենք համարում, կպաշտպանենք այդ գիծը եւ կհամագործակցենք։ Հակառակ դեպքում՝ կքննադատենք։ Արմատական ընդդիմության այն դիրքերից, որ մենք հանդես էինք գալիս Տեր-Պետրոսյանի ռեժիմի օրոք, այսօր հանդես չենք գալիս։ Աստված չանի, իհարկե, որ նման անհրաժեշտություն առաջանա։ ՀԴԿ-ն ութ տարվա կուսակցություն է, շատ փորձություններով է անցել, ու այլեւս հնարավոր չէ, որ ինչ-որ խաղերի մեջ ներգրավվի՝ հակառակ իր սկզբունքների։ Մենք կլինենք այնտեղ, որտեղ մեր սկզբունքներն են պահանջում։

Զրույցը վարեց

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031